ԴԵՂԱՏՆԻՑ ԴԵՂԵՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կսահմանվի եւ կհստակեցվի բժշկական հաստատության դեղատան կողմից դեղերի բացթողնման կարգը, ինչը կնպաստի օրենքի խախտմամբ ներմուծված կամ չգրանցված կամ ժամկետանց դեղերից հնարավոր բաշխման դեպքերի նվազեցմանը կամ բացառմանը, բացի դրանից, նշված գործառույթների վերահսկողությունը կդարձնի առավել համապարփակ ու արդյունավետ:

 

ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի հեղինակած ««Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հիմնական զեկուցող, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ներկայացնելով վերոնշյալ օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ընթացքում բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ դեղերի մեծածախ իրացման կամ դեղատնային գործունեության լիցենզիաներ ունեցող ընկերությունների կողմից մեկ տարվա ընթացքում ոչնչացման են ներկայացվել օրենքի խախտմամբ ներմուծված, կամ չգրանցված դեղեր, վտանգավոր թափոնների ոչնչացում իրականացնող կազմակերպությունները տվել են ոչնչացումը հավաստող փաստաթղթեր եւ դրանք ներկայացվել են տեսչական մարմնին: Մյուս կողմից, վերահսկողական գործիքակազմի բացակայությունը հնարավորություն չի տալիս տեսչական մարմնին հավաստիանալու` դեղերն իրապես ոչնչացվո՞ւմ են, թե՞ ոչնչացումը ստանում է փաստաթղթային ձեւակերպում, սակայն իրականում դրանք իրացվում են:

Խնդրի լուծման նպատակով առաջարկվում է պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, կեղծ, օգտագործման համար ոչ պիտանի, օրենքի խախտմամբ ներմուծված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ոչնչացում իրականացնող լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առձեռն կամ փոստով, միաժամանակ նաեւ էլեկտրոնային փոստով, տեսչական մարմնին առնվազն 3 աշխատանքային օր առաջ տրամադրել ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկություն` ոչնչացման ենթակա դեղի անվանման, քանակի, սերիայի, պիտանիության ժամկետի, ոչնչացման վայրի, ժամի, ոչնչացում իրականացնելու համար դիմողի տվյալների վերաբերյալ: Ոչնչացում իրականացնելու վերաբերյալ տեղեկության չտրամադրումը կամ սահմանված ժամկետի խախտմամբ տրամադրումը կառաջացնի օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

Ոչնչացման գործընթացը նախատեսվում է իրականացնել տեսչական մարմնի ներկայացուցչի անմիջական մասնակցությամբ եւ տեսաձայնագրմամբ:

Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ ոչնչացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տեսչական մարմնին սահմանված ժամկետում տրամադրելը հնարավորություն կտա վերահսկելի դարձնել ոչնչացման գործընթացը, կապահովի գործընթացի իրականացման թափանցիկությունը, կկանխի հնարավոր ոչ օրինաչափ գործողությունների իրականացումը:

Հարցի վերաբերյալ կառավարության դրական դիրքորոշումը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

 

 

 

«ԹՈՒՄՈ»-Ի ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ ՀԱՍԱՆԵԼԻ

«Թումո»-ն սկսում է նոր ուսումնական տարին Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոնի գործունեության մեկնարկով։ Վեց «Թումո» տուփերից կազմված ժամանակավոր կենտրոնը «Թումոյի» տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում արտադպրոցական անվճար կրթությունը հասանելի է դարձնում մարզի բոլոր պատանիների համար։

Մարզում գործող կրթական ցանցը հնարավորություն է տալիս շաբաթական շուրջ 1,300 պատանիների հմտանալ ամենաարդիական ոլորտներում, ինչպիսիք են խաղերի ստեղծումը, ծրագրավորումը, անիմացիան, ֆիլմերի ստեղծումը, թվային նկարչությունը, 3D մոդելավորումը եւ ավելին։

Ժամանակավոր կենտրոնը գտնվում է քաղաքի ավագ դպրոցին կից տարածքում՝ Շահումյան 12 հասցեում։ Սեպտեմբերի 2-ից այստեղ են անցկացվում գրանցված ուսանողների եւ նրանց ծնողների հետ կողմնորոշիչ հանդիպումները, իսկ սեպտեմբերի 9-ից կսկսեն ինքնուսուցման վարժանքները եւ դասընթացները։ «Թումոն» հրավիրում է Վայոց Ձորի բոլոր 12-18 տարեկան պատանիներին միանալ ծրագրին՝ ծնողների օգնությամբ գրանցվելով register.tumo.org կայքում։

 

 

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ արդեն երրորդ օրն է, ինչ դեպի Հրազդան, Չարենցավան գնացող երթուղայինների կանգառում 40 րոպե եւ ավելի քաղաքացիները եւ հատկապես ուսանողությունը ստիպված են կիզիչ արեւի տակ սպասել ավտոբուսի, որպեսզի կարողանան հասնել տուն:

«Երթուղայինի մոտենալուն պես՝ վայրկյենական լցվում է՝ հրմշտոցով, ԿԱՆԳՆԱԾ երթեւեկել պատրաստ ուսանողությամբ։

