ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 325 մլն դրամ՝ «Դվինի» Արտակին. ինչի համար է ԱԺ-ն գումար տրամադրել հյուրանոցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն դարձել է ՔՊ-ականների սիրելի վայրը համաժողով, գիտաժողով կամ կոնֆերանս անցկացնելու համար։ Հենց նման ներկայացուցչական ծառայությունների համար էլ ՀՀ Ազգային Ժողովը «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ին տրամադրել է 325 մլն 908 հազար դրամ սեպտեմբերի 12-14-ը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացման համար։

Հետաքրքիրն այն է, որ պայմանագիրը թերթելիս հանդիպում ենք ուշագրավ գնումների, օրինակ հյուրանոցի ներսում 180 դրոշ տեղադրելու համար հատկացվել է 9 մլն 360 հազար դրամ, իսկ հյուրանոցի կառույցների վրա դրոշների առկայության ապահովումն արժեցել է 495 հազար դրամ։

Համաժողովի ընթացքում օգտագործվող 6 ամբիանն արժեցել է 969 հազար դրամ։ Սեղանների և սավանների ապահովումն արժեցել է 4,5 մլն դրամ։ Համաժողովի ընթացքում թարգմանիչների համար նախատեսել են 17 մլն 757 հազար դրամ։

Նշված գումարի մեջ ներառված է նաև գովազդային ծառայությունները՝ գրեթե 3,5 միլիոն և ավելի։ Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի անցկացման համար նախատեսված 350 էկո պայուսակներն արժեցել են 1 մլն 50 հազար դրամ, 5000 էկո բաժակն արժեցել է 110 հազար դրամ, 350 էկո թերմոսն արժեցել է 2 մլն 450 հազար դրամ, 350 հազար հատ գրիչը՝ 175 հազար դրամ, նոթատետրերը 329 հազար դրամ։ Բրոնզե 300 մեդալներն արժեցել են 6 մլն դրամ։

Համաժողովի մասնակիցների և անձնակազմի սննդի ապահովումն արժեցել է 63 մլն դրամ։

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի փակման հանդիսավոր արարողության համար հատկացվել է 6,1 մլն դրամ, իսկ երեկոյին հանդես են գալու Արման Մարգարյանը, Միքայել Ոսկանյանը, Կամո Սեյրանյանը, Ռելաքս Փրոջեքթը, Բերդ պարային համույթը։

Հիշեցնենք, որ «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի սեփականատեր Արտակ Թովմասյանը 2020-2021 թվականներին ակտիվ ընդիմադիր քայլեր էր իրականացնում, քաղաքականություն մտնելու հայտարարություններ էր անում։ 2020 թվականի դեկտեմբերին մեծ աղմուկով սպիտակ վրաններ տեղադրեցին և Հայաստանը փրկելու քայլեր էին ձեռնարկում։

Աստիճանաբար իշխանական ճնշումների արդյունքում Արտակ Թովմասյանը հեղափոխվեց սպիտակ վրանների գաղափարից և դարձավ ներկայիս իշխանությունների սիրելին։

Էմմա Միքայելյան




Լրահոս