Երևանի ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Երևանի մի շարք փողոցներ։
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը, մասնավորապես, առաջարկում է Կենտրոն Վարչական շրջանում գտնվող Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անվամբ։
«Հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում։ Նա նորարար էր, ու ինչպես պատահում է բոլոր նորարարների հետ, նրան էլ շատերը չընդունեցին, չսիրեցին»,- ասված է ավագանու ընդդիմադիր անդամի հեղինակած նախագծի հիմնավորման մեջ։
Առաջարկվում է նաև Լենինգրադյան փողոցն անվանափոխել Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) անունով։
Նախագծերի հեղինակը խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն է։
Հարցերն ընդգրկված են ավագանու սեպտեմբերի 10-ի նիստում։
Քրիստինա Մուշեղյան