ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է 19 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է դեռեւս 2005թ. ապրիլին կատարված՝ ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի սպանության դեպքը, հայտնում են ՔԿ-ից:

 

«2005 թ. ապրիլի 11-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի տարածքում գտնվող ճաշարանի աստիճաններին հարող տարածքում ճակատի միջհոնքային շրջանում հրազենային երկու վնասվածքներով հայտնաբերվել էր պահակային ծառայություն իրականացնող, նույն զորամասի ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանը, ով զորամասի հրամանատարության կողմից անմիջապես տեղափոխվել էր Գորիսի քաղաքային հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում թեեւ սպանության կատարման համար 2005 թ. մայիսին քրեական հետապնդում էր հարուցվել տուժողի համածառայակից՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վ.Ա.-ի նկատմամբ, սակայն նույն թվականի սեպտեմբերի 5-ին մեղքը հիմնավորող բավարար փաստեր ձեռք չբերվելու հիմքով՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր եւ վարույթը կասեցվել։

2023թ. մայիսի 29-ին կայացված համապատասխան որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը վերսկսվել է:

Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով 2023 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել՝ Վ.Ա.-ին առաջադրված մեղադրանքի ծավալի մասը վերացնելու մասին 2005 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը վերացնելու մասին: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական (այդ թվում՝ գաղտնի) եւ վարութային այլ մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2005թ. մարտի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասում հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո ժամկետային զինծառայող Վ.Ա.-ն, տեղեկացված լինելով նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի եւ ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժանմունքի աշխատակցի ազգակցական կապի մասին, անհիմն ենթադրել է, որ Ն.Ի.-ն իր ազգականի միջոցով տվյալներ է տրամադրում իրավապահ մարմիններին եւ մեղադրել է վերջինիս ՌՈ-ին ինֆորմացիա հայտնելու մեջ: 2005թ. ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Վ.Ա.-ն ականատես է եղել շարահրապարակի մոտակայքում Նաիրի Իսախանյանի եւ ՌՈ վերոնշյալ աշխատակցի խոսակցությանը: Նույն օրը՝ ժամը 20:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Վ.Ա.-ն, համածառայողների շրջանում կեղծ հեղինակությունն ու դրանով պայմանավորված թվացյալ ազդեցությունն ընդգծելու շարժառիթով, գնացել է զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող պահակակետ, որտեղ ժամապահի պարտականություններն իրականացնող Նաիրի Իսախանյանին անվանել է «մատնիչ»։ Վերջինս հակադարձել է նրան, հիմնավորում պահանջել՝ նշելով, որ վերակարգի ծառայությունն ավարտելուց հետո այցելելու է նրան եւ խոսելու է այդ հարցի շուրջ:

Ժամեր անց՝ ապրիլի 11-ին՝ ժամը 02:20-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, Վ. Ա.-ն, դարձյալ գնացել է պահակակետ, որտեղ նոր կառուցվող ճաշարանին հարակից տարածքում, իր անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից, «ինքնահաստատման» պահանջից դրդված, խուլիգանական դրդումներով, համածառայակից Նաիրի Իսախանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով երկու կրակոցից բաղկացած կարճ կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ.Ա.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետին։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ վարույթի նյութերը դատարան ուղարկելու հարցը քննարկելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

 

 

ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՊՔ

ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առեւտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ էլեկտրոնային առեւտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղեւորների մաքսային սպասարկան եւ հսկողության բաժնի եւ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երեւան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի եւ վերջինիս ուղեբեռը:

Մաքսային զննման (տեսազննման) արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված 4 հատ 31 գրամ քաշով դեղին թեւնոց՝ թանկարժեք քարերի տեղադրման հենակների առկայությամբ, ադամանդ քարերի համար նախատեսված 239 հավաստագիր:

Անձի մաքսային զննման արդյունքում էլ քաղաքացու մոտ հայտնաբերվել է տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված 37 պոլիէթիլենային տոպրակ՝ ընդհանուր 246 գրամ քաշով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ խնդրո առարկա ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում, դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8,000,000 (ութ միլիոն) ՀՀ դրամը։

«Ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների եւ մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, եւ մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:

Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն եւ փոխանցել է ՀՀ քննչական կոմիտե։

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԱՐԱԶԻ ՓՈՂՈՑՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 4-ին՝ գիշերը ժամը 22։05-ին, Արտաշատ քաղաքի Արազի փողոցում իրարանցում է սկսվել։

Փողոցի բնակիչները վախից մտել են իրենց տներն ու թաքնվել։

Ահազանգի հետքերով փողոց են գնացել իրավապահները, ու պարզվել է, որ վերոնշյալ փողոցի բնակիչ Ն.Մ-ն իր մոտ եղած որսորդական հրացանով՝ «ՄՌ-27Մ»-ով, իր տան դիմացի հատվածից 6 անգամ կրակոց է արձակել օդ՝ կոպիտ կերպով խաթարելով հասարակական կարգը։ Իրավապահները ձերբակալել են վերջինիս։

Ք.  ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ

Մարդու իրավունքերի պաշտպան Անահիտ Մանասյանը օրերս հանդիպել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի եւ պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Պաշտպանի եւ Փաստաբանների պալատի ներկայացուցիչները։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքն առանցքային կարեւորություն ունի իրավունքի գերակայության ապահովման գործում։ Այս համատեքստում կարեւորվել է Պաշտպանի հաստատության եւ Փաստաբանների պալատի միջեւ ձեւավորված ամուր համագործակցությունն ի շահ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության։

Պաշտպանը նշել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարեւորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում եւ իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարեւորություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտներին, բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության խնդիրներին, իրավաբանական օգնության նկատմամբ կիրառվող հարկային փոփոխություններին առնչվող եւ մի շարք այլ հարցեր։

Ի թիվս այլնի՝ զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հնարավոր ուղղություններին եւ համատեղ միջոցառումների իրականացմանը։

Իր հերթին, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ կարեւորել պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

 

 




Լրահոս