ԼՂ-Ն ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՇԱՀԱԳՐԳԻՌ ԿՈՂՄՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություն դիմում է հղել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Գործող նախագահ Յան Բորգին։ Փաստաթղթում, որը կրճատ ներկայացնում ենք ձեզ, մասնավորապես, ասվում է.

 

«Ինչպես Ձեզ հայտնի է, Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ իր ժողովրդի դեմ  Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 4-ը 150 հազար հայ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ ստիպված է եղել թողնել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական մշակութային ժառանգությունը հազարամյակների պատմություն ունի։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, 10-ամսյա ամբողջական շրջափակման, էթնիկ զտման եւ այլ ցեղասպան գործողությունների արդյունքում բռնազավթված է։

Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly – Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation & Truth Hounds կազմակերպությունների փաստահավաք առաքելությունը հաստատել է, որ բավականաչափ ապացույցներ կան եզրահանգելու, որ ադրբեջանական իշխանությունների եւ զինվորականների գործողությունները, ինչպես նաեւ այլ արարքները, որոնք արձանագրվել են Առաքելության զեկույցում եւ հրապարակվել «Ինչու՞ հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանցագործություններ են համարվում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համաձայն, ներառյալ հոդված 7-ը/հանցագործություններ մարդկության դեմ/ եւ հոդված 8-ը/ռազմական հանցագործություններ/ եւ համապատասխանում են բնակչության արտաքսման եւ բռնի  տեղահանման բնորոշմանը։

Վերոհիշյալ հանցավոր գործողությունների իրագործումից հետո եւ ձեռք բերված արդյունքները ամրագրելու  նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ, միջազգային մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փորձերը։ Իր անօրեն մտադրություններին օրինականություն հաղորդելու համար ադրբեջանական կողմը ցինիկաբար Հայաստանից պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը եւ դրան հարակից կազմակերպության մյուս կառույցները լուծարելու խնդրանքով։ Միաժամանակ անտեսվում են հակամարտության ամենաշահագրգիռ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական իրավունքները։

Ադրբեջանի նախագահը արդեն  չորրորդ տարին է ինչ փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Ադրբեջանը միակողմանի կարգով «ռազմական-դիվանագիտական» ճանապարհով  լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, եւ այնպիսի հասկացություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, այլեւս գոյություն չունի…

…Միջազգային հանրությանն ուղղված Արցախի Հանրապետության քաղաքական եւ քաղաքացիական ուժերի 2023 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումի մեջ գնահատական է տրվել ստեղծված իրավիճակին եւ նշվել են հինգ անվիճարկելի պայմաններ՝ իր Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ  վերադարձի համար։ Վերահաստատում ենք, որ մենք մտադիր չենք հրաժարվել  մեր սկզբունքներից, համոզմունքներից եւ սեփական Հայրենիքի նկատմամբ մեր իրավունքներից ոչ ուժի, ոչ բնաջնջվելու սպառնալիքի դեմ, ոչ աքսորի մեջ, ոչ որեւէ այլ ֆիզիկական եւ քաղաքական հանգամանքներում…

…Մինսկի գործընթացի հենց սկզբից ՄԽ բոլոր անդամ-երկրների կողմից անտեսվել է առանցքային մի հանգամանք՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորության խախտումը։ Նման մոտեցումը Ադրբեջանի մոտ հիմնախնդրի  ռազմական լուծման տրամադրություններ է խթանել…

…Ադրբեջանի կողմից  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը խոչընդոտելու, առավել եւս, հակամարտության կողմերի վրա ուժային ճնշումը շարունակելու դեպքում անհրաժեշտ է միջազգային քաղաքականության զինանոցից գործադրել այլ միջոցներ, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցներ…

…Մեկ անգամ եւս ընդգծում ենք՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր միջազգային պարտավորությունները եւ, օգտագործելով իր ռազմական գերազանցությունը, հասել է նաեւ նրան, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը։ Այսպիսով, Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի, այդ թվում նաեւ ինքնորոշման իրավունքի  պաշտպանությունը միջազգային հանրության եւ, առաջին հերթին, ԵԱՀԿ խնդիրն է։

Հարգարժան պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեզ սույն դիմումը, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածել ԵԱՀԿ Մշտական խորհրդում», – նշված է փաստաթղթում:

 

 

 

ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ՝ ԱՐՑԱԽ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

«Այսօր կանգնած ենք կորստյան իրականության մեջ, ինչն ինձ համար որոշակիորեն մեղքի պատճառով տեղի ունեցած իրականություն է»: Այս մասին «ԼՂՀ անկախության հիմնախնդիրն իրավական եւ քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Փորձ է արվում ապագայից զրկել, բացառել պայքարի հնարավորությունը, վերացնել պայքարի բոլոր հիմքերը: Այդ աշխատանքին առավելապես լծված է ՀՀ, այսպես կոչված, իշխանությունն իր «գլխավորով»: Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնողը որեւէ կերպ չի անդրադառնում արցախցիների վերադարձի խնդրին եւ ընդհակառակը՝ արցախցիների վերադարձը համարում է անիրատեսական:

