«Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը Արցախի անկախության օրվա կապակցությամբ կազմակերպել էր «ԼՂՀ անկախության հիմնախնդիրն իրավական եւ քաղաքական հարթություններում» անունը կրող համաժողով, որին ներկա էին քաղաքական ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, փորձագետներ:
«Ժողովուրդ» օրաթերթը համաժողովի շրջանակում զրուցել է փորձագետ, հասարակական գործիչ Աբրահամ Գասպարյանի հետ։
-Պարո՛ն Գասպարյան, Ձեր ֆեյսբուքյան էջում հայտնել եք, որ Երեւանի պետական համալսարանը ազատել է Ձեզ աշխատանքից: Կխնդրենք ներկայացնել, թե ինչ պատճառաբանությամբ են այդ քայլին գնացել:
-Ես իմ ֆեյսբուքյան հանրագրում շատ լակոնիկ եւ կոռեկտության սահմանները պահելով՝ ներկայացրել եմ հրամանը, որը ստացել եմ պետհամալսարանի ռեկտորի ստորագրությամբ, այն հղում է կատարում աշխատանքային օրենսգրքին եւ համալսարանի օրենսդրության համապատասխան կետին, որի համաձայն՝ «ռեկտորը հնարավորություն ունի ազատել աշխատանքից, կամ պայմանագիր չկնքել իքս աշխատակցի հետ»:
Ծայրից ծայր թյուրիմացություն է, քանի որ ես, նախ, հաստիքային աշխատող եմ եղել համալսարանում, երկրորդ՝ նրանք տարիներ շարունակ սեւեռված են եղել քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների վրա, երրորդ՝ անցկացրել եմ տասնհինգ տարվա գիտամանկավարժական գործունեություն՝ գիտական հոդվածներից մինչեւ ուսանողների կողմից ամենաբարձր գնահատականներ: Կա էլեկտրոնային համակարգ, որտեղ կարելի է ամեն բան տեսնել: Այս հարցում միակը չեմ, իմ ընկերներին նույնպես նույն պատճառաբանություններով են հեռացրել՝ իբր «առարկայի դուրսբերմամբ» ծրագրից: Բայց կան առարկաներ, որոնք հիմնարար են, առանցքային են ուսանողի համար, երբ հաճախում է համալսարան, ինչպես, օրինակ, քաղաքագիտության հիմունքները՝ միջազգային հարաբերություններում, կամ ազգային անվտանգության հայեցակարգերի համեմատական վերլուծություն, կոնֆլիկտ եւ պրոպագանդայի ազդեցություն եւ այլն: Սրանք այն հիմնարար առարկաներն են, որոնք մենք դասավանդում էինք, սակայն ժամանակի ընթացքում բոլորը կա՛մ կրճատվեցին կա՛մ հանվեցին այն պատճառաբանությամբ, թե նպատակահարմար չեն տեսնում նման դասընթացի առկայությունը: Ծայրից ծայր «նոնսենս» է եւ հիմնավորումը, թե առարկաների միջեւ կրկնություն կա: Մի խեղկատակ լրատվամիջոց կա այս ոհմակին ծառայող, որ, իբրեւ թե, դեկանատից, հավանաբար՝ ՔՊ-ական փոխդեկանից, վերցրել է մատյանը, որտեղ իմ ստորագրությունները չկան, եւ հրապարակել: Թույլ տվեք նշել, որ դա մագիստրոսական յոթ հոգանոց կուրս է եղել, որից դասերին եկել է միայն երեք հոգի եւ չուներ ավագ: Փետրվար եւ մարտ ամիսների ստորագրությունների բացակայությունը ներկայացրել են որպես իմ բացակայություն: Աբրահամ Գասպարյանը մինչեւ ապրիլի 23-ը գնացել է դասի. եթե դա է հիմքը, ապա թող ներկայացնեն, հակառակ դեպքում՝ ցանկացած քայլ, որ անում են, ներկայացվում է ազատ խոսքի սահմանափակման եւ բռնաճնշումների համատեքստում:
– Ամսի 2-ին Արցախի անկախության օրն էր, որի ընթացքում ոչ մի պետական միջոցառում չեղավ եւ ոչ մի պետական պաշտոնյա ուղերձով հանդես չեկավ. ո՞րն է պատճառը:
-Պետական մտածողությունից ինստիտուցիոնալ մակարդակով դուրս են մղել Արցախը: Արցախ բառը լսում են այս իշխանությունները՝ սրթսրթում են: Արցախը իրենց համար թշնամանք է: ՀՀ անկախության լոկոմոտիվը Արցախի անկախությունն էր, սակայն դա չի հիշվում, փոխարենը՝ հեծանիվ, գնանք դպրոց եւ այլն: Ի՞նչ է նշանակում՝ «Կիրանցում երբեք այսքան ապահով չի եղել»: Անցած վեց տարվա քաղաքական կուրսին պաշտոնապես հակառակ՝ բազմաթիվ հայտարարություններ է արել Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ընթացքում: Ի՞նչ կարելի է ակնկալել մի մարդուց, ով օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի օրը, ստատուսով գրում է՝ կարդացե՛ք իմ գրած ոտանավորը: Սա պետության ղեկավարի պահվա՞ծք է:
