Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
2023 թ նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին շնորհվել է 2024 թ. հաջորդ՝ 8-րդ համաշխարհային համաժողովը անցկացնելու հերթափոխը։
Համաժողովը նախատեսվում է կազմակերպել սեպտեմբերի 11-13-ը։
Համաժողովին նախատեսվում է ՄԱԿ Զբոսաշրջության գլխավոր քարտուղարի և մոտ 10 ներկայացուցիչների, կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, գինու զբոսաշրջության ոլորտի մասնագետների, դոնոր կազմակերպությունների, միջազգային և տեղական խոսնակների ու բանախոսների, միջազգային և տեղական մամուլի ներկայացուցիչների, պետական, մասնավոր և այլ շահագրգիռ կողմերի մասնակցություն:
Ըստ հիմնավորման՝ համաժողովի կազմակերպումն էապես կնպաստի Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակում որպես գինու զբոսաշրջության ուղղություն դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը, առկա մարտահրավերներին, նոր զարգացումներին և միտումներին ծանոթանալուն: Կնպաստի նաև ՄԱԿ Զբոսաշրջության անդամ պետությունների հետ գինու զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված առկա ծրագրերի, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունների քննարկմանը, կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին ակտիվ մասնակցությանը, համատեղ նոր միջոցառումների կազմակերպմանը։