Ամռան ճամփորդական սեզոնը, գրեթե մեկ շաբաթ է, ավարտվել է, սակայն անձնագրայինները հերթերից չեն «ազատագրվել»։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիոն և քաղաքացիության ծառայության անձնագրային բաժանմունքներում անձնագիր ստանալու, անձնագիր փոխելու, նույնականացման քարտ ստանալու հնարավորությունը դարձել է սև աղվես։
Անձնագրայիններում առավոտից հերթեր են կուտակվում, Անձնագրային բաժնում բացվելուն պես հերթ կանգնածներին հայտնում են՝ կապ չկա, մոտեցեք օրվա 2-րդ կեսին։ Երաշխիքը, որ օրվա երկրորդ կեսին կապ կլինի, չկա։
Նույնականացման ID քարտ հանելու համար պետք է ժամերով սպասել, մինչև մի քանի անգամ փորձելուց հետո աշխատակիցը կա՛մ կասի կապը վերականգնվեց, կա՛մ կխնդրի վաղը գալ. օրն ավարտվել է, և կապն այդպես էլ չի վերականգնվել։
ArmLur.am-ն օրեր շարունակ փնտրում և փորձում է կապ հաստատել ՆԳՆ ՄՔԾ հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանի հետ, սակայն նա ոչ մի կերպ չի արձագանքում։
Այսպիսով, գալիս ենք այն եզրակացության, որ օրինակ ID նույնականացման քարտ ստանալու համար պետք է սպասել առնվազն 21 օր։
Հավելյալ վճարելու դեպքում էլ հնարավորություն չկա ավելի շուտ ստանալ։
«Համակարգը նոր է ներդրվում, լավ չի աշխատում: Հավելյալ վճարելու տարբերակ էլ չկա, պլաստիկի խնդիր կա։ Օրինակ եթե մեզ մոտ լինի, կզանգենք կգաք 3 օրվա համար 10 հազար դրամ կվճարեք, կամ 5 օրվա համար 5 հազար կվճարեք, նույն օրը վերցնելու համար 20 հազար դրամ կվճարեք, կվերցնեք»,- նույնականացման քարտի համար դիմած քաղաքացուն ասել է Հրազդանի անձնագրային բաժնի աշխատակիցը։
Օրինակ՝ եթե քաղաքացու նույնականացման քարտը մեկ շաբաթից լինի անձնագրային բաժնում, այն կարող է վերցնել միայն 20 հազար դրամ վճարելու դեպքում։
Պետական բյուջեն լցնելուն հարկատուների վճարած գումարները չեն բավականացնում, այդ պատճառով 1000 ու մեկ վճար էլ պոկում են պետական ծառայության համար։
Էմմա Միքայելյան