«ԲՈԼՈՐԸ «ՄԵՂԱՎՈՐ» ԷԻՆ՝ ԲԱՑԻ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին Նիկոլ Փաշինյանը մամուլի սուլիսի ընթացքում բազմիցս անդրադարձավ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ խոսելով նաեւ գերիների վերադարձի շուրջ տարվող աշխատանքների եւ Արցախում Ռուբեն Վարդանյանի կատարած աշխատանքի մասին:

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ զրույց է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի հետ:

-Պարո՛ն Առաքելյան, շաբաթ օրը՝ իր մամուլի ասուլիսի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, բանակցությունների վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձ կատարեց գերիների շուրջ առկա իրավիճակին: Այս համատեքստում հատկապես ուշագրավ էին Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ նրա հայտարարությունները: Ձեր թույլտվությամբ՝ մեջբերեմ. «Ռուբեն Վարդանյանի դեպքը շատ ուշագրավ է, մի շարք դեպքեր կան նրա հետ կապված՝ ո՞վ նրան գործուղեց Արցախ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներ եւ խոստումներ տվեցին նրան. մենք նրան այդպես էլ չկարողացանք լավ ճանաչել»: Կխնդրեմ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունը:

-Ցավում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չի գիտակցում, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, եւ սիրողական մակարդակի է իր խոսույթը, առավել եւս երկրի առջեւ ծառացած մարտահրավերների պարագայում սա պարզապես հերթական ապացույցն է, որ այդ մարդը իշխանության եւ երկրի առջեւ ծառացած խնդիրների հետ որեւէ կապ չունի: Նման խոսույթը, մեղմ ասած, բարոյական չէ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են Բաքվի բանտում եւ Նիկոլ Փաշինյանի միակ գործառույթը այդ հարցով զբաղվելն ու այդ մարդկանց օր առաջ ազատելն է: Ինչ վերաբերում է իր ասածներին, ապա մեկնաբանելու կարիք անգամ չկա: Ռուբեն Վարդանյանի գործունեությունը վերջին 30 տարիների ընթացքում ավելի քան հայտնի է ժողովրդին: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի համար զարմանալի է, որ մարդը կարող է պարզապես հայրենասիրությունից դրդված քայլեր անել եւ ծառայել իր հայրենիքին: Այն վիճակում, որում Արցախն էր, Ռուբեն Վարդանյանը բազմիցս նշել է, որ մեզնից յուրաքանչյուրի պարտքն է լինել Արցախում եւ Արցախի կողքին, եւ բացառապես դրանից դրդված է նա մինչեւ վերջին պահը եղել Արցախի եւ արցախցու կողքին:

-Այդ դեպքում ի՞նչ նպատակ էր հետապնդում հենց այս պահին նման հայտարարություն անելը: Եվ, առհասարակ, գերիների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարություններ անում:

-Հաշվի առնելով, որ գերիների, առավել եւս՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի շուրջ որեւէ գործընթաց տեղի չի ունենում, կառավարությունը գոնե հրապարակային ոչինչ չի նախաձեռնում, որեւէ կոչ, որեւէ հրապարակային քայլ՝ միջազգային գործընկերների հետ համատեղ: Ոչ միայն այս հարցում, այլեւ առհասարակ, որեւէ հարցում Նիկոլ Փաշինյանը փաթեթավորում է այնպես, որ ինքը մեղավոր չէ, եւ այդպես էլ պետք է լիներ:

Ասում էր՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», «Միություն հանուն փրկության», սակայն վերջում պարզվեց, որ երեսուն տարի Արցախը բոլորը պատկերացրել էին Ադրբեջանի կազմում. բոլորը մեղավոր էին՝ բացի իրենից:

Մարդը ոչ մի բան չի կարողանում անել, ցավոք, տպավորություն է, որ նաեւ չի ցանկանում, ստացվում է այն տպավորությունը, որ Ադրբեջանի պաշտոնական թեզերն է առաջ տանում:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԶՐԿՎԱԾ ԵՆ ՏԱՐՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

 

Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք դպրոցների սանհանգույցներում սանիտարահիգիենիկ պայմանները ողբալի վիճակում են։

Գրություններ եմ ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին եւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Ահազանգել եմ Հայաստանի դպրոցներում եւ մանկապարտեզներում սանհանգույցների սանիտարահիգիենիկ պայմանների, տաք ջրի համատարած բացակայության, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայության, ինչպես նաեւ խմելու ջրից օգտվելու եղանակների մասին:

Սեպտեմբերի 1-ից՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ, ես բազմաթիվ ծնողներից եւ ուսուցիչներից ստացել եմ դժգոհություններ, որ տարիներ շարունակ՝ թվարկված խնդիրները չեն լուծվում.

a Խոսվում է ներառականության մասին, սակայն դպրոցներում սանհանգույցներն անգամ հարմարեցված չեն սահմանափակ կարողություններ ունեցողների համար:

a Դպրոցների մեծամասնության ներսում զուգարանակոնքեր չկան (պպզելու միջոցով բնական կարիքները հոգալու հնարավորություն է միայն), որը դժվար է, հատկապես՝ տարրական դասարանների երեխաների համար:

a Շատ դեպքերում ե՛ւ այսպես կոչված «պպզովի», ե՛ւ «նստովի» զուգարանակոնքերը տեղադրված չեն փակ խցիկներում կամ գոնե առանձնացված չեն միջնորմերով, ինչը գործող նորմերի խախտում է:

a Դպրոցների մեծ մասում սանհանգույցների սենքերը եւ սարքավորումներն ապահովված չեն հեղուկ օճառով նույնիսկ:

a Մեծ մասում ապահովված չեն նաեւ ձեռքերի չորացման համար էլեկտրական սարքերով կամ թղթյա մեկանգամյա օգտագործման սրբիչներով (երեխաները տանից սրբիչ են տանում):

a Գրեթե համատարած բացակայում է տաք ջրամատակարարումը:

a Երեխաները ջուր խմում են սանհանգույցի ծորակներից, երբեմն ձեռքերով կամ ընդհանուր բաժակով, ինչը հիվանդությունների եւ վարակների տարածման մեծագույն ռիսկ է:

Պահանջել եմ նախարարներից տալ հետեւյալ պարզաբանումները.

l ե՞րբ են վերջին անգամ ուսումնասիրել թվարկված խնդիրները

l ի՞նչ են արձանագրել այդ դաշտում

l դրանց լուծման մասով ի՞նչ ծրագրեր ունեն մշակված

l ո՞րքան ֆինանսական ներդրում է անհրաժեշտ ՀՀ դպրոցների սանհանգույցները գործող իրավական նորմերին համապատասխանեցնելու եւ պատշաճ տեսքի բերելու համար

l կոնկրետ ի՞նչ ժամկետներում են պատրաստվում լուծել տարրական սանիտարահիգիենիկ օրհասական խնդիրները հանրակրթական դպրոցներում:

Ի վերջո, ակադեմիական քաղաք կառուցելուց առաջ՝ նախ անհրաժեշտ է, որ ապագա ուսանողները նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններում ստանան իրենց դեռեւս դպրոցական կրթությունը:

Պարզաբանումները եւս կհանրայնացնեմ», – ամփոփել է պատգամավորը:

 

 

ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սրբազան պայքարի երբեմնի ակտիվ մասնակիցներից Սուրեն Պետրոսյանը, ով պայքարի ամենաթեժ օրերին անհետացել էր, երեկ հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին ու մի շարք աղմկահարույց հայտարարություններ արել։

Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ «Սրբազան պայքարը» գլխավորվել եւ կառավարվել է նախկին նախագահների՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Իսկ թե ինչու է միայն հիմա դա անհանգստացնում Սուրեն Պետրոսյանին, նա պարզաբանում է՝ «նախկինների» ներգրավվածության մասին կասկածել է դեռ մայիսի 10-ից, սակայն չի բարձրաձայնել պրոցեսին չխանգարելու համար։ Ներքին զրույցներում, սակայն, բարձրաձայնել է։

Սուրեն Պետրոսյանը, ամիսներ շարունակ շարժմանը մասնակցելուց հետո, հայտարարում է, որ իր համար կարմիր գիծ է եղել, որ շարժման մեջ խորհրդարանական ընդդիմությունը չպետք է լուրջ ներգրավվածութուն ունենա։

Պետրոսյանի պնդմամբ` իշխանափոխություն հնարավոր է, եթե, նախ, լինի ընդդիմափոխությունը, ինչը, սակայն, ըստ նրա՝ տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին՝ Սուրեն Պետրոսյանը նշում է՝ նրա հետ լուրջ հակասություն չի եղել, սակայն մայիսի 9-ի հանրահավաքին Բագրատ Սրբազանի կողմից իշխանությունների հրաժարականի պահանջ դրվել է, բայց նախկինների չվերարտադրվելու մասին նա չի հայտարարել։

Սուրեն Պետրոսյանը դժգոհում է խորհրդարանական ընդդիմությունից նաեւ այն բանի համար, թե թույլ չեն տալիս որեւէ նոր քաղաքական ուժ հայտնվի, իսկ ով քննադատում է իրենց, որակավորում են՝ «ՔՊ-ի գործակալ»։

Ստացվում է՝ Սուրեն Պետրոսյանի խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ խորհրդարանական ընդդիմությունը։

Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ շարժման հանրահավաքի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո Սուրեն Պետրոսյանն այլեւս չի հայտնվել շարժման կողքին, իսկ մինչեւ այդ նա ներկա է եղել գրեթե բոլոր ակցիաներին։

 

 

 

ԿԱՆԱԴԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

Կանադայի խորհրդարանի անդամ Գառնեթ Ջենուեյսը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին եւ խոսել Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական քաղաքականության մասին։

«Մեկ տարի առաջ Ադրբեջանը սեփական ընտրությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի/Արցախի ինքնակառավարվող տարածքի դեմ։ Հարձակմանը հաջորդել է այդ շրջանի բնակչության ամբողջական տեղահանումը»,- տեսանյութին կից գրել է Ջենուեյսը։

Ընդգծենք, որ գրառումն արվել է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Անկախության օրը։

 




Լրահոս