ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել։ Այս մասին ArmLur.am-ին հայտնի դարձավ Հակակոռուպցիոն դատարանից։
Դատարանը հրապարակել է վերդիկտը։
Մասնավորապես, Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հրապարակել է ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործով վերդիկտը, համաձայն որի՝ մեղադրյալներ Վիգեն Գրիգորյանը, Արտակ Բեյբությանը, Վիգեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը և Հրաչյա Երեմյանը մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքներում։ Արա Յաղջյանն արդարացվել է, Աշոտ Հակոբյանը հոդվածներից մեկով արդարացվել է, մի մասով՝ դատարանը մեղադրանքը վերաորակել է։ Նա մեղավոր է ճանաչվել խարդախություն կատարելու համար, որը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով և խոշոր չափերով։
Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքի դրվագներից մեկը՝ խոշոր չափերով կաշառք ստանալը (երկու դրվագ) վերաորակվել է ՀՀ ՔՕ 255-րդ հոդվածով՝ խարդախությամբ։ Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորույունները չարաշահելու, խարդախության և կաշառք ստանալու մեղադրանքներով։ Պատժի հարցին դատարանը կանդրադառնա լրացուցիչ դատալսումների փուլում։ Լրացուցիչ դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին։
Վերդիկտից առաջ ArmLur.am-ը Հակակոռուպցիոն դատարանում Անդրանիկ Փիլոյանից հետաքրքրվել էր՝ 2 տարի է՝ գալիս է դատարան, ի վերջո պարզվե՞ց, թե ով էր իրեն «Բաքսի», ոսկյա շղթա տվել, ինչի դիմաց, որտեղ Նիկոլ Փաշինյանի կողմից հերոսի կոչման արժանացած նախկին նախարարը սխալվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան