Եկեք պաշտպանե՛նք Հայաստանը. Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը դիմել է ողջ հայությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որը զեկույց էր գրել՝ օկուպացված Արցախում հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի գործողությունները որակելով որպես «ցեղասպանություն», երկրորդ բաց նամակն է հղել աշխարհասփյուռ հայությանը։

Նա նշել է երեք խնդիր, որոնք փոխկապակցված են:

«Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցելու ընթացքում շարունակում է մնալ վտանգի տակ: Հստակություն չկա նրա վերաբերյալ, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ 2023 թվականի ցեղասպանության զոհերը, ապահով վերադառնալ իրենց նախնիների հողը: 23 հայ պատանդներ շարունակում են պահվել Բաքվի բանտերում։

Ադրբեջանը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում «COP հանուն խաղաղության» անվան տակ հյուրընկալելու է COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը։ Եթե հայերն ազատ չարձակվեն, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անտեսվի COP29-ին մասնակցող պատվիրակների կողմից, ապա նախագահ Ալիևին կտրվի հզոր հարթակ՝ էլ ավելի մեծացնելու ամբողջ Հայաստանը զավթելու իր աշխարհաքաղաքական հավակնությունները:Նման սցենարը ոչ միայն կժխտի Լեռնային Ղարաբաղի ցեղասպանությունը և պատանդներին կդատապարտի երկարամյա բանտարկության, այլև ամբողջ համայնքն անցյալի մոռացված մասունք կդարձնի, և դա կմեծացնի վտանգը հենց Հայաստանի համար», – գրել է Օկամպոն:

Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները շատ բարդ բանակցություններ են վարում:

«Հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, և ինձ նման մարդիկ, որոնք մտահոգված են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է հարգեն այդ ջանքերը՝ բարձրացնելով խնդրի մասին իրազեկվածությունը և համախմբելով ողջ հայությանը` պաշտպանելու ժողովրդին ու հողը:

Եվ դա տեղի է ունենում, ամբողջ աշխարհից հայերն արշավ են անում: Օգոստոսի 23-ին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ ապահովելու Ադրբեջանից բոլոր հայ կալանավորների ազատ արձակումը: Նա գիտակցում է ԱՄՆ-ի ջանքերը, բայց անհանգստացած է, որ Բլինկենի խոսքերը «անուշադրության են մատնվել և շարունակելու են անտեսվել»:

Անցած ամսվա ընթացքում ավելի քան 30 երկրներից հազարավոր մարդիկ, որոնցից շատերը հայ նախնիներ ունեն, հավաքվել են թվային ֆորումներում և սոցիալական ցանցերում: Նրանց միավորել են նույն հեշթեգները՝ #COP29, # StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages, #FreePoliticalPrisoners։ Այժմ ժամանակն է ընդլայնելու շարժումը և կապելու այն ամբողջ աշխարհում որոշում կայացնողների հետ: Ալիևի զոհերը միայն հայերը չեն: Նա ազդում է շրջակա միջավայրի, ադրբեջանցի քաղաքացիների և նույնիսկ եվրոպացի պատգամավորների վրա։ Ադրբեջանը, որը հարստացել է հանածո վառելիքով, առաջատար դիրք է գրավում կլիմայի փոփոխությունը շեղող գլոբալ ջանքերում: Վարչախումբը ոչ ոքի չի խղճում, նա ճնշում է լրագրողներին, ակադեմիկոսներին, իր սահմաններում ցանկացած այլախոհի», – շարունակել է Օկամպոն:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ հաջորդ քայլը կլինի COP29-ի պատվիրակներից պահանջել բարձրաձայնել այս հարցերի շուրջ:

Նա հավելել է, որ ուրախ է սեպտեմբերի 9-ին Հայաստան այցելելու հրավեր ստանալու կապակցությամբ:

«Սա բացառիկ հնարավորություն կլինի հանդիպելու Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և մշակելու ընդհանուր ռազմավարություն:

Հայե՛ր, եկեք պաշտպանե՛նք Հայաստանը և առաջնորդե՛նք աշխարհը դեպի իսկապես խաղաղ COP29», – եզրափակել է Օկամպոն:




Լրահոս