Իրանական Tasnim գործակալությունը վերլուծել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր. «Մենք կողմ ենք Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը եւ հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը խոչընդոտում է Սյունիքում հաղորդակցությունների վերաբերյալ վարչապետ Փաշինյանի ստորագրած համաձայնության կատարմանը»։
Գործակալությունը նշում է, որ ՌԴ ԱԳՆ-ի այդ դիրքորոշումը ԶԼՄ-ներում տարբեր մեկնաբանությունների եւ «Զանգեզուրի միջանցքը» բացելու՝ Ռուսաստանի ցանկության մասին տարբեր ենթադրությունների առիթ է տվել. «Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպումներում բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը դեմ է այդ միջանցքին, որը սահմանների եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների կհանգեցնի։ Ռուսաստանի այդ դիրքորոշման նկատմամբ զգայունությունն ուժգնացավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի վերջին հայտարարություններից հետո»։
Վերջին քննարկումներից Իրանը դիվանագիտական միջոցներ է ձեռնարկել՝ ռուսական կողմին անհրաժեշտ ուղերձ փոխանցելու համար»։
Գործակալության հրապարակած հոդվածում մի քանի արձանագրումներ ու խորհուրդներ են ձեւակերպված՝ 7 հիմնարար կետերը։
. Առաջին հերթին՝ ՌԴ ԱԳՆ-ն Իրանի սպասելիքներին հակասող հայտարարություններ է անում։ Ռուսաստանը մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով տեղեկացված է եղել Իրանի հստակ եւ ճիշտ դիրքորոշման մասին, որի համաձայն՝ մենք դեմ ենք Զանգեզուրի եւ այլ միջանցքների բացմանը։
. Երկրորդ հերթին՝ Ռուսաստանի իշխանությունները հիանալի հասկանում են, որ ԻԻՀ-ը, որպես անկախ երկիր, որն ունի հստակ դիրքորոշում՝ կապված տարածաշրջանային իրադարձությունների հետ, մշտապես դեմ է Ամերիկային, Արեւմուտքին եւ բոլոր նրանց, որոնք ձգտում են գերիշխող դիրք զբաղեցնել, եւ Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո պատմական իրադարձությունները հաստատում են Թեհրանի հիմնական ռազմավարությունն՝ ընդդեմ գլոբալ խաբեբաների։
. Երրորդ՝ Իրանը չի ընդունի իր սահմանների մոտ որեւէ փոփոխություն։
. Չորրորդ՝ Հարավային Կովկասի ոչ մի երկրի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական դիրքը, ոչ մի կանոնի համաձայն, չունի առավելություն մյուս երկրների նկատմամբ։ Եվ ինչո՞ւ են մեր ռուսաստանցի բարեկամները կարծում, թե կարող են Զանգեզուրի միջանցքն օգտագործել՝ Հայաստանի հետ իրենց խնդիրները լուծելու համար։
. Հինգերորդ, երբ Ռուսաստանը պատերազմում էր Ուկրաինայի հետ, ամերիկացիները ցանկություն հայտնեցին ճանապարհ բացել Հարավային Կովկասում։ Իսկ ԻԻՀ-ն միայնակ դիմակայեց ՆԱՏՕ-ին եւ Ամերիկային։ Ինչո՞ւ է հենց հիմա Ռուսաստանը հայտարարում այդ մասին, երբ Իրանը հայտնել է իր հստակ դիրքորոշումը, որն ընդունում են կողմերը։ Իրապես զարմանք է առաջացնում այս հարցը։
. Վեցերորդ՝ երկու երկրների իշխանությունները պատրաստվում են ռազմավարական հարաբերություններ կնքել, եւ դա ԻԻՀ կամքի դրսեւորման նշան է։ Հաշվի առնելով պարոն Պուտինի եւ ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների հստակ եւ կարեւոր պայմանավորվածությունները՝ ՌԴ ԱԳ նախարարի նման դիրքորոշումը զարմանք է առաջացնում։ Կարծես, «ռազմավարական հարաբերություններ» հասկացությունը պետք է վերասահմանել ՌԴ ԱԳ նախարարի համար։
. Յոթերորդ՝ այժմ տպավորություն է ստեղծվում, թե ՌԴ ԱԳ նախարարը մոլորվել է եւ կարծում է, որ իր շահերից է բխում Հայաստանի հետ խնդիրները լուծելը՝ օգտագործելով Զանգեզուրի միջանցքը, որը չի ստեղծվի Իրանի դիմակայության շնորհիվ։
Գործակալությունը հիշեցնում է, որ այդ միջանցքը փակում է դեպի Եվրոպա Իրանի դարպասներից մեկը։
Ամփոփելով՝ Tasnim-ում հրապարակված հոդվածում ընդգծվում է, որ եթե ուզում են միջանցք բացել, արեւմուտքը անպայման կդիմադրի, եւ այդ ժամանակ այս հակամարտությունը սրման նոր օջախ կստեղծի Իրանի հյուսիսարեւմտյան զգայուն սահմանների մոտ:
Է. Մ.
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Իսրայելյան թեժ իրավիճակներն առայժմ չեն հանդարտվում։
Չնայած այն հանգամանքին, որ վերջին 10 ամիսներին Իսրայելը ռազմական գործողություններ է իրականացնում Գազայում, հենց Իսրայելում էլ թեժ իրավիճակ է տիրում՝ 4-րդ օրն անըդմեջ բողոքի լայնամասշտաբ ցույցեր են իրականանում։
Իսրայելի ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ գրեթե կես միլիոն մարդ, Նեթանյահուի կառավարությունից պահանջելու Արեւմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի հետ լուծման հասնել՝ պատանդներին «անհապաղ» վերադարձնելու հարցով։
Հարկ է նշել, որ Գազայի հատվածում հայտնաբերվել են դեռ հոկտեմբերի 7-ին պատանդառվածներից 6 անձանց դիերը, որոնք էլ վերջերս են սպանվել՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտմամբ։ The Jerusalem Post-ի հայտմամբ՝ դեռ կենդանի պատանդներ կան, որոնց համար կարելի է գործարք կնքել, սակայն Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, քաղաքական պատճառներով պայմանավորված, չի համաձայնում դրան։
Ահա այս ամենի պատճառով էլ ամեն բան սկսվել է։
Թել Ավիվում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներ, խլացուցիչ նռնակներ է կիրառել, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել, հաղորդվում է շուրջ երեք տասնյակ ձերբակալվածների մասին։ Ի նշան բողոքի՝ սկսվել է նաեւ մասշտաբային, համընդհանուր գործադուլ։
Բազմաթիվ իսրայելցիներ պատանդառուների սպանությունների աճի համար մեղադրում են հենց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ՝ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլ, այնուհետեւ, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
Այցի ընթացքում ԱԽ քարտուղարը մի շարք աշխատանքային հանդիպումներ կունենա:
ԹՐԱՄՓԸ ԵՎ ՔԱՄԱԼԱ ՀԱՐԻՍԸ ԿԱՌԵՐԵՍՎԵՆ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ գործող փոխնախագահ, դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի մեծ հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին՝ Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում։ Սա կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը։
Բանավեճը կհեռարձակվի ABC News հեռուստաալիքով։
ԱՄՆ նախկին նախագահ Թրամփն իր սոցիալական էջում դժգոհություններ էր հայտնել հեռուստաբանավեճի անցկացման պայմանների հետ կապված. «Ես պայմանավորվածություն եմ ձեռք բերել արմատական ձախ դեմոկրատ ընկեր Քամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու շուրջ։ Այն կհեռարձակվի ուղիղ եթերում ABC News կեղծ լուրերի հեռուստաալիքով, ամենազզվելի եւ ամենաանարդար հաղորդավարի հետ»։
Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուների բանավեճի անցկացման պայմաններին՝ նախատեսվում է, որ թեկնածուները բանավեճի ժամանակ կանգնած կլինեն, նրանք չեն կարող օգտագործել գրառումներ կամ նախապես պատրաստված թերթիկներ։ Թեկնածուներին հարցերը նախապես չեն ուղարկվելու: Բանավեճի ընթացքում թեկնածուներից մեկի խոսելու ժամանակ մյուսի խոսափողն անջատվելու է։ Հատկապես այս նախապայմանեի հետ կապված թեկնածուների միջեւ լուրջ տարաձայնություններ եղան։
Նախնական երկու թեկնածուներն էլ նախապես համաձայնել էին մեկի ելույթի ժամանակ մյուսի խոսափողը միացված թողնելու շուրջ, սակայն Թրամփը հրաժարվել էր դրանից։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀՐԴԵՀԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակում միջադեպերի վտանգը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են։ Այդ մասին ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Մենք պետք է մշտապես զգոն լինենք, քանի դեռ հակամարտությունը կամ ակտիվ ռազմական գործողությունները չեն ավարտվել: Կարծում եմ, որ որեւէ լուրջ բանի հավանականությունը չի կարելի բացառել», – ասել է Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ կատարած այցից հետո։
Օգոստոսին Զապորոժիեի շրջանի նահանգապետ Եվգենի Բալիցկին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Էներգոդարի հրթիռակոծման հետեւանքով հրդեհ էր բռնկվել Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացման համակարգերում։
Ավելի վաղ ԱԷԿ-ի տնօրեն Յուրի Չերնիչուկը հայտնել էր, որ ատոմակայանում ներկա ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին, իրենց խնդրանքով, հնարավորինս արագ ցույց են տվել տարածքում առկա իրավիճակը։