Քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է դրանց պատասխաններն ապահովել սահմանված ժամկետներում:
Մասնավորապես, մարտ ամսին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմեր ուղղված որոշ դիմումների պատասխանների ուշացման պատճառով քաղաքապետը գրավոր նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին: Կենտրոն, Էրեբունի, Արաբկիր և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է խիստ նկատողություն հայտարարել տվյալ վարչական շրջանների աշխատակազմերի քարտուղարներին:
«Բնակիչների կողմից Երևանի քաղաքապետարանին և վարչական շրջաններին ուղղվող դիմումներին սահմանված ժամկետներում է անհրաժեշտ պատասխանել: Բացի այդ, ինձ համար անընդունելի է, երբ առաջին իսկ պահից ակնհայտ է, որ քաղաքացու դիմումի հասցեատերը Երևանի քաղաքապետարանը չէ, բայց այդ մասին քաղաքացուն տեղեկացնում են թեկուզ սահմանված ժամկետում, որը սակայն կարող է լինել մեկ ամիս: Ինչու՞, մի՞ թե հնարավոր չէ ավելի արագ պատասխանել, որպեսզի քաղաքացին զուր ժամանակ չկորցնի:
Նման վարքագծով քաղաքացու մեջ նաև վստահությունն եք կորցնում, գիտակցե՛ք սա: Այս գործընթացն անձամբ եմ վերահսկվելու և շատ խիստ եմ լինելու բոլոր այն պատասխանատուների նկատմամբ, ովքեր թեկուզ մեկ րոպեով կուշացնեն քաղաքացիների գրությունների պատասխանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն