ՌԴ դեսպանը ներկայացրել է Մոսկվայի դիրքորոշումը Սյունիքով երթուղի բացելու հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որպես որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման կողմնակից։

«Союзники. ОДКБ» հրատարակությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Սյունիքի մարզով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղու ստեղծման մասին հարցին:

«2021 թվականին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված Եռակողմ աշխատանքային խումբը՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ, զբաղվել է հենց այդ հարցով: Աշխատանքային խումբն իրականացրել է ռիթմիկ աշխատանք և հասել զգալի արդյունքների: 2023 թվականի հունիսին խմբի 12-րդ նիստում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման շուրջ»,- ասել է Կոպիրկինը։

Ըստ դեսպանի՝ խմբին հաջողվել է գրեթե հասնել համապարփակ, հավասարակշռված համաձայնության, բայց հետո գործընթացը ոչ ՌԴ-ի մեղքով կանգ է առել։

««Հավաքական Արևմուտքի» ճնշման տակ Երևանը որոշել է սառեցնել եռակողմ համագործակցությունը նաև այս ուղղությամբ:

Մենք անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ վերսկսել եռակողմ աշխատանքային խմբի լիարժեք աշխատանքը՝ ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային և կապի համակարգը ապաշրջափակելու, այլև ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղություն և բարգավաճում հաստատելու համար» – եզրափակել է Կոպիրկինը:




Լրահոս