ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 2010-2017 թթ. ընկած ժամանակահատվածում Ա.Ա.-ի կողմից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական եւ ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Ա.Ա.-ն նշված ժամանակահատվածում հափշտակել է քաղաքացիների կողմից բնակարաններ եւ ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց նրա տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը հանձնված առանձնապես խոշոր չափերի գումարները, ինչպես նաեւ խարդախությամբ՝ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:
Բացի այդ, Ա.Ա.-ն, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով նպատակ ունենալով հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք, իր իրական մտադրության մասին լռելով եւ տուժողին մոլորության մեջ գցելով՝ 2010 թ. հոկտեմբերին քաղաքացու հետ կնքելով առուվաճառքի նախնական եւ նախավճարի խառը պայմանագիր, պարտավորվել է Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի 3 սենյականոց բնակարանը մասնակի հարդարմամբ մինչեւ 2012 թվականի մայիսի 1-ը հանձնել նրան, որի դիմաց 2010-2011թթ. վերջինիցս որպես կանխավճար ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար։ Սակայն տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝ քաղաքացուն դիտավորությամբ մոլորության մեջ գցելով, թե նշված բնակարանի նկատմամբ գրանցել է վերջինիս սեփականության իրավունքը, բայց նշվածի կապակցությամբ դիտավորությամբ որեւէ գործողություն չանելով, 2015թ. սեպտեմբերին հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել է 12.500.000 ՀՀ դրամին համարժեք՝ 34.000 ԱՄՆ դոլար գումար։
Ա.Ա.-ն, մոլորության մեջ գցելով մեկ այլ քաղաքացու, 2008թ. ապրիլին վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձեւական պայմանագիր եւ ձեռք է բերել Երեւան քաղաքի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 40/1 հասցեում գտնվող 17.1քմ մակերեսով օժանդակ շինության եւ 0,01216 հա մակերեսով հողամասի, Երեւան քաղաքի Արաբկիր համայնքի Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 40 հասցեում գտնվող 151.7քմ մակերեսով բնակելի տան եւ 0,01998հա մակերեսով հողամասի, ինչպես նաեւ՝ 0,00411հա մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը։ Դրա դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր 110.000.000 ՀՀ դրամ, սակայն վճարել է 67.440.000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42.560.000 ՀՀ դրամի փոխարեն խոստացել է հիշյալ տարածքների սեփականատիրոջը, սեփականության իրավունքով, տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետեւ, վստահությունն ամրապնդելու նպատակով, հիշյալ անձին դիտավորությամբ մոլորության մեջ գցելով՝ 2010 թվականի մարտին վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր եւ խոստացել, որ պայմանագրով սահմանված 2 բնակարանները կտրամադրի նրան: Սակայն հետագայում դիտավորությամբ որեւէ գործողություն չանելով, հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո, նշված բնակարանները վաճառել է այլ անձանց եւ այդ կերպ խարդախությամբ քաղաքացուց հափշտակել 42.560.000 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /յոթ դրվագ/ եւ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով/երկու դրվագ/:
Դատարանի որոշմամբ ավելի վաղ Ա.Ա.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել եւ վերջինիս նկատմամբ որպես այլընտրանքային համակցված խափանման միջոցներ են կիրառվել՝ տնային կալանքը, գրավը՝ 2.000.000 ՀՀ դրամի չափով եւ բացակայելու արգելքը:
ՔՆՆՎՈՒՄ Է ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ
Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատարանը վճռում է համայնքապետ Առուշ Առուշանյանի ճակատագիրը։
Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։
Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։
Դատական ակտը մտել է ուժի մեջ, բայց Առուշանյանը չի կատարում կետերից մեկը՝ հրաժարվել համայնքի ղեկավարի պետի պաշտոնից։ Ըստ դատավճռի՝ նա չի կարող 5 տարի պաշտոն զբաղեցնել։
Իր հերթին պրոբացիայի ծառայությունը դիմել է դատարան՝ Առուշ Առուշանյանի պատիժը ազատազրկմամբ փոխարինելու հայցով։
Գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի վարույթում է։
ՄԱՅՐԸ ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է 18-ԱՄՅԱ ԴՍՏԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում ուշագրավ դեպք է եղել։
Մայրը տանը դանակով հարվածել է դստերը. 18-ամյա աղջկան «Աբովյան» հիվանդանոց են տեղափոխել:
Իրավապահները պարզել են, որ 40-ամյա Ա.Ռ-ն գինովցած վիճակում Կաթնաղբյուր գյուղի 2-րդ փողոցի իրենց տանը խոհանոցային դանակով հարվածել է իր 18-ամյա աղջիկ երեխային՝ Մ.Ղ-ին:
Իրավապահները քննություն են իրականացնում դեպքով:
Ք.Մ.
ՀԵՂԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ «ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ ՊԵՏ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ:
2024թ. հունվարի 30-ից Հեղինե Մարտիրոսյանը «Աբովյան» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՎԹԱՐԻՑ
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:45-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 70,5-րդ կմ-ին բախվել է դիմացից ընթացող «Զիլ» բեռնատարի հետնամասին, ինչի հետեւանքով ուղեւորներից 10-ամյա Տինա Գ.-ն մահացել է տեղում, իսկ 3 ամսական Յուրի Գ.-ն՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Վարորդը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
ՄԵՐԺՈՒՄ
Արցախի Վանք գյուղից (Գանձասարից) բռնի տեղահանված Նարեկ Թեւոսյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ՝ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալ Ա.Բ.-ին հանձնուքի միջոցով թմրանյութ փոխանցել։ Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից:
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նշված բաժնի ծառայողները Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Ա.Բ.-ի անվամբ քաղաքացուհի Կ.Ս.-ի կողմից բերված հանձնուքը։
Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից երեքի մեջ ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված, թմրանյութի նմանվող զանգվածներ։
Քաղաքացուհի Կ.Ս.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից եւ հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։