ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է սեփականաշնորհել Ֆիզիոթերապիայի ինստիտուտը. ինչ վիճակում է շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կուրորտաբանության և Ֆիզիկական Բժշկության Գիտահետազոտական Ինստիտուտն այսուհետ կլինի կա՛մ հյուրանոց, կա՛մ բազմաբնակարան շենք։

Պատմական ակնարկ Կուրորտաբանության և Ֆիզիկական Բժշկության Գիտահետազոտական Ինստիտուտի մասին

1930-ական թվականներին կազմակերպվեց որպես «Ֆիզիոթերապիայի ինստիտուտ», այնուհետև 1935-ից  վերակազմակերպվեց որպես «Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտ»: Եվ  շուրջ 90 և ավելի տարիներ, լինելով միակն իր նշանակությամբ ՀՀ-ում, իրականացնում է ուսումնա-գիտահետազոտական, բժշկական-վերականգնողական և գիտա-ներառական, ինչպես նաև գիտա-խորհրդատվական կարևորագույն գործառույթներ։ Այն Հայաստանի Հանրապետությունում կլինիկական ուղղվածությամբ ստեղծված գիտահետազոտական առաջին բուժհաստատություններից է:

Այս տարիների ընթացքում համալիր ուսումնասիրվել և կլինիկական վերլուծության են ենթարկվել հանրապետության կուրորտների կլիման, կուրորտային և ռեկրեացիոն գոտիները, կլիմատոթերապիայի օդերևութաբանական պայմանները: Հանրապետության բնական բուժական գործոնների` մասնավորապես հիդրոմիներալ ռեսուրսների ուսումնասիրման գիտականորեն հիմնավորված տվյալները և Հայաստանի տարբեր տարածաշրջանների կլիմայական բնութագրումը հիմք են հանդիսացել Արզնի, Ջերմուկ, Դիլիջան կուրորտների զարգացման, ինչպես նաև Հանքավան կուրորտի ստեղծման, «Արզնի», «Հանքավան», «Բջնի», «Դիլիջան», «Ջերմուկ», «Լիճք», «Լորի», «Սևան» և այլ հանքային ջրերի շշալցման կազմակերպման համար: Բնական հանքային ջրերի ֆիզիկաքիմիական կազմի, այդ թվում միկրոէլեմենտային, գազային և այլ ցուցանիշների դինամիկական հետազոտությունների և դրանց ձևավորման պայմանների ուսումնասիրության արդյունքում տրվել է հետազոտված հանքային ջրերի բնութագրում, մշակվել է հանրապետության ածխաթթվային հանքային ջրերի հիմնական հանքավայրերի սխեմա, բացահայտվել են բնական ռադիոակտիվ աղբյուրներ:

Ընկերության աճուրդի մասին

2022 թվականի դեկտեմբերի 8-ի նիստում Կառավարությունը հավանություն տվեց «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու մասին որոշմանը։  Ինստիտուտն ունի 171 աշխատակից։

Ինստիտուտի գույքը գնահատվել է 5 միլիարդ 110 միլիոն 296,12 հազար դրամ, որից մոտ 1.8 հա հողամասի արժեքը՝ 3 միլիարդ 397 միլիոն 310 հազար դրամ։ Որոշմամբ վաճառքի նվազագույն գին սահմանվեց գույքի գնահատված արժեքի 65 տոկոսը՝ 3 միլիարդ 265 միլիոն 56 հազար դրամ, գրեթե 8 միլիոն դոլար։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ շենքը սեփականաշնորհել է «Արմենիկում» Կլինիկական Կենտրոն Կլինիկական ծառայության ղեկավար Վիոլետա Սարգսյանը։

ArmLur.am-ը փորձեց կապվել «ՎԻՈԼԵՏԱ» բժշկական կենտրոնի տնօրեն Վիոլետա Սարգսյանի հետ, սակայն բժշկական կենտրոնի կադրերի տեսուչն սկզբում նշեց, որ Սարգսյանը պատասխանել չի կարող, քանի որ արձակուրդում է, ապա զանգահարեց բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատուն և խնդրեց հարցում ուղարկել։

Մինչ 2022 թվականի Կառավարության նիստը գույքը ևս երկու անգամ հանվել էր աճուրդի, բայց աճուրդները չեն կայացել՝ հայտեր չլինելու պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս