Սեպտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան երգչախմբին՝ ուղեկցությամբ երգչախմբի հիմնադիր-ղեկավար տիար Զաքար Քեշիշյանի։
«Վարանդա» մանկապատանեկան երգչախմբը, որն ամբողջությամբ բաղկացած է արցախահայերից, «Երգող Արցախ» վերնագրի ներքո համերգային ծրագրեր է իրականացում Հայաստանի տարբեր շրջաններում։
Հանդիպման սկզբում տիար Քեշիշյանը Սրբազան Հորը ներկայացրել է հյուրերին՝ տեղեկություններ փոխանցելով երգչախմբի հիմնադրման և գործունեության մասին։
Այնուհետև Նաթան Սրբազանը, ողջունելով ներկաներին, վերջիններիս փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական սերն ու օրհնությունը և իր գնահատանքը բերել երգչախմբի անդամներին հայրենիքի համար ծանր ու դժվարին օրերին իրենց գեղեցիկ կատարումներով հայորդիներին ուրախություն, սեր, մխիթարություն ու ապագայի հանդեպ հույս պարգևելու համար։
Սրբազան Հայրը նաև հորդորել է պատանիներին Շուշին միշտ վառ պահել իրենց հոգիներում, սիրել հայրենի Արցախը, ապրել և արարել Արցախով։