Սրանից ավելի կազմաքանդող, արցախահայության իրավունքների համար պայքարն ուղղակիորեն մեծ հարվածի տակ դնող էլ ի՞նչ կարող է լինել: Նույնիսկ Ադրբեջանն, ինչ-որ ձեւականությունների ներքո, դարձյալ խոսում է վերադարձի մասին եւ այն չի բացառում, իսկ այս աթոռը զբաղեցնողը խոսում է միայն նման ձեւակերպումներից հրաժարվելու մասին»,-ասաց նա:

Նա նաեւ անդրադարձավ երեկ (խմբ.) հրապարակված Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած կանոնակարգին:

«Այդ փաստաթուղթն այն տեսքով, որով հրապարակվել է, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այն, ինչ կատարվեց Տավուշում, որեւէ կապ եւ առնչություն չուներ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների հետ, դա հայրենիքի միակողմանի հանձնում էր: Տավուշում զիջումներն արվել են մինչեւ այդ կանոնակարգի ստորագրումը, որը վկայում է, որ սա հակասահմանադրական հանցանք է»,- հավելեց նա:

 

 

 

ՀՀ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԿՆՇՎԻ ՀԱՅՐԵՐԻ ՕՐԸ

ՀՀ-ում պաշտոնապես կնշվի Հայրերի օրը. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ օրվա ընտրության վերաբերյալ կարելի է խորհուրդ հարցնել ազգագրագետներին:

Հանձնաժողովը դրական եզակացություն է տվել օրենքի նախագծին:

 

 

ՔՆՆԱԴԱՏԵԼ Է՝ ՊՈՒՏԻՆԻՆ ՉՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ուկրաինայի իշխանությունները քննադատել են Մոնղոլիայի կառավարությանը՝ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի հետ։ Մասնավորապես, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գեորգի Տիխին ասել է, որ Մոնղոլիան օգնում է Պուտինին խուսափել արդարադատությունից, գրում է Bild թերթը:

«Մոնղոլիայի կառավարության կողմից Պուտինի նկատմամբ ՄՔԴ-ի պարտադիր ձերբակալման հրամանը չկատարելը ծանր հարված է Միջազգային քրեական դատարանին եւ միջազգային քրեական իրավունքի համակարգին: Մոնղոլիան թույլ տվեց մեղադրյալ հանցագործին փախչել արդարադատությունից՝ դրանով իսկ կիսելով նրա ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը:Մենք կհամագործակցենք գործընկերների հետ՝ երաշխավորելու, որ դա հետեւանքներ կունենա Ուլան Բատորի համար», – ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Վլադիմիր Պուտինը նախորդ գիշեր մեկնել էր Մոնղոլիա՝ մասնակցելու Ճապոնիայի դեմ խորհրդային եւ մոնղոլական զինված ուժերի հաղթանակի 85-ամյակի տոնակատարություններին։ Պուտինը վայրէջք է կատարել Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում։ Սա նրա առաջին ուղեւորությունն է 2023 թվականից ի վեր մի երկիր, որը ստորագրել է Հռոմի ստատուտը եւ ընդունում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը։ 2023 թվականի մարտին ՄՔԴ-ն Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սիրիայի եւ Թուրքիայի ԱԳՆ եւ ՊՆ ներկայացուցիչները ՌԴ-ի եւ Իրանի իրենց գործընկերների մասնակցությամբ կարող են բանակցությունների մեջ մտնել ամենամոտ ապագայում երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Այս մասին տեղեկացրել է արաբական դիվանագիտական աղբյուրը Al Watan թերթին։ Նրա տվյալներով՝ պատվիրակությունների բանակցությունները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի վերջին։ Աղբյուրը, սակայն, չի նշել դրանց անցկացման վայրի մասին։

Նրա տեղեկացմամբ՝ գալիք հանդիպման ժամանակ կքննարկվի Դամասկոսի եւ Անկարայի միջեւ համագործակցության մեխանիզմի մշակումը ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ սիրիական տարածքից օկուպացիոն թուրքական ուժերի դուրսբերման ժամանակացույցը։

Այս առնչությամբ Al Watan-ի աղբյուրը չի բացառել, որ բանակցությունների օրակարգում կարող է ներառվել Ադանայի 1998թ. համաձայնագրում ուղղումներ կատարելու հարցը, որը վերաբերում է երկկողմ փոխգործակցությանը սահմանների անվտանգության վերահսկման ապահովման համար։

 




Լրահոս