ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է, որ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում փոփոխություններով առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը փոխարինել «հավաքական» բառով:
Այն մարզաձեւերի շարքին, որոնց ուղղությամբ պետության կողմից տարբեր միջազգային մրցաշարերում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, նրանց մարզիչներին ու բժիշկներին տրվում է դրամական պարգեւներ, առաջարկվում է ավելացնել կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ մարզաձեւերը: Ընդ որում, Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը համագործակցում է այն ֆեդերացիաների հետ, որոնք հանդիսանում են տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի անդամ եւ ունեն համապատասխան արտոնագիր:
Առաջարկվում է նաեւ սահմանել մարզաառողջարարական՝ ֆիթնես դահլիճներին ու մարզիչներին, լողավազաններին ներկայացվող չափորոշիչները սահմանելու վերաբերյալ դեպքերը:
Օրենքի 9-րդ հոդվածում, որտեղ սահմանված են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները, առաջարկվում է ավելացնել երեք նոր կետ՝ մարզական ենթակառուցվածքների կառավարման ուղղությամբ մասնավոր ոլորտի հետ համագործակցության, ինչպես նաեւ մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների, անկախ սեփականության ձեւից, մարզիչների արտոնագրման եւ վերջինիս կարգը սահմանելու մասին:
Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ օրենքի նախագծում առաջարկվում է կատարել նաեւ հետեւյալ լրացումը. «Մարզերում մասնավոր կամ մասնավորի կողմից շահագործվող մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների ու լողավազանների գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել եւ սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում՝ ստանալ ֆինանսավորում պետության միջոցներից՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն»:
Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամիսներ շարունակ մասնավորի հետ քննարկում է մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների կառուցման հարցը: Բանակցությունների արդյունքում կենտրոններից մեկի հետ մոտ ժամանակներս հուշագիր կկնքվի, եւ նախնական պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ 3 համայնքներում՝ Եղեգնաձորում, Արարատում եւ Վարդենիսում, մասնավորի կողմից կկառուցվեն եւ կշահագործվեն մարզաառողջարարական կենտրոններ, որոնք բացի ֆիթնես դահլիճներից՝ նաեւ խաղային դահլիճ կունենան:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների մարզիչների արտոնագրման հարցին, նշել է՝ այդ պահանջը, կարելի է ասել, գալիս է հենց ոլորտի ներկայացուցիչներից:
Նախարարը կարեւորել է մարզիչների արտոնագրման հնարավորությունը եւ հետագայում նաեւ վերապատրաստումը:
Այդուհանդերձ, ֆիթնես մարզիչների արտոնագրումը դեռեւս օրենքով սահմանված պահանջ չէ:
Քննարկման արդյունքում պատգամավորները բարձրացրել են մի շարք հարցեր եւ առաջարկել մինչեւ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելը լրամշակել այն:
Առաջին ընթերցմամբ քննարկված նախագիծը ստացել է դրական եզրակացություն եւ առաջարկվել այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:
Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա։ Թեմաների իրականացման համար արտերկրի ղեկավարից եւ 2-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խմբերն ունեն 5 տարի ժամանակ։
Առաջին 2 տարվա ընթացքում կազմակերպությունում, որտեղ աշխատելու են տվյալ գիտական խմբերը, կձեւավորվեն նոր գիտական ստորաբաժանումներ՝ հեռավար լաբորատորիաներ, ինչն էլ հենց մրցույթի հիմնական նպատակներից է։
Միաժամանակ, մրցույթը կնպաստի ներպետական եւ միջազգային համագործակցության խթանմանը, Սփյուռքի գիտական ներուժի ներգրավմանը, երիտասարդ հետազոտողների եւ ասպիրանտների ներգրավմանը, միջազգային հետազոտական միջավայրին երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը եւ այլն:
