ԳՆՈՒՄՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օգոստոսի 23-ին «Հենդլ» ՍՊԸ-ից գնել է 126 հազար դրամ արժողությամբ նարդի։

«Հենդլ» ՍՊԸ-ին պատկանող սրահը Բուզանդ փողոցում գտնվող «Վերնիսաժում» վաճառակետ ունի եւ վաճառում է ոչ այնքան մատչելի արժեք ունեցող շախմատ, նարդի, հուշանվերներ, ժամացույցներ եւ այս ամենը՝ փայտի փորագրությամբ։

Նարդիի ամենաէժան տարբերակը նշված խանութում 33 հազար դրամ է եւ աստիճանաբար թանկանում է՝ հասնելով մինչեւ 300-360 հազար դրամի։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ճշտել՝ արդյոք գնումը նախարարի՞ հրամանով է արվել, ո՞ւմ համար է գնվել, եւ եթե նվեր է, ապա ո՞ւմ են նվիրել։ Նախարարությունից պատրաստակամորեն պատասխանեցին մեր հարցերին՝ ասելով. «Հարցը եղել է նախարար Գեւորգ Պապոյանի տիրույթից դուրս, նա չի հանդիսացել նվիրատուն։

Գնումը կատարվել է ներկայացուցչական ծախսերի շրջանակում՝ նախարարի տեղակալի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան կատարած այցի ընթացքում նվիրելու համար։

Նախարարը նախապես չի տեղեկացվել նվերի արժեքից, իսկ տեղեկանալուց հետո՝ հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն, քանի որ բարձր արժեք ունեցող նվերներ հանձնելն անթույլատրելի է համարում։

Նշենք նաեւ, որ ծախսված գումարն արդեն իսկ վերադարձվել է պետբյուջե։

Կից ներկայացնում ենք նաեւ վճարման անդորրագիրրը», – հարցին ի պատասխան՝  նախարարությունից տրամադրել էին նաեւ վճարման անդորրագիրը։

Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, առանց նախարարին տեղյակ պահելու, թանկարժեք նվերներ է գնել պետբյուջեից հատկացված գումարով, ապա նախարարի ճնշումներից հետո՝ նվերի համապատասխան գումարը վերադարձրել է պետբյուջե։

Եվ այսքանով պատիժն ավարտվում է. սակայն «Ժողովուրդ» օրաթերթը  առաջիկայում  կբացահայտի, թե ով է նարդիի գնումը կատարած տեղակալը:

 

 

 

ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում, հրահանգներ է տալիս ԱԺ աշխատակազմին, որ ընդդիմադիր պատգամավորներին զրկեն գործուղումներից կամ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց։

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-18-ը ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը Վարշավա են գործուղվելու՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ աշխատակազմ՝ պարզելու, թե ինչու են պատվիրակությունների կազմում միայն իշխանական պատգամավորներն ընդգրկված լինում` հաշվի առնելով, որ բոլոր երեք խմբակցություններն էլ ունեն ներկայացուցիչ ՆԱՏՕ-ում՝ որպես պատվիրակության հիմնական անդամներ. ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չկան պատվիրակությունների կազմում։ Մեր հարցմանն ԱԺ-ից տվել են հետեւյալ պատասխանը.

«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերին ընդառաջ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մշտապես հրավիրում է աշխատանքային քննարկումներ։ Ինչպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, այնպես էլ նրան փոխարինող Ասպրամ Կրպեյանը չեն մասնակցել այդ քննարկումներին։

Հավելենք նաեւ, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանից առաջ գրավոր տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին, որ Ասպրամ Կրպեյանը մերժել է մասնակցել կառույցի վերաբերյալ քննարկումներին, ինչով պայմանավորված էլ նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԽՎ աշխատանքներին նպատակահարմար չէ»։

Այսինքն, ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ աշխատակազմին հրահանգներ է տալիս, ինչի հետեւանքով ընդդիմադիրները զրկվում են ԱԺ պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց։

 

 

 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործով անցնող 3 մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ մեղադրյալների կալանքը երկարաձգելու համար, ինչն էլ դատարանը բավարարել է։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։ Տեղեկացնենք, որ գործը ավարտական փուլում է, ու առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի, այն կուղարկվի դատարան։ Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 զինված քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով: Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած եւ վիրավորում ստացած անձանցից մեկը Արթուր Մովսիսյանն էր, որի որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Մյուս կալանավորվածը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա ավելի ուշ դեպքի վայր եկավ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մարտական խումբը եւ վնասազերծեց Հովակիմյանին։ Նշենք, որ Հովակիմյանը, մինչեւ նռնակով ոստիկանության Նոր Նորքի բաժին գնալը, սոցիալական ցանցով ուղիղ եթեր էր արել եւ հորդորել ազատ արձակել «Մարտական եղբայրության» 49 անդամներին, որոնք Ոսկեպար գնացել էին՝ հայրենիքի խնդիրներով մտահոգված։ Վերջինս ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ բանակցությունների ժամանակ պնդում էր, որ ոստիկանությունը չենթարկվի Նիկոլ Փաշինյանի պահանջներին։

 

 

 

 

Աջ ու ձախ ֆինանսական կարգապահության դասեր տվող Նիկոլ Փաշինյանի կառավարության ենթակայությամբ գործող «Հայփոստ ՓԲԸ»-ն չի վճարում Մեղրի համայնքի աղբահանության մասով կուտակված պարտքը։ Բանը հասել է նրան, որ սահմանամերձ համայնքը դատարանի միջոցով է փորձում ստանալ իր պարտքի հասանելիք գումարը։ Այդ նպատակով  հարուցվել է վարչական վարույթ, որի մասին այսօր ծանուցվել է ՔՊ-ականների հուսալի օրրան «Հայփոստ»-ը, որտեղ իշխանական պատգամավորի կնոջ աշխատավարձը տարեցտարի ավելանում է` 2021 թվականին դառնալով  6.8 միլիոն, 2022 թվականին՝ 9.5 միլիոն, 2023 թվականին՝ 10.5 միլիոն դրամ։ Կոռուպցիան սա՜ է, պարո՛ն Փաշինյան՝ Ձեր ղեկավարման դարաշրջանը։ Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, ընդամենը «Հայփոստ»-ի ֆիլատելիայի բաժնի ղեկավարն է, որը հասարակ հաստիք է այդքան բարձր աշխատավարձի համար:




Լրահոս