70-77 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԿՐԹԱԹՈՇԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բակալավրիատում եւ մագիստրատուրայում սովորողների պետական կրթաթոշակի չափերի եւ մասնագիտությունների ցանկի մասին նախագծում փոփոխություններ կլինեն: Նախորդ տարվա ցանկում ընդգրկված էին բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրեր, այս տարվանից կներառվեն նաեւ ագրարային ուղղվածությամբ մասնագիտություններ, որոնք եւս պետության համար առաջնային նշանակություն ունեն: Այդ մասին երեկ՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստում համապատասխան որոշումը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

«Առաջարկում ենք այս ցանկում ներառել մի շարք այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են պարենային անվտանգության եւ թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտությունները, անասնաբուժության, անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, ագրոնոմիայի, որում ներառված են օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային ագրոտեխնոլոգիայի, բույսերի պաշտպանության ոլորտները, անտառային տնտեսության եւ բնակավայրերի կանաչապատման, անասնաբուծության, կենդանագիտության եւ կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության եւ ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտները»,- թվարկեց նախարարը եւ հավելեց՝ նպատակը այս ոլորտներում կրթություն ստացողների թիվը մեծացնելն է:

Նախագծի ընդունման արդյունքում, ըստ առաջադիմության, 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային վերոնշյալ մասնագիտություներով սովորողներին:

«Որոշման կարգավորումները տարածվելու են այս ուսումնական տարվանից՝ 2024-2025 ուսումնական տարվանից, այս ուղղություններով առաջին կուրս ընդունված սովորողների վրա»,- ասաց նախարարը եւ տեղեկացրեց, որ խոսքը մոտ 220 ուսանողների մասին է, որոնք սովորում են ագրարային մասնագիտություններով:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ բնագիտական մասնագիտությունների մասով կրթաթոշակի ներդրումից հետո այս ուղղություններով ընդունվածների աճ է արձանագրվել, օրինակ՝ 2022-ին բնագիտական մասնագիտություններով ընդունված ուսանողների թիվը 124 է եղել, 2023-ին՝ շուրջ 251, իսկ 2024-ին՝ 304 ուսանող, այն է՝ մոտ 2,5 անգամ ավելի, քան 2022-ին էր՝ մինչեւ որոշման ընդունումը:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ սա այն որոշումներից է, որը բխում է իրական կյանքից, եւ այս որոշման անհրաժեշտությունը տեսել է տարբեր մարզերում:

Նաեւ նկատեց, որ գյուղատնտեսության ոլորտում որոշ մասնագետներ աշխատում են ժամավճարով, որի 1 օրվա գինը, օրինակ, կարող է հասնել 700-800 եվրոյի: Մի քանի օրով նման մասնագետի վարձելը հասու չէ գյուղատնտեսին:

«Այս տրամաբանությունից ելնելով՝ ներդրողները խնդիր են դնում, ասում են՝ մենք ենք փնտրում աշակերտների եւ փորձում ենք ուղեկցել, որ նրանք մասնագիտություն ընտրեն, այսօրվանից գան, սկսեն զրոյական մակարդակից աշխատել, զուգահեռ կրթություն ստանալ, եւ հիմա սա պահանջված է, եւ որպեսզի մենք նաեւ այս խողովակով այդ մասնագիտությունները խթանենք՝ իմանալով, որ աշխատատեղեր կան, եւ այդ աշխատատեղերը թափուր են եւ գնալով մեծանալու են»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ որոշումը կարեւոր է նաեւ տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից:

Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՆՈՐԱՀԱՅՏ ԵԿԵՂԵՑԻ՝ ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախումբը պեղումներ է իրականացնում Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Սպիտակ վանք» համալիրում (ղեկ. պ.գ.թ. Դ.Միրիջանյան): Այն բաղկացած է Ս. Աստվածածին եկեղեցուց, հարակից տապանաբակից, օժանդակ շինություններից: Ս. Աստվածածին եկեղեցին թվագրվում է 14-րդ դ. սկզբով՝ կառուցված է սպիտակ, սրբատաշ ավազաքարով, որից էլ առաջացել է ժողովրդական անունը՝ Սպիտակ վանք:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ պեղումների ուշագրավ արդյունքներից է նորահայտ եկեղեցին, որը բացվել է Ս. Աստվածածին եկեղեցու հյուսիսային կողմում: Նորահայտ եկեղեցու պատերը պահպանվել են գրեթե 1.5 մ բարձրությամբ, խորանին իր տեղում հայտնաբերվել է Սուրբ սեղանը, իսկ հյուսիսային պատին՝ մկրտության ավազանը:

Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ տապանաքարեր, որոնցից որոշները կրում եմ մարդու սխեմատիկ պատկերներ, ինչը բնորոշ է 13-14-րդ դդ., ինչպես նաեւ մեկ մոնղոլական դրամ:

Նորահայտ եկեղեցու խորանին պահպանված Սուրբ սեղանը եւ մկրտության ավազանը:

 

 

ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՇՔԵՂ ԵԼՈՒՅԹԸ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում հանդես է եկել Puplinge Classique փառատոնին, որն այս տարի նշել է իր 15-ամյակը:

Փառատոնի հանդիսավոր երեկոյին հանրահայտ Victoria hall-ում դիրիժոր Լյուք Բաղդասարյանի ղեկավարությամբ կամերային նվագախումբն արժանանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու հոտնկայս ծափահարություններին։

Համերգին ելույթ է ունեցել նաեւ «Sine Nomine Quartet»-ը, ինչպես նաեւ դաշնակահար Ֆրանսուա-Քսավյե Պոզատի, կլարնետահար Դամիան Բախմանը, երգչուհի Էլինա Դունին, Բայջու Բհատը եւ Red Sun-ը: Համերգի երկրորդ բաժնում Կամերային նվագախմբի հետ ելույթ է ունեցել շվեյցարական երիտասարդական նվագախումբը, ինչը երկկողմանի մշակութային երկխոսության լավագույն դրսեւորումներից էր։

Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին հայ եւ շվեյցարացի բարձրաստիճան այրեր։ Միջոցառմանը ներկա էր Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը եւ դեսպանության ամբողջ անձնակազմը, ինչպես հայկական հիմնադրամների խորհրդի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, միջազգային հանդիսատես, ֆրանկոֆոնիայի գրասենյակի ներկայացուցիչներ։

Սա նվագախմբի հյուրախաղերի առաջին կանգառն էր` նվիրված Շառլ Ազնավուրի 100-ամյակին։

Փառատոնին նվագախումբը մասնակցեց գեղարվեստական ղեկավար Ֆրանսուա-Քսավյե Պոզատի եւ միջազգային երաժշտական փառատոնի Գալա համերգի գեղարվեստական համակարգող Անի Գասպարյանի հրավերով:

 

 

ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՉԵԽԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՑ

Չեխիայի Պլզեն քաղաքում ավարտված վազող թիրախ մրցաձեւի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը եւս մեդալաշատ է եղել Հայաստանի հավաքականի համար։

Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձեւում 1086 միավոր արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։

Գոռ Խաչատրյանը 50մ խառը վազք մրցաձեւի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճել է ոսկե մեդալ։

Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը 50մ խառը վազք մրցաձեւի երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։

50մ խառը վազք մրցաձեւի երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակը 1036 միավոր արդյունքով արժանացել է արծաթե մեդալի։

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ՝ ՌԱՍԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուսը կարծում է, որ ՖԻՖԱ-ն պետք է քննարկի Իսպանիային 2030 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն ընդունելու հնարավորությունից զրկելու հարցը, եթե երկրում չկարգավորվի ռասիզմի հետ կապված խնդիրը։ ԱԱ-2030-ն անցկացվելու է երեք երկրում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում ու Մարոկկոյում։

«Մինչեւ 2030 թվականը շատ ժամանակ կա փոփոխություններ կատարելու համար։ Հուսով եմ՝ Իսպանիան կփոխվի եւ մարդիկ կգիտակցեն, թե որքան լուրջ բան է մարդուն մաշկի գույնի համար անպատվելը։

Կարծում եմ՝ եթե մինչեւ 2023 թվականն իրավիճակը չփոխվի, պետք է փոխել աշխարհի առաջնության մրցավայրը։ Ֆուտբոլիստներն իրենց հարմարավետ ու անվտանգ չեն զգա մի երկրում, որտեղ կան ռասիզմի դրսեւորումներ։

Ցանկանում եմ հնարավոր ամեն բան անել, որպեսզի իրավիճակը փոխվի, քանի որ Իսպանիայում շատ մարդիկ ռասիստ չեն։

Դա մարդկանց փոքր խումբ է, որը փչացնում է մի երկրի համբավը, որտեղ ապրելը շատ հաճելի է»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է CNN-ը։

Իսպանիայի Լա լիգայի խաղերի ժամանակ Վինիսիուսը մի քանի անգամ հայտնվել է ռասիստական սկանդալի կենտրոնում։

 

 

 




Լրահոս