Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության նոր նստավայր կբացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրն ընդունել է «Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում:

2023 թ. հունիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջև կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ:

Հուշագրով նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունը վարձակալությամբ Սուրբ Աթոռին է տրամադրում ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով՝ որպես Երևանում վերջինիս դիվանագիտական առաքելության նստավայր: Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը: Ըստ հիմնավորման՝ երկու պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների համար պատշաճ տարածքների տրամադրումն առավել կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ նպաստելով նրանց տեսանելիությանն ընդունող պետություններում:

Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի թիվ մեկ փոփոխության ստորագրման առաջարկությանը: Նախատեսվում է կատարել փոփոխություն, համաձայն որի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ աջակցության ընդհանուր գումարը ավելանում է 130,000,000 ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ ՄԶԳ նախատեսվող ընդհանուր ներդրումը հասցնելով 250,000,000 ԱՄՆ դոլարի: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները նախատեսվում են ուղղել արդյունավետ և հաշվետու կառավարման ինստիտուցիոնալացմանը, քաղաքացիական մասնակցությանը՝ հանուն ժողովրդավարական համախմբման ամրապնդման, տնտեսական կառավարման ուժեղացմանը, թիրախային ոլորտների մրցունակության բարձրացմանը, բնական պաշարների կայուն կառավարման բարելավմանը: Փոփոխության նախագծի ստորագրումը կնպաստի համաձայնագրով սահմանված հիմնական նպատակների իրականացմանը՝ արդյունավետ և հաշվետու կառավարման, ժողովրդավարական ձեռքբերումները պահպանելու, ինչպես նաև տնտեսական մարտահրավերները հաղթահարելու ուղղություններով:




Լրահոս