Այն պահվածքն ու գործելաոճը, որ նա այսօր ունի՝ Արցախի սիմվոլիստիկային, դրոշին, ամեն ինչին դեմ, չի կարող թույլ տալ Արցախի հարցի բարձրաձայնում: Որտեղ Արցախի դրոշ կա՝ նա այնպիսի քայլերի կդիմի, ինչպիսի քայլերի որ կդիմեին Ադրբեջանը կամ Թուրքիան:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Երեք տարի անց հաստատվեց եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությամբ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ կառավարության աշնանային առաջին նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատման է ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծը։
Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համաձայն՝ Հայաստանի Սահմանադրության համապատասխանությունը որոշելու նպատակով պետք է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ պետք է նշանակվի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում, որով Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ եւ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով:
2022թ. ապրիլի 6-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են մինչեւ 2022թ. ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով, որին վերապահված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու լիազորություն։
2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991թ. Ալմաթիի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար:
Իսկ ինչ է ենթադրում Հռչակագրի այս կետը. չնայած Ադրբեջանի պնդումներին՝ ԱՊՀ պետություններն իրականում ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով չեն ընդունել խորհրդային սահմանների շարունակականությունը։ ԱՊՀ հիմնադիր փաստաթուղթը եւ Ալմաթիի հռչակագիրը խոսում են տարածքային ամբողջականության եւ տարածքների անքակտելիության մասին, որոնք բոլորովին այլ երեւույթ են։
Համաձայնագրի 5-րդ հոդվածում, մասնավորապես, ամրագրված է հետեւյալը. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը:
ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրետա Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Գրետա Նորիկի Մնացականյանին 2024 թվականի սեպտեմբերի 3-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման եւ մշտադիտարկման վարչության ծրագրերի մշտադիտարկման բաժնի պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ28-23.2-Ղ3-4) պաշտոնից», – ասված է որոշման մեջ։
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Կառավարությունը սեպտեմբերի 5-ին հաստատվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որից հետո փաստաթուղթը ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Հարցին՝ արդյոք Ադրբեջանը սկսե՞լ է կանոնակարգի հաստատման գործընթացը՝ Մինասյանը պատասխանեց.
«Ճիշտ կլինի, որ այս մասով սահմանափակվենք այն հայտարարություններով, որոնք ունենք։ Կա կանոնակարգ, որը առաջիկա հինգշաբթի օրը որպես միջազգային պայմանագրի նախագիծ հաստատվելու է կառավարության կողմից եւ ուղարկվելու է Սահմանադրական դատարան։ Կարծում եմ՝ կոնսենսուսային եւ որակյալ փաստաթուղթ է եւ ԵԱՀԿ-ի ուղեցույցին համապատասխան»։
ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ
ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի հետ բանակցություններից։ Անդրադառնալով Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը պատվիրակելու թեմային եւ հարցին՝ Ադրբեջանո՞ւմ էլ պետք է համապատասխան ընկերություն լինի, նա ասել է՝ այո։
Իսկ թե ի՞նչ ազգի ներկայացուցիչներ պետք է լինեն մասնավոր պահնորդական ընկերության ներկայացուցիչները, նա ասել է. «Հավելյալ տեղեկություն չկա»։ Ըստ նրա՝ ընդամենը խոսվել է դրա հնարավորության մասին։
Հարցին՝ արդյոք ինքնիշխանության սկզբունքը դրանով չի՞ խախտվում, նա նշել է՝ ոչ, իհարկե։ Մնացածը կախված է մանրամասներից։ Ընկերությունը կարող է սպասարկել»։
Ըստ նրա՝ այնտեղ կանգնած կլինեն նաեւ հայ սահմանապահներն ու մաքսավորները։