Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները։ ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են ՊԵԿ համակարգին եւ տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։
Պետական եկամուտների կոմիտեն առանձնացրել 10 պարզ քայլ՝ ինչպես անհատ տաքսի վարորդները պետք է գրանցվեն MyTAX բջջային հավելվածում, գեներացնեն եւ տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Քայլ 1
Ներբեռնել հավելվածը
Եթե անհատ տաքսի վարորդ եք, ապա ՊԵԿ համակարգին միանալու եւ էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու համար պետք է ներբեռնեք MyTAX հավելվածը Apple App Store-ից՝ iOS-ի համար՝ https://apps.apple.com/am/app/my-tax-armenia/id6633438781 եւ Google Play Store-ից Android-ի համար։
Քայլ 2
Մուտք գործել համակարգ
ՀՀ քաղաքացիները հավելված մուտք գործելու համար պետք է սեղմեն «ՀՀ քաղաքացի» կոճակը եւ մուտք գործեն «Ես եմ» համակարգի միջոցով, իսկ օտարերկրյա քաղաքացիները պետք է սեղմեն «Օտարերկրացի» կոճակը, ապա մուտք գործեն ՀՎՀՀ-ով եւ օգտվողի անուն-գաղտանաբառով։
Քայլ 3
Ընտրել մուտքի տարբերակը
«Ես եմ» համակարգի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ է համաձայնություն տալ համակարգի պայմաններին, սեղմել մուտք «Ես եմ» համակարգի միջոցով կոճակը եւ ընտրել նույնականացման տեսակը՝ բջջային նույնականացման քարտ։
Քայլ 4
Անցնել նույնականացում
Մուտքագրեք հեռախոսահամարը, որի համար նախապես ակտիվացրել եք բջջային նույնականացման ծառայությունը։ Սեղմեք «Մուտք» կոճակը, որից հետո մուտքը հաստատելու համար անմիջապես Ձեր հեռախոսին կստանաք հաղորդագրություն, որտեղ պետք է հավաքել PIN կոդը։
Քայլ 5
Ակտիվացնել մուտքը
Հետագայում հավելված մուտք գործելու համար բջջային նույնականացման գործընթացը կրկին չանցնելու համար կարող եք հավելվածում սահմանել PIN ծածկագիր կամ օգտվել բիոմետրիկ կամ կենսաչափական նույնականացումից։
Քայլ 6
Ստանալ ՀՎՀՀ
Տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է հաշվառվել հարկային մարմնում՝ ստանալով ՀՎՀՀ։ Այն կարող եք ստանալ հենց նույն հավելվածի միջոցով՝ առանց որեւէ դիմում ներկայացնելու։ Պարզապես, գլխավոր էջից սեղմեք «Տաքսի ծառայություն» կոճակը, ապա բացված պատուհանում՝ «Ստանալ» կոճակը։ Վերջ, Դուք ունեք ՀՎՀՀ։
Քայլ 7
Ավելացնել մեքենա
«Տաքսի ծառայություն» էջում սեղմեք «Իմ մեքենա» կոճակը եւ մուտքագրեք այն մեքենայի պետհամարանիշը եւ հաշվառման վկայագիրը, որով մատուցում եք տաքսի ծառայություն։ Նույն մեքենայով հաջորդ անգամ պատվերներ կատարելիս այլեւս կարիք չի լինի կրկնել այս գործողությունը։
Քայլ 8
Ձեւավորել ՀԴՄ կտրոն
Տաքսի ծառայության յուրաքանչյուր պատվերն ավարտելուց հետո անհրաժեշտ է «Տաքսի ծառայություն» էջում սեղմել «Ստեղծել նոր կտրոն» կոճակը՝ էլեկտրոնային ՀԴՄ կտրոն ձեւավորելու եւ պատվիրատուին այն տրամադրելու համար։
Քայլ 9
Գեներացնել ՀԴՄ կտրոն
Հաջորդիվ պետք է գեներացնել էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը, որի գործընթացը շատ պարզ է.պետք է մուտքագրել գումարը, ընտրել վճարման տեսակը՝ կանխիկ կամ անկանխիկ եւ սեղմել «Հաստատել» կոճակը։
Քայլ 10
Ուղարկել ՀԴՄ կտրոնը
Էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնելուց հետո այն կարող եք փոխանցել պատվիրատուին՝ իր նախընտրած առցանց տարբերակներից որեւէ մեկով՝ էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp եւ այլ հավելվածներ կամ սկանավորելով կտրոնի վրա առկա QR կոդը։
Վերջ, գործընթացն ավարտված է։
Հավելվածի «Տաքսի ծառայություն» էջում հնարավորություն ունեք տեսնելու Ձեր կողմից գեներացված բոլոր ՀԴՄ կտրոնները։ Հաջորդ պատվերների ժամանակ այս քայլերը նորից անցնելու կարիք չկա՝ գլխավոր էջում, պարզապես, սեղմեք «Նոր կտրոն» կոճակը եւ գեներացրեք կտրոնը՝ լրացնելով պահանջվող տվյալները։
ՀՀ ՊԵԿ
ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՍԿՍԵԼ
Երեւանի իշխանությունների հետ համատեղ նախատեսում ենք սկսել քաղաքի կենտրոնի ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքը։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։
Նա նշել է, որ աշխատանքներն սկսվելու են 10 օրից եւ ուղղվելու են մատակարարվող էլեկտրաէներգիայի հուսալիության բարձրացմանը։
Գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ այս եւ հաջորդ տարվա ընթացքում իրականացվող նախագծերի վրա ծախսվելու է 6,3 մլրդ դրամ, դրանք կհատկացվեն Երեւանի կենտրոնի բոլոր կայանների թարմացմանը, որպեսզի բարձրացվի մատակարարվող էլեկտրաէներգիայի որակը։
«ՀԷՑ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն իր հերթին նշել է, որ նախագծի իրականացումը կտեւի 2-3 տարի։ Հարությունյանն ավելացրել է, որ դրա համար ընկերությունն ունի սեփական միջոցներ, պարտատոմսերի թողարկման հաջող փորձ, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ։ «Ֆինանսական խնդիրներ չկան, բայց ներդրումներն անհնար է իրականացնել անմիջապես, որպեսզի դա էական ազդեցություն չթողնի սակագների վրա։ Քաղաքացիներին կոչ եմ անում ըմբռնումով մոտենալ անհարմարություններին, որոնք կարող են առաջացնել նշված աշխատանքները»,- ասել է նա։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԻԱՆԱ «ԱՐԵՎԱՅԻՆ ԴԱՇԻՆՔԻՆ»
«Միջազգային արեւային դաշինք» (ՄԱԴ) հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականին: «Միջազգային արեւային դաշինքի հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի հիմքն «Արեւային էներգետիկայի խթանմամբ զբաղվող պետությունների Միջազգային արեւային դաշինքի մեկնարկի մասին» 2015 թվականի նոյեմբերի 30-ի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերին նվիրված խորհրդաժողովում ընդունված Փարիզի հայտարարությունն է: Մինչ այժմ համաձայնագիրը ստորագրել է 118 պետություն, որոնցից 97-ն այն վավերացրել են: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Միջազգային արեւային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հայաստանը դաշինքին միանալու փաստաթուղթը ստորագրել է 2023 թվականի նոյեմբերին: Հակոբ Վարդանյանի խոսքով բավականին օգտակար կլինի դաշինքի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը: Նախագիծը հանձնաժողովում արժանացել է դրական եզրակացության: