Yandex Armenia-ն ծրագրավորման դպրոցում սովորելու համար նոր հայտերի հավաքագրում է սկսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Yandex Armenia-ն Վանաձորի և Գյումրիի 14-17 տարեկան պատանիներին հրավիրում է իր ծրագրավորման դպրոց՝ Python-ի անվճար ուսուցման։ Սեպտեմբերի 6-ին ընկերությունը սկսել է նոր ուսումնական տարվա համար հայտերի հավաքագրումը։

Դասերի ընթացքում ավագ դպրոցի աշակերտները կծանոթանան Python-ով ծրագրավորման հիմունքներին, կուսումնասիրեն ծրագրավորման լեզվի հիմնական հասկացությունները, կառուցվածքները և գրադարանները: Դասընթացներն անցկացվելու են առկա տարբերակով Գյումրիում և Վանաձորում ՝ տեխնոլոգիական կենտրոնների բազայի վրա՝ շաբաթական երկու անգամ, մեկուկես ժամ տևողությամբ։ Ծրագրին մասնակցությունն ամբողջովին անվճար է, սակայն, նախ, պետք է ընդունվել ծրագրավորման դպրոց։ Հայտերի ընտրությունն այս տարի կավարտվի սեպտեմբերի 15-ին:

Ընդունելությունը ծրագրավորման դպրոց բաղկացած է 2 փուլից՝ թեստավորում և հարցազրույց։ Նախ՝ պետք է լրացնել մասնակցության հայտը հետևյալ կայքում՝ https://codingschool.yandex.com.am։ Ի պատասխան՝ կստանաք նամակ՝ թեստավորման հղումով: Եթե դիմորդը հաջողությամբ անցնի թեստը, նրան կհրավիրեն հարցազրույցի։

Ծրագրավորման դպրոցի նախորդ շրջանավարտները, որոնք ավարտել են կուրսն այս տարվա գարնանը, կարող են շարունակել իրենց առաջխաղացումը ծրագրավորման աշխարհում և տիրապետել ամենատարածված ՏՏ մասնագիտություններին առցանց տարբերակով՝ գրանցվելով Yandex Lyceum-ի մասնագիտացման կուրսերին: Շրջանավարտներին հասանելի կլինեն անվճար եռամսյա կուրսեր՝ վեբ-ծրագրավորում Django-ում, տվյալների վերլուծություն, մեքենայական ուսուցում, մեծ տվյալներ, ծրագրավորում Go-ում:

Yandex-ի ծրագրավորման դպրոցը Python լեզվով ծրագրավորման հիմունքների ուսումնասիրման միջազգային ծրագիր է՝ նախատեսված 14-17 տարեկան դպրոցականների համար։ Հայաստանում նախագիծն իրականացվում է 2017 թվականից՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ENTERPRISE INCUBATOR FOUNDATION) հետ համատեղ Վանաձորի և Գյումրիի տեխնոլոգիական կենտրոններում: Դպրոցը 7 տարում 414 շրջանավարտ է տվել, որոնցից շատերն իրենց կյանքը կապել են ՏՏ ոլորտի հետ։ Նախագիծն իրականացվում է Yandex Go-ի ֆինանսական և մասնագիտական աջակցությամբ։




Լրահոս