ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է խոսել տելեգրամի հիմնադիր Դուրովը կալանավորումից հետո․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի օգոստոսի 24-ին ֆրանսիական լրատվամիջոցներից պարզ դարձավ, որ Փարիզի Բուրժե օդանավակայանում ձերբակալվել է Տելեգրամ սոցցանցի հիմնադիր, ռուս միլիարդատեր Պավել Դուրովը, ով Փարիզ էր ժամանել Ադրբեջանից կնոջ և թիկնապահի հետ՝ մասնավոր օդանավով։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Պավել Դուրովը մեղադրվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության, երեխաների նկատմամբ հանցագործություններին և խարդախությանը նպաստելու համար, քանի որ Տելեգրամ սոցցանցը հրաժարվել է համագործակցել իրավապահների հետ:

Ամերիկյան քաղաքական լրատվական Politico-ն էլ հայտնել էր, որ Դուրովի և իր եղբոր՝ Նիկոլայ Դուրովի նկատմամբ հետախուզում հայտարարված էր դեռ մարտի 25-ից։

Արդեն օգոստոսի 29-ին պարզ դարձավ, որ Տելեգրամի հիմնադիրը 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ առանց Ֆրանսիայի տարածքը լքելու իրավունքի ազատ է արձակվել՝ Փարիզի դատարանի որոշմամբ։ Փարիզի դատարանը նաև որոշում է կայացրել, որ Դուրովը պարտավորված է շաբաթական 2 անգամ անձամբ ներկայանալ դատարան։

Հարկ է նշել, որ Պավել Դուրովն ունի Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կարիբյան կղզիների Սենթ Քիթս և Նևիս կղզիների քաղաքացիություն։

Արդեն այսօր Դուրովն արել է իր առաջին հրապարակային հայտարարությունը կալանավորումից հետո։ Դուրովն ասել է, որ Ֆրանսիայի իշխանությունները պետք է բողոքներ ներկայացնեին իր ընկերության դեմ, ոչ թե կալանավորեին իրեն։

Պավել Դուրովը չի ընդունել, որ Տելեգրամ հավելվածում «անարխիա» է, ավելին՝ իր դեմ ներկայացված պնդումներն անվանել է «անակնկալ», իսկ իրավիճակն ինքնին՝ «զարմանալի»։

Տելեգրամի հիմնադիր Դուրովը նաև նշել է, որ եթե երկիրը դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա հաստատված պրակտիկա է հենց այդ ծառայության դեմ դատական գործ հարուցելը։ Նա նաև նշել է, որ ամեն օր Տելեգրամ սոցցանցից հեռացվում են միլիոնավոր վնասակար գրառումներ և ալիքներ։

Վերջում Դուրովը հավելել է, որ Տելեգրամը պատրաստ է հեռանալ շուկաներից, որոնք անհամատեղելի են իր սկզբունքների հետ։

Մանրաասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս