Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարը եւ ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարը հայկական կոնյակի հետ կապված որեւէ խնդիր չեն բարձրաձայնել։ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների այն հրապարակմանը, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի եւ ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ։ Այդ երկու հեռախոսազրույցների ընթացքում տարբեր հարցեր ենք քննարկել, բայց մեր ռուսաստանցի գործընկերները կոնյակի սպիրտի մասին որեւէ բան չեն ասել։ Ինձ չի ասվել որեւէ խնդրի մասին»,-ընդգծեց Պապոյանը։
«Հայաստանից պետք է արտահանվի իրապես կոնյակ եւ կոնյակի սպիրտ։ Իմ օրակարգում այն շատ կարեւոր դերակատարում ունի։ Ես անելու եմ ամեն-ինչ, որպեսզի վստահ լինենք, որ Հայաստանից դուրս եկող սպիրտը բացարձակապես խաղողի հումք ունի։ Սա Հայաստանի բրենդի եւ հայկական կոնյակի բրենդի հարց է»,-ասաց Պապոյանը։
Հիշեցնենք, որ ՏԱՍՍ լրատվական գործակալությունը օգոստոսի 20-ին հայտնել էր, Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակների գրեթե 90%-ն անվտանգ չեն, իսկ արտադրանքի մոտ կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ: Ինչպես գրել էր ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի եւ Ռուսաստանի կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ:
Ուսումնասիրության համար ձեռք է բերվել հայկական 10 խոշորագույն արտադրողների ավելի քան 20 ապրանքային նշանի 200 նմուշ: Արտադրանքը ձեռք է բերվել Ռուսաստանի տարբեր առեւտրային ցանցերից եւ ուղարկվել է Գարեջրի, ոչ ալկոհոլային եւ գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա:
Թեստավորման արդյունքներով խախտումներ են հայտնաբերվել 177 նմուշներում, ինչը կազմում է ընդհանուրի 89%-ը: Արտադրանքի գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտ, ինչը հակասում է կոնյակի չափանիշներին։ Միայն 23 նմուշ է լիովինհամապատասխանել նորմերին եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը:
Այդ կապակցությամբ «Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն եւ Ռոսալկոգոլտաբակկոնտրոլ՝ Հայաստանից ներմուծվող կոնյակի նկատմամբ վերահսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ այն ներմուծվում է Վրաստանի տարածքով։ Նամակներում նշվում է նաեւ, որ Հայաստանից ներմուծվող կեղծված արտադրանքը ստեղծում է անբարեխիղճ մրցակցություն եւ գների դեմպինգ, ինչը դժվար կացության մեջ է դնում ռուսաստանցի արտադրողներին եւ շուկայից դուրս մղելու վտանգ սպառնում:
«Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի գլխավոր տնօրեն Քրիստինա Սկրիպնիկը նշել է, որ հետազոտության արդյունքները ցնցել են մասնագետներին: Պարզվել է, որ նույն ապրանքանիշի շշալցման նույն ամսաթվով նմուշները կարող են համապատասխանել նորմերին, այլ ամսաթվով նմուշները` պարունակել ոչ խաղողային ծագման սպիրտ։
Ավելի ուշ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի եւ Ռուսաստանի կոնյակ, սպիրտ եւ ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության արդյունքներին, որ Ռուսաստանից պաշտոնական նամակ չեն ստացել, չգիտեն՝ կոնյակի որ ապրանքանիշերի մասին է խոսքը:
ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՆ ՆՈՐ back-end ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ
Ուսումնական ծրագիրը նախատեսված է առնվազն երկու տարվա փորձ ունեցող ծրագրավորողների համար: Ուսանողները հնարավորություն կունենան յուրացնելու ժամանակակից լավագույն մեթոդաբանությունները եւ կատարելագործելու back-end ծրագրավորման հմտությունները, մասնակցելու համակարգչային խոշոր, մասշտաբային ճարտարապետությունների ստեղծմանը եւ ցանկացած բարդության խնդիրների լուծմանը: Engineering Deep Dive ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է անցյալ տարի:
Ուսուցումը հայերեն է, առկա տարբերակով՝ երեկոյան ժամերին, հոկտեմբերից դեկտեմբեր:
Ընդհանուր առմամբ, դասընթացն ունի 26 տեղ, ուսուցումն անվճար է (վճարում է Yandex Armenia-ն), բայց պետք է անցնել քննությունն ու հարցազրույցը: Անցյալ տարի կազմակերպիչներն ավելի քան 700 հայտ են ստացել։
«Շատ հաճելի է, որ նախագիծը հաջող ընթացք ունեցավ, եւ մենք հավաքագրում ենք ուսանողների արդեն հաջորդ կուրսի համար։ Ուրախալի է նաեւ, որ անցյալ տարվա շրջանավարտների մեծ մասն աղջիկներ էին, ինչը մեր երկրի համար հուսադրող ցուցանիշ է։ Եվ, իհարկե, այս կրթական ծրագիրը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չունենայինք Yandex Armenia-ի նման գործընկեր, որը գնահատում է կրթությունը եւ մշտապես իր ներդրումն է ունենում ՏՏ ոլորտի զարգացման գործում»,- ասում է ACA-ի համահիմնադիր եւ տնօրեն Նարեկ Ասլիկյանը։
Engineering Deep Dive ծրագրի թեմաներն են՝ ալգորիթմներն ու տվյալների կառուցվածքը, օբյեկտ կողմնորոշված վերլուծությունը, նախագծման օրինաչափությունները, կոդի վերաշակումը եւ այլն:
«Մեզ համար կարեւոր է աջակցել այնպիսի կրթական ծրագրերի, որոնք զարգացնում են մասնագետների թվային հմտությունները։ Միայն այդ հմտություններով է հնարավոր երկրում ձեւավորել համապատասխան միջավայր, որտեղ կզարգանա թվային տնտեսությունը։ Այլ կերպ ասած՝ մեր նպատակն է նմանօրինակ նախագծերի միջոցով նպաստել թվային տնտեսության զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք միշտ ուրախ ենք հրավիրել շրջանավարտներին մեզ մոտ աշխատանքի»,- ասում է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։