
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ սեպտեմբերի 6-ին նիստ է հրավիրել ՀՀ ԱԺ խորհուրդը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի և սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհուրդը հաստատել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 44 հարց:
Խորհրդի որոշմամբ հաստատվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը: Պատվիրակությունում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա չորս անդամ, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ երկու:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը գործընկերներին ներկայացրել է ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը: