Ուկրաինայի նոր ԱԳ նախարարը հետ է կանչել Վրաստանում գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է գերատեսչությունում նախատեսվող փոփոխությունների, այդ թվում՝ կադրային վերադասավորումների մասին։ Որպես այդ վերադասավորումերի մի մաս՝ նա հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

Facebook-ի իր էջում Սիբիհան գրել է, որ իր կադրային առաջին փոփոխությունների մասին հայտնել է Ուկրաինայի դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին։ Նա առաջարկել է աշխատանքից ազատել ԱԳ փոխնախարար Իրինա Բորովեցին, իսկ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Խարիշինի երկարաժամկետ գործուղումը կդադարեցվի։

«Պատերազմող երկրների դեսպանները չեն կարող կտրվել պատերազմի իրողություններից։ Այս առնչությամբ որոշում է կայացվել հետ կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին», – գրել է Սիբիհան։

Նա նաև հայտնել է, որ հարկավոր է նախարարությունում ներգրավել երիտասարդ կադրերի։

Իր հերթին «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդում է, որ սեպտեմբերի 8-ին Սիբիհան հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ինչպես նաև Ռումինիայի, Չեխիայի, Թուրքիայի և Մոլդովայի արտգործնախարարների հետ։




Լրահոս