ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵՑԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ «ՔՐԵԱԿԱՆՆԵՐԻՆ»            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իջել են իրենց «բարձունքից» եւ գնացել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տուն ու օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպի գործով պարզաբանումներ պահանջել:

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում  քաշքշուկ էր եղել: Օգոստոսի 26-ին «Հրապարակ»-ը գրեց, որ Hayat Project-ի համերգի ժամանակ, որին ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ներկա է եղել նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյաները վիճաբանության մեջ են մտել այն բանի համար, որ պատվիրել են երգ՝ ԹՏՑ ՑՈՍՈÿ ՊՏսÿ ՉՏՐՏՉրՍՈÿ-ն, ու մարզպետը ընդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում։

Եվ ահա, իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել ոչ թե ծեծկռտուք:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են այս օրերին տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար:

ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է:

Հատկանշականն այն է, որ իրավապահները  «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյաները՝ ի դեմս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի եւ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի, կրկին մնացին անպատիժ. մարդիկ, որոնք պարտավոր էին հասարակական վայրերում պատշաճ վարքագիծ դրսեւորել:

Հիշեցնենք, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն ու այլ ՔՊ պաշտոնյաներ հայտնվել են աղմկահարույց միջադեպերի կիզակետում, սակայն միշտ ջրից չոր են դուրս եկել, իսկ հիմա էլ մարզպետն է մի երգի համար ռեստորանում կռիվ հրահրել ու շարունակում է մնալ անպատիժ, ավելին՝ իրավապահներն են նրան այցելում:

Իսկ ինչո՞վ է իրավիճակը տարբերվում նախկին «լիսկաների» ժամանակներից. Արագածոտնի մարզում «լիսկաները» գլուխ են  բարձրացրել ու իրավապահների տեսադաշտից դուրս են մնում մինչ օրս, փոխարենը քրեական աշխարհի ներկայացուցիչներն են առաջնահերթ ձերբակալվում:

«Ժողովուրդ» օրաթեթը այս իրավիճակի մասով փորձեց պարազբանումներ ստանալ մարզպետ Սերգեյ Մովսիսյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան, իսկ ահա Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի օգնականը վստահեցրեց, որ քաղաքապետը միջադեպի հետ կապ չունի:

 

 

 

 

Ովքեր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. ինչ ապօրինություններ են եղել

 

Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, հայտնվել էր միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Այս ընկերությունների իրական շահառուները կառուցապատողներ են կամ փոխկապակցված անձինք: Հիմա էլ նրանք փորձում են «տիրանալ» սարին՝ նախատեսելով Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում, որից հետո հարակից գյուղերը փոշու եւ ցեմենտի մեջ են հայտնվելու։ Տուժելու են գյուղատնտեսությամբ  հայտնի մի քանի գյուղեր՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի գյուղերը։ Վեդիում ցեմենտի նոր գործարան կառուցելու ու Կարմիր սարը որպես հանք շահագործելու լուրերը հանգիստ չեն տալիս հարակից գյուղերի բնակիչներին։ Դեռ հուլիս ամսին հասունացած այս աղմուկից հետո ընկերությունները չեն հասել իրենց ուզածին։ Այգեզարդ համայնքում փաստացի բնակվող բնակիչների մեծամասնությունը դեմ է հանքի հնարավոր շահագործմանը: Չնայած բնակավայրում երեք հանրային լսում է կազմակերպվել՝ շատերն այդ մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ դրա դեմ ստորագրահավաք է սկսվել: Հավաքվել է 2300 ստորագրություն։ «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը, ով դեմ է արտահայտվել այս որոշմանը, պնդում է, որ Կարմիր սարի տարածքում հանքարդյունաբերություն սկսելու նպատակով հանրային լսումները, փաստացի, կեղծվել են։

ՀԿ-ն պարզել էր, որ Կարմիր սարի վրա հանքարդյունահանում իրականացնելու նպատակով հայտ է ներկայացրել մի քանի ընկերություն, իսկ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ընկերությունն արդեն իսկ կազմակերպել է երեք հանրային լսում, Այգեզարդ համայնքի բնակիչները տեղեկացված չեն եղել լսումների մասին եւ չեն մասնակցել դրանց:

Բնապահպանները եւս նախօրեին ահազանգում էին եւ հիշեցնում, որ «Ընդերքի մասին» օրենքում նշված է. «որտեղ աճում կամ բնակվում են կարմիրգրքային տեսակներ, արգելվում է հանքարդյունաբերությունը»:

Իսկ ո՞վքեր են կանգնած վերը նշված ընկերությունների ետեւում, որոնք փորձում են «տիրանալ» հանքին. հանքի համար կռիվ տվողներից մեկը «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն է, որի 100% բաժնետերը ՀՀ նախկին հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ ) աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանն է։ Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն իրականացնում է Երեւանում գտնվող 14 եւ Արտաշատ քաղաքում գտնվող 1 նորակառույց բնակելի համալիրների կառուցապատման աշխատանքները։

Կառավարությունը 2024 թվականի ապրիլին հավանություն էր տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից «Ավան Թաուերս» բազմաբնակարանային համալիրը մոտ 1 000 հանրային ծառայողների համար կառուցելու։ Նմանատիպ մի ծրագրում էլ ներգրավված են հանքի համար պայքարող հաջորդ ընկերությունների սեփականատերերը՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի եւ «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի սեփականատեր Օրդուխանյանների ընտանքիը՝ Սամվել եւ Տիգրան Օրդուխանյանները։ Պարզ է դարձել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնը բացասական եզրակացություն է տվել «ՕՐԴ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին՝ Կարմիր սարի տարածքում կրային կավակրաքարերի հանքարդյունահանման վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի կենտրոնում՝ Աբովյան 22 հասցեին հարակից տարածքում շինարարություն իրականացնող ընկերությունը փոխկապակցված է Օրդուխանյանների հետ։

Շենքը հայտնի պատմություն ունի, քանի որ շինարարության պատճառով վտանգված են հարակից անհատական բնակելի տները, որոնցից մեկը պատկանում է Անդրանիկ Սարկավագին։ Ըստ Օրդուխանյանների եւ Երեւանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի միջեւ եղած պայմանավորվածության՝ 12 հարկանի բնակելի շենքի առաջին հարկը կառուցելուց հետո ընկերությունը այն պետք է նվիրեր համայնքին՝ որպես անվճար մանկապարտեզ։

Շինարարությունը բազում բողոքների արդյունքում դադարեցվել էր, ապա բուռն կերպով սկսվել Հայկ Մարությանի օրոք. նրա հեռանալուց հետո՝ շինարարությունն այս պահին դադարեցված է։

«ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ-ն եւս վերը նշված հանքին «տիրանալու» համար հերթի է կանգնել։ Ընկերության 100% բաժնետերը Լեւոն Ավետիսյանն է։

«Դիգընդիգ» ՍՊԸ-ի ներկայացրած ՇՄԱԳ նախնական հայտում նշված է, որ Այգեզարդը հնարավոր հանքավայրից հեռու է 2.7 կմ, մինչդեռ հարակից բնակավայրերը հանքավայրի տարածքին ավելի մոտ են։ Կրաքարային մերգելների հանքավայրը Նոր ուղի բնակավայրից հեռու է 2.1 կմ, Քաղցրաշենից՝ 2.45 կմ, Գինեվետից՝ 2.08 կմ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կարմիր սարի հանքի համար պայքարում է նաեւ նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Սեդրակյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մի շարք երիտասարդների պայքարի արդյունքում հնարավոր եղավ հասնել հաղթանակի. եւ Արարատի բնակիչները փրկեցին իրենց քաղաքացիներին մայրաքաղաքի խոշոր կառուցապատողների երախից, որոնք ցանկանում էին, որ ավազի, ցեմենտի, քարի եւ մյուս շինանյութերի արտադրությամբ, արդյունահանմամբ եւս զբաղվել, որ շենք կառուցելը ավելի եկամտաբեր լինի:

 

 

 

 

 

Օգոստոսի 20-ին «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային ակումբների խաղի ժամանակ մարզադաշտի հոսանքազրկման պատճառը, պարզվում է, իշխանականներին փոխկապակցված ընկերության կողմից մարզադաշտի կառուցումն է։ Այսինքն՝ իշխանության հետ ԽԾԲ-ի գործոնով կատարված գործարքները ոչ մի կերպ լավ ազդեցություն չեն ունենում։ «Հետք»-ը գրել էր. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) 2021 թ.-ին կազմակերպել է Աբովյանի մարզադաշտի նորոգումը։ Այն արժեցել է 783 միլիոն դրամ` 1.5 մլն դոլար, որը ֆինանսավորել է ՈՒԵՖԱ-ն։ Մարզադաշտը վերակառուցել եւ նորոգել է մի ընկերություն, որը կապվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իհարկե՝ ՀՖՖ նախագահի քավորությամբ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարզադաշտի վերանորոգման համար մրցույթին մասնակցել է եւս մեկ ընկերություն, որն առաջարկել է մարզադաշտը վերակառուցել 50 մլն դրամ էժան գնով։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ մարզադաշտի վերակառուցման մրցույթը հաղթելու գործում միջամտել է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: Մենք Արմեն Փաբուխչյանից փորձեցինք ճշտել, թե անուղղակի կերպով ի՞նչ աղերսներ ունի Աբովյանի մարզադաշտը վերանորոգող ընկերության հետ։

«Վերանորոգման համար հայտարարված մրցույթին ընկերություններից մեկը հաղթած ընկերության առաջարկած արժեքից 50 մլն դրամ էժան գնով է առաջարկել կառուցել, սակայն Ձեր հովանավորությամբ հաղթել է 783 միլիոն դրամ առաջարկած ընկերությունը», ի պատասխան՝ փոխաղաքապետը ասաց. «Առաջին անգամ եմ լսում այդ մասին, մյուս կողմից՝ կցանկանամ տեղեկանալ, թե դա ի՞նչ ընկերություն է, ո՞ւմ է այն պատկանում եւ ինչպե՞ս է հնարավոր այդ ամենը կապել իմ անձի հետ։ Բացարձակ տեղեկացված չեմ»,- պատասխանեց Փամբուխչյանը։

Նա թեեւ նրբորեն անտեղյակ է ձեւանում, սակայն իշխանության կողմից նման հարցերում ներգրավված լինելն արդեն սովորական է դարձել, երբ նշում են՝ կապ չունեն կառուցապատման հետ, սակայն ներգրավված անձը հորեղբայրն է կամ հորեղբորորդին, ընկերը կամ ընկերոջ հարեւանը:

 

 

 

 

 

 

2023 թվականի հունիսի 13-ին հայրենի իրավապահ համակարգը կասկածելի հանգամանքներում կոծկեց «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Շերեփ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպը. սակայն, օրերս աղմկահարույց բարեկամական ճաշը փարատեց բոլոր կասկածները:

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի անունից ճաշ էր մատուցվել՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար Կատարից ու ԱՄԷ-ից Հայաստան ժամանած հյուրերի համար: Ճաշկերույթին ներկա էին ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱՍՀ նախարաի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը եւ «նորօրյա օլիգարխ» Դավիթ Երեմյանը: Տեսանյութում ակնհայտ երեւում է, թե ինչպես է գործարարը փորձում առանձնահատուկ ջերմությամբ շփվել վարչապետի տիկնոջ հետ:

Այդ հանդիպման մեջ զավեշտալին այն է, որ բիզնեսմենը Գլխավոր դատախազի հետ ճաշի է մասնակցում՝ օգտվելով նրա անպատժելիության հովանավորությունից: Այդ կադրերից հետո վերհիշեցինք Դավիթ Երեմյանին պատկանող բիզնեսներին առնչվող աղմկահարույց դեպքերը:

2023 թվականի մայիսի 11-ին հրապարակվել էր, որ մայիսի 9-ին Երեւանի կենտրոնում հերթական անգամ կանխվել է մի խումբ անձանց միջեւ խուլիգանական դրդումներով հետագա ծեծկռտուքի միջադեպը։ Պարեկները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա, ձերբակալել եւ ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել մի խումբ անձանց։ Պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում վճարման հաշվի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցների եւ հաճախորդների միջեւ, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, եւ մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ։

Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվել նշված ռեստորանի տնօրեն, Երեւանի բնակիչ 35-ամյա Ստեփան Գալստյանը, Երեւանի բնակիչ 38-ամյա Ցոլակ Կարլսյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ 36-ամյա Սմբատ Ալիխանյանը, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Փանոսյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես մենեջեր, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արգիշտի Սիմոնյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես մենեջեր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարեկ Աբրոյանը, որը նշված ռեստորանի հյուրընկալն է եղել, Երեւանի բնակիչ 25-ամյա Սոկրատ Բոյաջյանը, որն աշխատում է նշված ռեստորանում՝ որպես պահեստապետ, եւ ոստիկանություն էր հրավիրվել նաեւ Երեւանի բնակիչ 35-ամյա Օֆելյա Ալիխանյանը։

Նույն դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրության արդյունքում՝ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չեն եղել։ Այսինքն՝ միջադեպը եղել է մայիսի 9-ին, դեպքի մասին լրատվամիջոցներին հայտնի է դարձել երկու օր անց, սակայն երկու օրվա ընթացքում իրավապահները պարզել են, որ հանցագործության դեպք չի գրանցվել։ Թե ինչպես է ստացվել, որ հանցանք չկա, այն դեպքում, երբ հաճախորդները դժգոհ են մնացել, աշխատակիցները վիճաբանել են, անհասկանալի մնաց: Հարց էր առաջանում՝ ինչո՞ւ նման «օպերատիվությամբ» քննիչները չեն քննում նմանօրինակ դեպքերը եւ կարճում, ինչպես Երեմյաններին պատկանող ռեստորանի միջադեպն էր, չեն տանում բերում աշխատակիցներին:

Թե ինչի դիմաց են քննչական գործունեություն ծավալողները փրկել Երեմյաններին այս միջադեպից, հիմա արդեն պարզ է: Գործարար Դավիթ Երեմյանը, իշխող ՔՊ-ի համար անցանկալի մարդ չէ, ավելին՝ Գլխավոր դատախազի հետ է նստում-վեր կենում. իսկ ինչ է սա, եթե ոչ կոռուպցիայի կոնկրետ դրսեւորում:

 




Լրահոս