Բոլորը համակերպվել են, որ համալսարանը չի լինելու. դասախոսներ են ազատվում. նախկին պրոռեկտորը՝ Բրյուսովում տիրող իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ցուցակագրել եմ համալսարանի 59 աշխատակից դասախոսական թիմից և աշխատակազմից, որոնք ազատվել են աշխատանքից կամ իրենց դիմումի համաձայն հեռացել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։

ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել այն փաստին, որ Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ներկայիս ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի պաշտոնը ստանձնելուց հետո, համալսարանում բողոքի ալիքները չեն հանդարտվում։ Ըստ նախկին պրոռեկտորի՝ բուհի նման խնդիրները կապված են բուհի ներկայիս ղեկավարի հետ։

Հավելենք նաև, որ Դավիթ Գյուրջինյանը պաշտոնը ստանձնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հովանավորչություն ունենալով։ Նույնիսկ ռեկտորի ընտրության օրը Մհեր Գրիգորյանն անձամբ էր ներկա գտնվել։

Ցոլակ Ակոպյանը ArmLur.am-ի հետ զրույցում փորձել է փոխանցել, թե ինչպիսի պատկեր է այժմ համալսարանում տիրում։

1.Ի՞նչ իրավիճակ է հիմա բուհում, ո՞վքեր են լրացրել աշխատանքից ազատվածներին։

-Ցուցակագրել եմ 59 անձի, որոնց անձամբ եմ ճանաչում, գուցե ավելի շատ լինեն։ Այս ամենը Գյուրջինյանի դուրս գալուց հետո է եղել, բայց ոչ բոլորին է նա ազատել. շատերը զզվել էին իրավիճակից, այդ պատճառով ազատման դիմում էին ներկայացրել։

Օրինակ՝ կա աշխատակից, որը ռեկտորատի նիստին, իր պահվածքը չընդունելով, հաջորդ օրը դիմում է ներկայացրել։

Բուհում մարդիկ մեծամասամբ զզված գնում են աշխատանքի, բոլորը համակերպվել են, որ համալսարանը չի լինելու, գիտեն, որ սա արվում է համալսարանի հարցը վերջնականապես լուծելու համար։

Մարդիկ, ովքեր չեն խոսում, հիմնականում ինչ-որ բաներից կախված են՝ աշխատավարձից, աշխատանքից։
Ընդհանում բուհի ներքին մթնոլորտը ո՛չ համալսարանական է, ո՛չ հարիր է ակադեմիական միջավայրին։
Դասախոսներին փոխարինում են հիմնականում այնպիսի մարդիկ, որոնք կապ չունեն այդ մասնագիտության հետ։

Օրինակ՝ հայերենի մասնագետին ազատել են աշխատանքից և աշխատանքի է ընդունվել երբևէ հայոց լեզու չդասավանդած, ընդամենը լրագրության ֆակուլտետն ավարտած, լրագրողական ինչ-որ գործունեություն իրականացրած մեկի, որը չունի տվյալ ոլորտում համապատասխան կրթություն կամ մասնագիտական առաջընթաց։

Կա ոլորտ, որին փոխարինող չեն գտնի, օրինակ՝ Մադոյան Հակոբը, որը միակն է տրամաբանություն պաշտպանած, էլ ոչ ոք չկա։ Չգիտեմ՝ իրեն ով է փոխհարինելու։

2. Որևէ մեկը դասախոսներից փորձե՞լ է դատական գործընթացներով վերականգնել աշխատանքը։

-Ես որպես նախկին պրոռեկտոր դատական ընթացակարգով դիմել եմ, առաջին ատյանի դատարանով անվավեր է ճանաչվել ինձ ազատման հրամանը։ Այժմ վերաքննիչում է գտնվում, հոկտեմբերի 7-ին կունենանք նիստ, կհնչի որոշումը։ Դասախոսների մեծ մասն ազատվել է սեպտեմբերի 1-ից, գիտեմ՝ որոշները դիմելու են դատարան։ Որոշ դասախոսներ հիասթափված են, մտածում են, որ ոչ մի արդյունք չի տա դատական համակարգը։

3. Ինչպիսի՞ն է ուսանողների տրամադրվածությունը։

Ուսանողներն էլ են տարբեր. կան ուսանողներ, որոնք խոսում են, անընդհատ գրառումներ են անում, համալսարանի ներսում պայքարում են անարդարությունների դեմ իրենց հնարավորության չափով։ Բայց այս ուսանողների վրա էլ են ուժեղ ճնշումներ գործադրվում։ Սրբազան պայքարի մասնակից ուսանողներին ճնշեցին, նույնիսկ Էթիկայի հանձնաժողով դիմեցին, բայց տղամարդկություն չարեցին մինչև վերջ գնալու, որովհետև գիտեին ինչ է լինելու։

Փորձում են ճնշել ուսանողին, կառավարելի դաշտ բերել։ Կան ուսանողներ, որ միանշանակ համաձայն են այս բողոքի հետ, բայց չեն բարձրաձայնում։ Նրանք մտածում են սովորեն, գլուխները շուտ ազատեն գնան։
Ուսանողների շատ փոքր մաս կա, որ էս իրողություններին խաբված են, դարձել են այս քարոզչության զոհը կամ ընդհանրապես անտարբեր են։

Ներքին խոսակցություններ կան, որ Դավիթ Գյուրջինյանն ամեն ինչ անում է բուհը փակելու համար։




Լրահոս