Ուզում ենք մարզերը զարգանա՞ն, Երեւանը բեռնաթափվի՞։ Այս ուսանողներից յուրաքանչյուրը վաղն ամեն ինչ կանի, որ մնա Երեւանում, որ իր երեխաներն էլ այս տանջանքները չտեսնեն։ Չմոռանաք բոցաշունչ ճառեր ասել ուսանողության, երիտասարդության օրվա առթիվ»,- գրել էր նա:

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց տվյալ երթուղին սպասարկող «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ ընկերության շահագործման բաժնի ղեկավար Արման Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե ինչով է պայմանավորված տրանսպորտի նման հաճախականությամբ աշխատանքը, վերջինս ասաց, որ նման բան լինել չի կարող:

«Հրազդան-Երեւան երթուղին սպասարկող 270 համարի ավտոբուսն աշխատում է 5-ից 10 րոպե միջանկյալ ժամանակով։ Օրվա ընթացքում կարող է լինել մեկ երթ՝ ցերեկային ժամերին 15 րոպե (դա ամենաերկար ինտերվալն է), իսկ Չարենցավանը 4-ից 12 րոպե է, միջինում 5-8 րոպեն մեկ մի մեքենա է գնում Չարենցավանից Երեւան։

Մեքենաները տեղորոշման համակարգ ունեն ու GPS-ով տեսնում ենք»,- հավելեց նա։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՀԵՐՈՍԻ ԱՐՁԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Կիրանցի նախկին դպրոցի առաջ հառնում է զոհված ազատամարտիկ Գագիկ Վարդանյանի արձանը, Կիրանցի հիմնական դպորցը կոչվում է Գ. Վարդանյանի անվամբ։ Վարդանյանը հերոսաբար զոհվել է  Արցախյան առաջին պաերազմում` 1992 թվականի մարտին։ Կիրանցի նորակառույց դպրոցի շենք Գ. Վարդանյանի արձանը չեն տեղափոխել։ Կիրանց գյուղից հայտնեցին, որ գյուղի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնել է, որ հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման, նորակառույց դպրոցի տարածքում տեղադրելու համար պետական բյուջեից գումար չի հատկացվել, դա կարող են անել զոհված հերոսի հարազատները։ Զանգահարեցինք Վ. Բաբինյանին, նա ասաց, որ Գագիկ Վարդանյանի եղբայր Գրիշան, ով բնակվում է ՌԴ Լիպեցկ քաղաքում, հանձն է առել իրականացնել եղբոր հուշարձանի տեղափոխումը նորակառույց դպրոցի տարածք։ Կիրանց գյուղից հայտնում են, սակայն, որ Գրիշա Վարդանյանը չի ցանկանում, որ եղբոր հուշարձանը տեղափոխվի Ադրբեջանին հանձնված տարածքից ընդամենը 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց, որովհետեւ մտավախություն ունի, որ այն կարող է դառնալ ադրբեջանական դիվերսիայի, անարգման թիրախ, ինչպես դարձավ Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը։

 

 

 

ՇՆԱԳԱՅԼԵՐԸ ԵՎ ԳՅՈՒՐԶԱՆԵՐԸ ԲԱԶՄԱՑԵԼ ԵՆ

Տավուշի մարզում ավելացել է շնագայլերի թիվը։ Նրանք գիշերները գյուղերի ձորերում աղիողորմ, մարդկային լացի նման ձայներ են արձակում։ Շնագայլերը ոչնչացնում են գյուղացիների հավերը, ճուտերը։ Նախկինում շնագայլերը գիշերով գյուղացիների այգիներն ու բանջարանոցներն էին մտնում, հիմա դեպքեր են լինում, որ նրանք գյուղերում ցերեկով են հայտնվում։ Փոխվել է նաեւ այդ կենդանիների պահվածքը. նախկինում նրանք փախչում էին, երբ հայտնվում էին ավտոմեքենաների լուսարձակների լույսի տակ, հիմա չեն վախենում, չեն փախչում։ Բագրատաշենի բնակիչ Մուշեղ Մամուլյանն ասում է, որ  շնագայլերի մի քանի տեսակներ է նկատել, մի քանի տարի է, ինչ դրանց վարվելակերպում փոփոխություն կա, դրանք  վխտում են գյուղերի փողոցներում, բակերում։ Մի քանի տարի առաջ  շնագայլերը Բագրատաշենի  դպրոցի մոտ գիշերը հոշոտել էին գյուղացիներից մեկի  էշը։ Մուշեղ Մամուլյանին շնագայլերից առավել անհանգստացնում է գյուրզա տեսակի օձերի  բազմանալը։ Այս տարի Բագրատաշենում  մի քանի դեպք է եղել,  որ  այգիներում, տների բակերում շները սատկել  են թունավոր օձերի խայթոցներից։ Մուշեղն ասում է. «Մոտ մեկ ամիս առաջ իմ շանն էլ, որը մաքրացեղ դոբերման էր, գյուրզան կծեց, ու սատկեց խեղճը։ Օձը պնդուկի ծառի վրա էր, շունս ինձ փրկեց, իսկ ես իրեն չկարողացա փրկել` անտիգյուրզին չգտնելու պատճառով։ Հակաթույն ունենալու խնդիրը կարեւոր է, հատկապես սահմանին կանգնող ,սահման պահող զինվորների համար եմ անհանգիստ»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս