Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը բնակիչների «սրտով չէ»․ երկրում բողոքի ակցիաներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն սեպտեմբերի 6-ին պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը և առաջին անգամ դիմել է տեղի բնակիչներին։

Վերջինս ասել է, որ ինքը ցանկանում է արձագանքել այն մարտահրավերներին ու անարդարություններին, որոնք վերապրում են ֆրանսիացիները։

Բարնիեն նշել է, որ առավելագույնը մի քանի շաբաթից խորհրդարանին կներկայացնի նոր կառավարության օրենսդրական առաջնահերթություններն ու առաջարկները։

Չնայած նրան, որ նորանշանակ վարչապետը ջանում է ամենասկզբից էլ գոհացնել ֆրանսիացի ժողովրդին, այնուամենայնիվ ֆրանսիացիների սրտով չէ նորընտիր վարչապետը։

Բանն այն է, որ Ֆրանսիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեի դեմ։ Ցույցի դուրս գալու կոչ են արել արհմիությունները և ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կուսակցության անդամները, որոնք հուլիսին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ ստացել են ամենաշատ տեղերը խորհրդարանում։

Ըստ BBC լրատվականի գնահատման՝ ցույցերին մասնակցել է շուրջ 100․000 մարդ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նոր վարչապետի նշանակումը տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս անց, որի արդյունքում ոչ մի կուսակցություն չկարողացավ մեծամասնություն ստանալ։

Հուլիսին կայացած ընտրությունների արդյունքում ձախակողմյան դաշինքը՝ «Նոր ժողովրդական ճակատը», 577 տեղանոց Ազգային ժողովում զբաղեցրել էր 190-րդ տեղը, իսկ Մակրոնի կենտրոնամետ դաշինքը մոտ 160 մանդատով զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ աջակողմյան «Ազգային միությունը»՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, զբաղեցրել էր երրորդ տեղը՝ 140 մանդատով։

Աննա Սրապիոնյան




Լրահոս