Ինչու՞ Հովհաննես Շահինյանը չընտրվեց Արշակ Կարապետյանի կուսակցության գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությունը հուլիսին երկրորդ հիմնադիր համագումարն էր արել:

Ի տարբերություն նախորդ համագումարի, որտեղ կուսակցության գլխավոր քարտուղար էր ընտրվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, երկրորդ անգամ տեղի ունեցած համագումարին Հովհաննես Շահինյանը չընտրվեց, ավելին՝ ընդհանրապես ներկա չէր կուսակցության համագումարին:

ArmLur.am-ը այս առնչությամբ դիմեց Հովհաննես Շահինյանին՝ պատճառները պարզելու համար.

«2019թ-ի հունվարից իմ նկատմամբ քրեական հետապնդումներ սկսվեցին, գործը այս պահին հասել է Հակակոռուպցիոն դատարան:

Քանի որ առաջին համագումարից հետո մեր կուսակցությունը չգրանցեցին, իսկ դա համընկավ իմ գործի քննչականում ավարտելու եւ դատարան ուղարկելու հետ, ես կուսակցության առաջնորդին՝ գեներալ Արշակ Կարապետյանին եւ իմ թիմակիցներին խնդրեցի, որ չեմ մասնակցի կազմակերպչական աշխատանքներին: Ուժերս պետք է կենտրոնացնեի դատավարության վրա, որպեսզի վերջապես հասկանամ՝ ինչում են ինձ մեղադրում: Ինձ ո՛չ հարցաքննեցին, ո՛չ քննչական գործողություններին մասնակցեցի, ո՛չ էլ առերեսումներին, գործը բացեցին, փակեցին, վերաորակավորեցին, տարբեր փուլեր անցանք:

Մենք իրավական դաշտում կռիվը շարունակում ենք, քանի որ պատվիրված հետապնդում է իրականացվում, իմ ակտիվությունը կարող էր ազդել կուսակցության գրանցման ու հետագա աշխատանքների վրա:
Այս փուլում իմ ուժերը կենտրոնացրել եմ դատաքննության վրա, իսկ մեր ընկերները շարունակում են աշխատել՝ կուսակցությունը գրանցվեց, ինչու ոչ, հենց իմ մասնակցությունն այս վարչախմբի համար պատճառ կարող էր հանդիսանալ կուսակցությունը չգրանցելու համար: Սա է եղելությունը»,-ասաց նա:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս