ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԿԲԱՐԵԼԱՎՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի օգոստոսի 12- 26-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է մի շարք կարեւոր տվյալներ։ Երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի աճի եւ հուլիս ամսվա տնտեսական ակտիվության վերաբերյալ հրապարակված տվյալները շարունակում են վկայել Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ներքին պահանջարկի ուժեղ վիճակի մասին։ Եթե այս դինամիկան, պահպանվի, այն պետք է նպաստի երկրում ներդրումային միջավայրին։ Այնուամենայնիվ, շինարարության ոլորտում արագացված տեմպերով աճը կարող է հանգեցնել շուկայում առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռության եւ միջնաժամկետ հեռանկարում ճնշում գործադրել անշարժ գույքի գների վրա:

 

գ Հայաստանի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում աճել է տարեկան 6.4%-ով (մինչեւ մոտ 2.3 տրլն դրամ)՝ գերազանցելով աճի ակնկալիքները, որոնք կազմել են տարեկան 5.5%: Ամենաբարձր աճի տեմպերն արձանագրվել են անշարժ գույքի (+19,7% տարեկան), մեծածախ եւ մանրածախ առեւտրի եւ ավտոմեքենաների/մոտոցիկլետների վերանորոգման (+19,6% տարեկան), ինչպես նաեւ շինարարության եւ մասնագիտական, գիտատեխնիկական գործունեության ոլորտներում (աճը` 17.9% տարեկան): Ամենամեծ անկում է գրանցվել հանքարդյունաբերության ոլորտում (բաց հանքերի արդյունահանում եւ շահագործում եւ այլն)՝ 15.1% տարեկան, կապի ոլորտում՝ 14.1% տարեկան։

գ Հայաստանում հուլիսին տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 6,2%-ով (կանխատեսված 4,1%-ի դիմաց), իսկ հունիսի համեմատ՝ 5,6%-ով։ Յոթ ամսվա ընթացքում աճը կազմել է 9.6% տարեկան կտրվածքով: Շինարարության ծավալները շարունակում են աճել՝ հուլիսին տարեկան 17.7%-ով եւ 11.6% տարեկան տարբերակով:

գ S&P-ն տարվա համար գնաճը կանխատեսում է 1,6%: Նախատեսվում է նաեւ, որ Հայաստանի տնտեսությունը մինչեւ 2027 թվականը կաճի տարեկան մոտավորապես 5,0%-ով։

գ Հայաստանի առեւտրի դեֆիցիտը 15,3%-ով բարձր է եղել առաջին կիսամյակի մակարդակից (դոլարին համարժեք դրամով):

Արտահանումը երկրից հուլիսին նվազել է 5,4%-ով, իսկ ներմուծումն աճել է մոտ 2,5%-ով։

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՀՀ ԺԱՄԱՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Զբոսաշրջության ամառային սեզոնն ավարտված է, սակայն Հայաստանում զբոսաշրջության բում այս տարի եւս չեղավ։ Եթե նախորդ 2 տարիներին զբոսաշրջությամբ Հայաստան ժամանած քաղաքացիների մեծ մասը Ռուսաստանից էր, այժմ այդ թիվը նվազել է. նախկինում մինչեւ 500 հազար ՌԴ քաղաքացի էր գալիս Հայաստան, այժմ ՌԴ-ից Հայաստան եկողների թիվը ավելի է նվազել՝ դառնալով 395 հազար 688 մարդ։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 435 775 զբոսաշրջիկ, ինչը 14 հազար 206-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Հարկ է նշել, որ 2024 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ավելի շատ էին ժամանում, քան ամռան ամիսներին։

Ռուսաստանից հետո հաջորդը Վրաստանն է, որտեղից Հայաստան են գալիս զբոսաշրջության նպատակով։

Վրաստանից Հայաստան է եկել 126 հազար 927 մարդ, ապա հաջորդում է Իրանը՝ 69 հազար 252 մարդ, Հնդկաստանը՝ 24 հազար 949 մարդ, ԱՄՆ-ից՝ 17 հազար 42 մարդ եւ այլն։

Զբոսաշրջության նպատակով Հայաստան են գալիս անգամ Ֆիլիպիններից, Չինաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից։

 

 

 

 

Wildberries ԹԵ՞ Temu. ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վերջին շրջանում շատ դժգոհություններ են հնչում «Վայլդբերիզ» օնլայն առեւտրի կենտրոնի վերաբերյալ: Շատ օգտատերեր բողոքում են, որ պատվերներն իրենց հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում, կամ ետ ուղղարկված ապրանքի գումարը չի փոխհատուցվում. պատվերը նշված ժամկետից շուտ է ետ գնում՝ առանց քաղաքացու հաստատման:

Հիմա մեկ այլ խնդիր է, շատ օգտատերերի հոռախոսում օնլայն ծրագիրը չի աշխատում, կամ նշվում է, որ տվյալ ապրանքը սպառված է:

Նման խնդիրների պատճառով հայերն արդեն անցել են չինական առեւտրի շուկա՝ օգտվելով Temu օնլայն առեւտրի հարթակից:

Քաղաքացիները նկատել են, որ «Վայլդբերիզում» բոլոր ապրանքներն ավելի թանկացել են, այդ իսկ պատճառով հիմա ավելի արդի է դարձել Temu-ն, որտեղ բոլոր ապրանքներն ավելի մատչելի են, պատվերը հասնում է նշված ժամանակից շուտ, ետ վերադարձի համար գումար չի գանձվում:

Նյութերը՝ ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

Ի՞ՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՀԵՂՈՒԿ ԳԱԶԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը այցելել է հեղուկ գազի լցակայաններ՝ պարզելու՝ ինչ իրավիճակ է տիրում հեղուկ գազի շուկայում, քանի որ հեղուկ գազի գինն անդադար աճում է։

Լցակայանի աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել են, որ առաջիկայում կրկին թանկացումներ են սպասվում, իսկ վարորդներն էլ իրենց հերթին հայտնել են իրենց դժգոհությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ գազաբալոններ տեղադրող մասնագետի հետ, ով նշել է, որ շատ վարորդներ հեղուկ գազի գազաբալոնները փոխարինում են եւ տեղադրում սեղմված գազի գազաբալոններ։

 

 

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Արագածոտնի մարզի բոլոր բնակավայրեր հասնող միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները գործնական փուլում են։ Գործընթացը քննարկելու նպատակով Արագածոտնի մարզում էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, որը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ խորհրդակցություն է անցկացրել համայնքապետների եւ Արագածոտնի մարզի երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումն ապահովելով՝ ներդրվում է միասնական երթուղային ցանց, որը հանրային տրանսպորտով ապահովելու է անգամ մարզի ամենահեռավոր գյուղերին։

Փոխնախարարը ներկայացրել է ցանցի ներդրման նպատակով հայտարարվող մրցույթի մանրամասները, միջազգային լավագույն փորձը, լսել մասնակիցների առաջարկություններն ու դիտարկումները, որի արդյունքում վեր են հանվել խնդիրներն ու նախանշվել դրանց լուծման ուղիները։

 

 

ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԿԱՊՈՒՂԻ

Երեւանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Թումանյան եւ Հանրապետություն փողոցներում: Նախագծի շրջանակում «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլեւս չեն լինի:

Քաղաքապետարանից հայտնում են, որ նախագիծը ներառում է նաեւ հենասյուների ու նատրիումային եւ սնդիկային լամպերի փոխարինում LED լուսատուներով: Ծրագրի հիմնական նպատակը Երեւանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ունենալն է:

 




Լրահոս