ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Գրքի երեւանյան միջազգային 7-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում եւ Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Գրքի տոնավաճառի ընթացքում գնորդներին կտրամադրվի 20-ից 40% պարտադիր զեղչ:

 

Ծրագրում նախատեսված են երեսուներկու միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ եւ արտասահմանցի գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բանավեճեր, թատերական եւ երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ եւ այլն։

Փառատոնի փակման արարողության ժամանակ (սեպտեմբերի 8, 19:00) տեղի կունենա մրցանակաբաշխություն, եւ հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» եւ «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։

Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը եւ «Գրքի փառատոն կրթամշակութային» հասարակական կազմակերպությունը Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:

Գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ՝ Սյուզաննա Խոջամիրյանը նշեց նաեւ. «Փառատոնն այս տարի առանձնանում է յուրահատուկ նախաձեռնությամբ, փառատոնի շրջանակներում ողջ երեկոյի ընթացքում կցուցադրվի  թանգարանային բացառիկ նմուշ՝ արեւմտահայ գրող Միսակ Մեծարենցի մատանին: Գրականության եւ արվեստի թանգարանում են պահվում հայաստանցի, սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների  եւ ոլորտի երեւելիների անձնական  արխիվները: Արխիվները ներառում են ոչ միայն գրավոր ժառանգության նմուշներ  այլեւ անձնական իրեր՝ այդ թվում կահկարասի, հագուստ, զարդեր եւ այլն: Հենց այս արխիվին է պատկանում Միսակ Մեծարենցի մատանին, որը սովորական մատանի  չէ, կիսաթանկարժեք, երկշերտ քարից պատրաստված մատանի է, որը նվիրել է իր մայրը: Բանաստեղծը կրել եւ փայփայել է այն իր ողջ կյանքի ընթացքում»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ  հավանաբար մյուս տարի փառատոնը կկայանա նաեւ մարզերում:

Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է։ Գրականության ոլորտի ամենամեծ նախագիծն իրականացվում է 2017 թվականից: Ծրագրի գլխավոր հովանավորը Երեւանի քաղաքապետարանն է: Այս տարի երեւանյան  գրքի միջազգային յոթերորդ փառատոնի գլխավոր ձեւավորողը Վիլյամ Կարապետյանն է:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ՆՈՐ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ «ԿԾԵԳ»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ն ««Կծեգ» Արցախի բարբառների հանրահռչակում» ծրագրի շրջանակում նախաձեռնել է «Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը:

Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի կինոգործիչների միության փոքր դահլիճում (Հենրիկ Մալյանի անվան թատրոն): Ներկայացումներ են նախատեսված նաեւ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի եւ Տավուշի մարզերում:

«Արա պա ստի պեն կինի՞» թատերական ներկայացումը բեմադրվել է՝ ըստ Ալեքսանդր Մանասյանի համանուն ստեղծագործության. մասնակիցները «Դիզակ ԱՐՏ ՄԵԿ» թատերախմբի սաներն են, իսկ բեմադրիչը՝ «Դիզակ ԱՐՏ» կենտրոնի դասատու Սրբուհի Բալայանը: Բեմական հագուստն ու բեմական ձեւավորումն արցախյան մոտիվներով են:

Թատերական ներկայացման միջոցով վերարտադրվում են արցախցու մտածելակերպը, սովորույթները, ասույթները, առած-ասացվածքներն ու խաղերը:

Ծրագրի նպատակը հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության կարեւոր դրսեւորումներից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի բարբառների կենսունակության ապահովումն է:

 

 

 

«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ. 20-ԱՄՅԱ ՎԵՐԵԼՔ

Սեպտեմբերի  5-ին, ժամը՝ 19:00-ին,  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա  «20-ամյա վերելք»  խորագրով ցուցահանդես եւ համերգ՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) 20-ամյա գործունեությանը:

Միջոցառումը աղոթքով կմեկնարկի Արարատյան Հայրապետական թեմի հոգեւորական Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Ցուցահանդեսի շրջանակում կներկայացվեն հայ նշանավոր  գեղանկարիչներ եւ քանդակագործներ  Արտո Չաքմաքչյանի, Հակոբ Հակոբյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Տիգրան Մատուլյանի, Արմեն Խոջոյանի, Ռոբերտ Ասկարյանի եւ Սամվել Թավադյանի աշխատանքները: Կցուցադրվեն նաեւ «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Յարութիւնեանի լուսանկարչական աշխատանքները:

Համերգային ծրագրում կհնչեն հատվածներ՝ Վահան Արծրունու «Կոմիտաս.  Տասը հայտնություն» ձայնասկավառակից, հատվածներ «Նաղաշ» անսամբլի  «Կարոտի երգեր» շարքից (խոսք՝ Մկրտիչ Նաղաշի, երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի): Միջազգային մրցույթների դափնեկիր «Փարոս» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Րաֆֆի Միքայէլեան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղարվեստական ղեկավար Հելբերտ Ասատրյան) եւ «Նարեկացի»  նվագախումբը (գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուր) կկատարեն հոգեւոր եւ ժողովրդական ստեղծագործություններ:

Մենակատարներ՝ Քնար Հարթունյան, Նովա Հարթունյան, Լուսին Վանես, Սմբատ Խալաթյան, Հարություն Մուրադյան:

Համերգային ծրագրի ավարտին կհնչի Սմբատ Խալաթյանի՝ «Ձոն» ստեղծագործությունը՝ նվիրված «Նարեկացի» արվեստի միության 20-ամյակին:

Միջոցառման մուտքն ազատ է լինելու:

 

 

Յ. ՀՈՎԵՅԱՆԸ՝ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությանը Յուրիկ Հովեյանը (63 կգ) նվաճեց Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

 

 

ՀԱՅ ԸՄԲԻՇԸ ՀԱՂԹԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ

Իսպանիայում ընթացող ըմբշամարտի Աշխարհի Մ20 առաջնությանը 72 կգ քաշային ըմբիշ Աշոտ Խաչատրյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին եւ դուրս եկավ Աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ: Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Նա կիսաեզրափակիչում հաղթեց 4-1 հաշվով։

 

 

 

ՄԱՐԶԱԴԱՇՏԸ՝ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

«Ֆլումինենսեն» պաշտոնապես հայտարարել է, որ «Վալե դե Լարանջեյրաս» ակումբի ակադեմիական մարզադաշտը կվերանվանվի ի պատիվ թիմի լեգենդար սան Մարսելոյի: Այսուհետ նրան կկոչեն «Մարսելո Վիեյրա»։

Անվանափոխության պաշտոնական արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին։

Մարսելոն «Ֆլումինենսեի» սան է, հիմնական թիմում խաղացել է մինչեւ 2007 թվականը, որից հետո 2023 թվականին վերադարձել է հարազատ ակումբ։

 

 

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ

Լոնդոնի «Չելսին» ամենաշատն է վաստակել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում իր ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից՝ 198 միլիոն եվրո։

Սակայն լոնդոնցիների տրանսֆերային բալանսը բացասական է. ակումբը 238,5 մլն եվրո է ծախսել թիմի նորեկների տրանսֆերների համար այս ամառ։ Անգլիական ակումբը ոչ միայն ամենաշատն է վաստակել, այլ նաեւ ամենաշատն է ծախսել այս ամառ։

«Լիդսը» «արիստոկրատներից» հետո երկրորդ ակումբն է, որն ամենաշատն է վաստակել այս ամառ։ Չեմպիոնշիփում հանդես եկող ակումբը վաստակել է մոտ 163 միլոն եվրո իր ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից։ «Լիդսը» նաեւ լավագույն դրական բալանսն ունի բոլոր ակումբների շրջանում՝ 138 մլն եվրո։

Լավագույն եռյակն այս ցուցանիշով եզրափակում է «Աստոն Վիլան»՝ 145 միլիոն եվրո։

Լավագույն տասնյակում են նաեւ «Ռենը», «Ատալանտան», «Վուլվերհեմփթոնը», «Բարնլին» եւ «Լայպցիգը»։

 

 




Լրահոս