Սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում քննվում էր Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ազատազրկելու՝ պրոբացիայի ծառայության պահանջը, սակայն նիստը հետաձգվել է եւ տեղափոխվել սեպտեմբերի 10-ին։ Հաջորդ դատական նիստին դատարանը լսելու է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին, քանի որ այդ օրը որոշում կայացնելու վերջնաժամկետն է։
Բայց նախ հիշեցնենք, թե ինչպես է ամեն բան սկսվել։
Առուշ Առուշանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, ինչպես նաեւ դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելու մեջ։
Դեռ 2021 թվականի հուլիսի 16-ին, երբ Առուշանյանը երբեմնի ընդդիմադիր էր՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Գորիս համայնքի ղեկավար Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Առուշանյանին կալանավորելու պատճառը հանդիսացել է 2021 թվականին հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ ուղղակի դիտավորությամբ նախապատրաստած ծանր հանցագործությունը՝ ընտրություններին մասնակցելու եւ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը. սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել: Բացի այդ, փաստական տվյալներ էին ձեռք բերվել նաեւ այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել էր նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու գործողություններ, ինչպես նաեւ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրող գործողություններ:
Նշենք, որ Առուշանյանի կալանավորումը շատերը կապում էին ընդդիմադիր դիրքորոշում ունենալու հետ, սակայն վերջերս էլ նկատում են, որ երբեմնի «ընդդիմադիրի» տեսակետներում կարծես բան է փոխվել, քանի որ, առաջվա համեմատ, մեղմ է արտահայտվում իշխանության մասին։
Հավելենք, որ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում Առուշանյանն անդրադարձել է իր հրաժարական տալուն, Սյունիքի մարզպետի հետ իր մտերմությանը եւ ասել է, որ հրաժարական տալ չի պատրաստվում՝ իրեն ժողովուրդն է ընտրել, քանի որ, երբ կալանքի տակ է եղել, ժողովուրդը մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել նրան, իսկ Սյունիքի մարզպետի հետ մտերմությունը եղել է մինչ մարզպետ դառնալը, եւ նա միշտ էլ իր ընկերն է լինելու։ Վերջում էլ հավելել է, որ Սյունիքի մարզպետին այս ողջ պրոցեսների մեջ կապելը ուղղակի կոռեկտ չէ։
Հետաքրքրականն այն է, որ, իրոք, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայտարարությունները մեղմվել են, կամ էլ վերջինս ուղղակի զգուշավոր է՝ իշխանությունների կողմից չկալանավորվելու նպատակով:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԻՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔ ՈՒՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՔԿՀ ՊԵՏԸ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով՝ Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ:
Նա, մինչ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոն զբաղեցնելը, 2003-2004 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալ-հոգեբանական վերականգնման խմբի առաջատար մասնագետ, որից հետո՝ 2004-2007թթ. ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների խմբի առաջատար մասնագետ, արդեն 2007-2017 թվականներին՝ ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների խմբի ղեկավար։
Իսկ արդեն 2017-ից մինչեւ 2024 թվականները ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ է եղել։
Հեղինե Մարտիրոսյանն իր անշարժ գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մարտի 16-ին։
Նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է Երեւանի կենտրոնում բնակարան՝ բազմաբնակարան շենքում, բաժնային սեփականության իրավունքով։
Տվյալ անշարժ գույքը հաշվետու տարվա վերջում պահպանվել է։
Մարտիրոսյանի կանխիկ դրամը հաշվետու տարվա սկզբում կազմել է 5 մլն 700 հազար, ինչը տարվա վերջում դարձել է 7 մլն 600 հազար դրամ։
Նրա հաշվետու տարվա եկամուտը կազմել է 6 մլն 583 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրության գումարն է։
Հիշեցնենք, որ 2024 թ. հունվարի 30-ից Հեղինե Մարտիրոսյանը «Աբովյան» ՔԿՀ պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ԷՔՍՊՈՆԵՐ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության աշնանային առաջին նիստին հաստատման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ զբոսաշրջություն) միջեւ ՄԱԿ զբոսաշրջության գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովը նախատեսվում է կազմակերպել 2024 թվականի սեպտեմբերի 11-13-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունն անցած ամիս 8 մլն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել հնդկական ընկերության հետ։ Պայմանագրի նպատակը Հնդկաստանի Հանրապետության Նյու-Դելի քաղաքում կայանալիք World food India 2024 միջազգային ցուցահանդեսին մասնակցելն է։
Միջոցառումը կազմակերպվում է Հնդկաստանի սննդի վերամշակման արդյունաբերության նախարարության կողմից եւ տեւելու է սեպտեմբերի 19-22-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը նույն աղբյուրներից տեղեկացավ, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Էկոնոմիկայի նախարարությունը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք Foodex Saudi-2024 սննդի եւ ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար արաբական ընկերության հետ կնքել է 21 մլն 542 հազար դրամ արժողությամբ պայմանագիր։
Պայմանագրերով հիմնականում ձեռք են բերվել տեղում օգտագործվելիք անհրաժեշտ իրեր՝ սեղան, աթոռ, սուրճի մեքենա, ջրի տարաներ եւ այլն։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՄՆ-Ն ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՂԱՐԿԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ վարչակազմը մտադիր է առաջիկա շաբաթներին նոր ռազմական օգնություն ուղարկել Ուկրաինային։ Այս մասին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ինչպես նախագահ Ջո Բայդենը հստակ ասել է, մեր աջակցությունն Ուկրաինային մնում է անսասան, եւ մենք կշարունակենք կենտրոնանալ նրանց ռազմական եւ հակաօդային պաշտպանության ամրապնդման վրա: Ինչպես տեսաք, ընդամենը 10 օր առաջ, մենք հայտարարեցինք ռազմական օգնության եւս մեկ փաթեթի մասին, եւ նույնիսկ ավելին կտրամադրվի առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է պատրաստվում Վաշինգտոնը լրացուցիչ ուղարկել Կիեւ։
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԲՐԻԿՍ-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Այս մասին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Այո, մասնակցելու է», – ասել է Սաֆարյանը՝ պատասխանելով գագաթնաժողովին Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին։
ՀԱՊԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Երեւանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, սակայն ներկայում Հայաստանի ղեկավարությունը փաստացի հետեւում է այս փոխգործակցությունից հեռանալու գծին, ինչը հակասում է հայ ժողովրդի շահերին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ մեր համագործակցությունը լիարժեք կվերականգնվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Վերջերս նրանք հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանի տարածքը, հետո սկսեցին հայտարարել, որ սառեցված են այս կազմակերպության ներսում… Հասկանում եք, ամեն բառի, արտահայտության հետեւում պետք է լինի ոչ միայն իմաստ, որը չափազանց կարեւոր է, եթե այն ասվում է պաշտոնյայի կողմից, այլեւ պետք է լինի պատասխանատվություն ոչ միայն ասվածի, այլ նաեւ հետեւանքների համար: Ինձ թվում է՝ բառերի հետ խաղալը, այսպես ասած, ոչ մի լավ բանի չի բերի։ Հատկապես հաշվի առնելով, որ տարածաշրջանն արդեն անցել է բազմաթիվ փորձությունների միջով», – ասել է Զախարովան։