Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն Հայաստանի հասցեին հերթական անգամ մեղադրանքներ է հնչեցրել «իրական վիճակից հասարակական կարծիքը շեղելու» վերաբերյալ։ Նա նշել է, որ հայկական կողմը, ի պատասխան Ադրբեջանի կողմից ներկայացված մեկնաբանությունների, «փորձել է անտեսել խնդիրները՝ ջնջելով այն դրույթները, որոնք անհրաժեշտ է արտացոլել նախագծում»։
Խոսնակը նշել է՝ թեպետ նախագծի շատ դրույթներ, այսինքն՝ մոտավորապես 80 տոկոսը, արդեն համաձայնեցված են, որոշ դրույթների հարցում համաձայնության գալ չի հաջողվում։
«Դա, սակայն, չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի նախագծից չհամաձայնեցված դրույթների բացառման ճանապարհով, ինչպես առաջարկում է հայկական կողմը։ Դա չի կարող ընդունելի լինել։ Որպեսզի խաղաղության պայմանագիրը լինի կայուն և հաջող, նախագծում պետք է պարզաբանվեն մի շարք ուղղություններով երկու երկրների միջև եղած խնդրահարույց հարցերը»,- ասել է նա։