Հունիսի 3-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մեկնարկել էր «Գրքերի աշխարհում» խորագրով կրթամշակութային ամառային ճամբարը:
Գրադարանի ամառային ճամբարն իր շուրջն էր համախմբել հայ մանուկներին` աշխարհի տարբեր երկրներից: Մայրաքաղաքից ու մարզերից ժամանած 6-12 տարեկան երեխաներին միացել էին այս տարի Հայաստանում ամռան արձակուրդներն անցկացնելու եկած երեխաները` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Բուլղարիայից եւ Իսպանիայից: Ամռան երեք ամիսների ընթացքում գրադարանային ճամբարին են միացել շուրջ 90 երեխա, իսկ հաճախումների թիվը կազմել է շուրջ 500:
Նոր գիտելիքներ, նոր ընկերներ
Կրթամշակութային առօրյայով հագեցած եռամսյա ճամբարը հնարավորություն է տվել երեխաներին ամառային արձակուրդներն անցկացնել արդյունավետ, ուսուցանող, հետաքրքիր եւ ուրախ միջավայրում: Այստեղ երեխաները ձեռք են բերել նոր գիտելիքներ ու ընկերներ:
Գրքեր, քննարկումներ, լեզուների ուսուցում, էթիկայի դասեր
Ճամբարի ծրագրի հիմնական շեշտադրումը գիրքն ու ընթերցանությունն էր։ Զուգահեռաբար տեղի են ունեցել տարբեր գրքերի շուրջ քննարկումներ, որոնք միտված էին երեխաների վերլուծական, քննադատական մտքի զարգացմանն ու գրականության հանդեպ հետաքրքրության սերմանմանը: Երեխաները մասնակցել են նաեւ տարբեր դասընթացների ու միջոցառումների, ինտերակտիվ դասընթացների միջոցով զարգացրել են ռուսերենի եւ անգլերենի իմացության մակարդակը: Զարգացնող, ինտելեկտուալ խաղերի միջոցով մարզել են միտքը, ինչպես նաեւ սովորել էթիկայի կանոնները:
Աշխարհաճանաչողություն
Շրջապատող միջավայրը, աշխարհն առավել լավ ճանաչելու, հետաքրքիր եւ կարեւոր փաստեր իմանալու նպատակով` երեխաների համար անցկացվել են «Ես եւ շրջակա միջավայրը», «Աշխարհի շուրջ» թեմատիկ դասերը: Զրույցների միջոցով ընդլայնվել են երեխաների աշխարհայացքն ու մտահորիզոնը:
Հաղորդակցվել են արվեստի տարբեր ճյուղերին
«Արվեստի ժամ» դասի շրջանակում երեխաները զբաղվել են նկարչությամբ, երաժշտությամբ, թատերական արվեստով, ձեռագործությամբ, ասեղնագործությամբ, դիտել մուլտֆիլմեր, զարգացրել ստեղծագործական հմտությունները։ Հեքիաթապատման դասերի ընթացքում ճամբարականները հեքիաթներ են ընթերցել եւ ստեղծել դրանց պատկերազարդումները։ Նկարչության դասընթացների արդյունքում էլ ճամբարի մասնակիցները ստեղծել են հետաքրքիր աշխատանքներ: Նրանց ստեղծագործությունները ցուցադրվել են գրադարանի ցուցասրահում, այնուհետեւ համատեղ քննարկել են նկարչական աշխատանքների առանձնահատկություններն ու կիրառված տեխնիկաները։
Նախավարժանք, բակային խաղեր, շախմատ
Երեխաների համակողմանի զարգացման անհրաժեշտ պայմաններից է ֆիզիկական ակտիվությունը: Այս համատեքստում ամառային ճամբարի առօրյայի կարեւոր բաղադրիչներից էին նախավարժանքը, բակային աշխույժ, ուրախ խաղերը, հետաքրքիր եւ կենտրոնացում պահանջող շախմատի դասերը:
Այցելություններ մշակութային հաստատություններ
Ամառային ճամբարի ընթացքում երեխաներն այցելել են նաեւ մշակութային հաստատություններ, այդ թվում` Պատանի հանդիսատեսի թատրոն, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Գեղագիտական զարգացմանը զուգահեռ երեխաները ծանոթացել են նաեւ մշակութային հաստատություններ այցելելու վարքականոններին:
Ամառային հանգիստը` գրքերի աշխարհում
Հատկանշական է, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված ամառային ճամբարը երեխաների համար դարձել է եզակի հնարավորություն ամառն անցկացնելու գրքերի աշխարհում` հետաքրքիր, ուրախ, ուսուցանող, ստեղծագործական միջավայրում:
Հավելենք, որ դպրոցական՝ աշնանային եւ գարնանային, արձակուրդներին եւս նախատեսվում են անցկացնել «Գրքերի աշխարհում» խորագիրը կրող կրթամշակութային ճամբարներ:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան
ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է մշակութային նոր նախագիծ: Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն, որի շրջանակներում ելույթ կունենան հայաստանյան եւ արտերկրից հրավիրված անվանի երաժիշտներ, մենակատարներ եւ երաժշտախմբեր:
Թումանյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 17-ից 24-ը կայանալիք փառատոնի ընթացքում ելույթ կունենան Երեւանի քաղաքապետարանի «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբը, Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը եւ Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը:
Փառատոնային օրերին սիրով կսպասենք բոլորիդ՝ միասին վայելելու սիմֆոնիկ երաժշտության տոնախմբությունը:
ԳՐՔԻ 3-ՐԴ ՀԱՏՈՐԸ՝ 25 ԶԻՆՎՈՐԻ ՄԱՍԻՆ
Ժամանակակից Արվեստի թանգարանում սեպտեմբերի 1-ին կայացավ Մամիկոն Խուրշուդյանի հեղինակած «Հայրեններ 3» գրքի շնորհանդեսը, որին բազմաթիվ հյուրեր էին իրենց ներկայությամբ պատվել:
25 վիրավոր զինծառայողի մասին է գրել հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը, ով գիտի մեկ առ մեկ բոլոր զինվորների անցած դառը, բայց պատվաբեր ճանապարհի մասին: Կենդանի լեգենդները այնտեղ էին՝ տեսնելու եւ զգալու այն ջերմությունը, որ կար իրենց նկատմամբ:
Միջոցառման ժամանակ 3 մրցանակակիրներ պարգեւների արժանացան՝ «Հայրենների» կողքին լինելու համար.
Բժիշկ Ստյոպա Ասատրյանը
Մանկավարժ Վեներա Գյուլինյանը
Մանկավարժ Զեփյուռ Սարդարյանը
Մամիկոն Խուրշուդյանն իր խոսքում ասաց. «Մի տեսակ սառել ենք, անտարբեր ենք դարձել մեզ շրջապատող դժբախտությունների նկատմամբ: Բայց պատերազմը չի ավարտվել եւ դեռ չգիտենք, թե ինչ փորձություններ են մեզ սպասվում»:
Վիրավոր զինվորներն ողջունելու էին եկել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, «Ասալայի» հայտնի մարտիկ Վազեն Սիսիլյանը, ռեժիսիոր Աիդա Հովհաննիսյանը, Հերոսի մահով ընկած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը եւ էլի շատերը:
Օրը հիշարժան էր եւ… Շարունակելի:
«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՀԱՂԹԱՆԱԿՈՎ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ
Կատալոնական «Բարսելոնան» 2017/2018 մրցաշրջանից հետո առաջին անգամ չորս հաղթանակով է մեկնարկել Իսպանիայի Լա լիգայում, հայտնում է Opta-ն:
Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը հաղթել է «Վալենսիային» (2-1), «Աթլետիկին» (2-1), «Ռայո Վալյեկանոյին» (2-1) եւ «Վալյադոլիդին» (7-0):
«Բարսելոնան» նոր մրցաշրջանում Լա լիգայի միակ թիմն է, որը դեռ միավոր չի կորցրել: Իսպանիայի փոխչեմպիոնը 12 միավորով Լա լիգայի միանձնյա առաջատարն է:
ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԽԱՂԱՑԱՆԿՆ ԱԶԳԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ
Սեպտեբերյան հանդիպումներին ընդառաջ` ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի խաղացանկը Ազգերի լիգայի խաղարկությունում։
Հայաստան/Լատվիա – սեմպտեմբերի 7, ժամը՝ 20։00
Հյուսիսային Մակեդոնիա/Հայաստան – սեպտեմբերի 10, ժամը 22։45
Ֆարերյան կղզիներ/Հայաստան – հոկտեմբերի 10, ժամը՝ 22։45
Հայաստան/Հյուսիսային Մակեդոնիա – հոկտեմբերի 13, ժամը 20։00
Հայաստան/Ֆարերյան կղզիներ – նոյեմբեր 14, ժամը 21։00
Լատվիա/Հայաստան – նոյեմբերի 17, ժամը 18։00
Նշենք, որ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի խաղարկությունում ընդգրկված է C լիգայի C4 խմբում Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Լատվիայի հավաքականների հետ։
US Open
Աշխարհի առաջին ռակետ, իտալացի թենիսիստ Յաննիկ Սիները դուրս է եկել US Open 2024-ի քառորդ եզրափակիչ։ Չորրորդ շրջանի խաղում նա հաղթել է ամերիկացի Թոմի Փոլին (14-րդ համարը ATP-ի դասակարգման աղյուսակում)։
Հանդիպման վերջնական հաշիվը գրանցվել է 7:6 (7:3), 7:6 (7:5), 6:1: Այսպիսով, իտալացին դարձավ ընթացիկ մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։
US Open 2024-ի քառորդ եզրափակիչի զույգերը.
Յաննիկ Սիներ (Իտալիա) – Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)
Ջեք Դրեյփեր (Մեծ Բրիտանիա) – Ալեքս դե Մինաուր (Ավստրալիա)
Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) – Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա)
Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ)
Հիշեցնենք՝ տղամարդկանց մենախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 75 միլիոն դոլար: Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, որը նախորդ տարվա մրցաշարի եզրափակչում հաղթեց Դանիիլ Մեդվեդեւին։