Մրցույթն անցկացվում է արդեն երրորդ անգամ. նախկինում հայտարարված ու ամփոփված մրցույթների արդյունքներով ընտրվել էին համապատասխանաբար 15 եւ 18 գիտական թեմաներ։
Յուրաքանչյուր նախագծի ֆինանսավորման ընդհանուր առավելագույն չափը կազմել է 130 մլն դրամ:
ԱՌԱՋԻՆ ՈՒՂԻՂ ՉՎԵՐԹԸ
Հայաստանի եւ Չինաստանի միջեեւ ուղիղ չվերթն արդեն իրականություն է։
Զվարթնոց օդանավակայանում մեկ օր առաջ առաջին անգամ գործարկվել է Ուրումչի-Երեւան-ՈՒրումչի երթուղով առաջին չվերթը։
Թռիչքները նախնական՝ կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի եւ շաբաթ օրերին, իսկ տեւողությունը 4-5 ժամ կլինի։
Չվերթի դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, Հայաստանում Չինաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, Չինական Հարավային ավիաուղիների ավիաընկերության տնօրենի տեղակալ Հե Դաանն։
ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն էլ նշում է՝ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առաջին ուղիղ չվեթը նոր էջ է երկու երկրների բարեկամական հարաբերություններում։
Նրա խոսքով՝ Ուրումչին Չինաստանի կարեւոր դարպասն է դեպի Արեւմուտք, որտեղից կարելի է շարունակել ճանապարհորդությունը դեպի Պեկին, Շանհայ եւ այլ քաղաքներ։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Կիրանցի նորակառույց դպրոց։ Կիրանց գյուղից հայտնեցին՝ որպեսզի նոր ձեւավորված սահմանից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոցի շրջակայքի բարեկարգումն ավարտեն ու Նիկոլ Փաշինյանը բարետես տեսարան տեսնի, հանրապետության տարբեր վայրերից, այդ թվում՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից Կիրանց բանվորներ են բերել, նրանց օրական 25 հազար դրամ վճարել։
ԴՊՐՈՑԸ՝ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ
Հեռավոր, սահմանամերձ Բարեկավավանի 8-ամյա դպրոցը 1970-ական թվականների կեսերին ուներ 330 աշակերտ, իսկ գյուղի 9-10-րդ դասարանցիները հաճախում էին հարեւան Կոթի գյուղի, Նոյեմբերյան շրջկենտրոնի դպրոցներ։ Նոր՝ 2024-2025 ուստարում Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 18 աշակերտ, որոնցից 9-ը՝ անցյալ տարի Արցախից բռնագաղթած եւ Բարեկամավանում բնակություն հաստատած 3 ընտանիքների երեխաներն են։ Անցյալ տարի դպրոցն ունեցել է 4 շրջանավարտ, այս ուսումնական տարում կրթօջախը շրջանավարտ չի ունենա.12-րդ դասարանն աշակերտ չունի։ Դպրոցի առաջին դասարանում կա մեկ աշակերտ, ով Արցախից բռնագաղթածների զավակ է։ Երկրորդ դասարանում նույնպես կա մեկ աշակերտ, 1-2 դասարանները միավորված երկկոմպլեկտ են, 3-4-րդ դասարաններում միասին նույնպես 2 աշակերտ կա, այդ դասարանները եւս երկկոմպլեկտ են, 5-րդ դասարանն ունի 3 աշակերտ, այն առանձին դասարան է։ Երկկոմպլեկտ են նաեւ 6-7, 10-11 դասարանները։ Բարեկամավանի դպրոցի երկարամյա տնօրեն, իր գյուղի նվիրյալ Աստղիկ Ազատյանին մտահոգում է միայն դպրոցի աշակերտների փոքր թվաքանակը։
ԿՈՎԵՐԸ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ԴԱՇՏՈՒՄ
Օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Ոսկեպար գյուղի 3 ընտանիքի պատկանող 9 կով հայտնվել է Ադրբեջանին սահմանակից, Ոսկեպար-Կիրանց նախկին, այժմ չգործող ճանապարհին կից գտնվող ականապատ դաշտում։ Անասնատերերից տեղեկացանք, որ 9 կովերից 2-ը բարեհաջող դուրս են եկել փշալարով ցանկապատված, ականապատ դաշտից, 3-ը վիրավորվել են հակահետեւակային ականների պայթյուններից, 4 կով դեռեւս գտնվում է ականապատ դաշտում։ Անասնատերերը հայտնեցին, որ Ոսկեպարից դեպի Կիրանց տանող այդ հատվածում սահմանազատում չի իրականացվել, այն վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ ծառայող զինծառայողների կողմից։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