Բացառիկ լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ՝  Արմավիրի Նալբանդյան գյուղից, որտեղ այսօր ոստիկան է սպանվել:

 Ավելի ուշ ArmLur.am-ը հայտնել էր, որ բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպանված ոստիկանը կապիտան Հայրապետ Ստեփանյանն է:

Նշենք նաև, որ սպանողին իրավապահները փնտրում են, նա զինված է:

Ավելի ուշ ոստիկանությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։

«Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»,- հայտնում են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ գրել էինք՝ ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ողջ իրավապահ համակարգի ղեկավար կազմը Արմավիրի մարզում է։

Մասնավորապես, դեպքի վայրում է ՆԳն նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը եւ պաշտոնյաներ։

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանների վրա կրակած ու ոստիկաններից մեկին սպանած անձը փախուստի է դիմել, ու նրան այս պահին փնտրում են։ Ողջ մարզում սկսվել է ուժեղացված ծառայություն։

Ավելի վաղ գրել էինք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ոստիկան է սպանվել, իսկ մյուս ոստիկանը վիրավոր է:

Արմավիրի ոստիկանության օպերատիվ բաժնի աշխատակիցները տեղեկություններ են ստացել կրակոցների մասին և շտապել են դեպքի վայր:

Արդյունքում, դեպքի վայրում տեսնելով ոստիկաններին, միջադեպի մասնակիցները կրակել են ոստիկանների ուղղությամբ,ինչի արդյունքում մեկ ոստիկան սպանվել է, իսկ մյուսը վիրավոր է:

Նշենք նաև, որ սպանվածը ոստիկանության օպերատիվ բաժնի ոստիկան է եղել:

Քնար Մանուկյան

 




Լրահոս