«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գոյության ընթացքում 2019-2023 թվականների հատկացումները՝ հիմնականում ՀՀ պետբյուջեի հաշվին, ավելացել էին՝ 240 մլն դրամից դառնալով 1 մլրդ 800 մլն դրամ. ԱՆԻՖ-ը 5 տարի գործելուց հետո լուծարվեց։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել ԱՆԻՖ-ի՝ մինչեւ 2022 թվականի հաշվետվությունները։ 5 տարում ծախսվել է ավելի քան 6 մլրդ դրամ՝ աշխատավարձերի եւ դրան հավասարեցված վճարումների, հարկերի, դուստր ընկերություններում ներդրումների համար։
Ներկայացնենք ԱՆԻՖ-ի «իրականացրած» ծրագրերի մասին, որոնք այդպես էլ մնացին թղթի վրա. ՀՀ կառավարության որոշմամբ՝ ներդրվել է 4 մլրդ 734 մլն ՀՀ դրամ «Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ հիմնված ազգային ավիափոխադրող «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի («Ֆլայ Արնա») բաժնետոմսերի դիմաց վճարման համար։ Մինչ լուծարումը՝ 2024 թվականի հունվարին, դադարեցվեց ԱՆԻՖ-ի ամենախոշոր նախագիծը. «Ֆլայ Արնա» ավիաընկերությունն այլեւս թռիչքներ չի իրականացնում։
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ավիաընկերության՝ «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49 % բաժնետերն էր. ԱՆԻՖ-ին էր պատկանում նաեւ Hard Rock Cafe Yerevan-ի բաժնետոմսերի 48 տոկոսը։ Hard Rock Cafe Yerevan նախագծի շրջանակում ներդրվել է մոտ $2.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 967 մլն դրամ: Երեւանյան Hard Rock սրճարանից բացի ԱՆԻՖ-ը կամ պետական հետաքրքրությունների ֆոնդը ներդրումներ է արել մի շարք այլ նախագծերում, ինչպես, օրինակ, «Գլոբալ քոնեքթ», «Էկո ֆրեշ մաշրումս», «Սերմից ֆերմա» եւ այլն։
Այս նախագծերից ներկայումս գործող է թերեւս միայն Hard Rock սրճարանը, որը գտնվում է Պուշկինի 3 հասցեում։ Այն համաշխարհային Hard Rock ցանցի մասնաճյուղն է Երեւանում։ Սրճարանը, ինչպես նկատում ենք, ՔՊ-ականների սիրելի վայրերից է, գուցե հենց սրանից ոգեշնչված ձգտեցին ունենալ բացօթյա սրճարան ԱԺ բակում։
Այս նախագծերից բացի՝ ԱՆԻՖ-ը խոշոր ներդրումներով համահիմնադրել է Fly Arna ավիաընկերությունը, որը արդեն լուծարվել է։ «Ֆլայ Արնայի» թիմում, համաձայն ԱՆԻՖ-ի հաշվետվությունների, միջին աշխատավարձը կազմել էր 1 մլն 165 հազար դրամ, իսկ աշխատակիցների թիվը 87 էր, որոնք դարձան գործազուրկ ավիաընկերության եւ ԱՆԻՖ-ի լուծարումից հետո։
Ֆոնդը նաեւ արաբական Masdar-ի հետ իրականացնում էր «Այգ-1»՝ 200 մեգավատտ հզորությամբ արեւային էլեկտրակայանի կառուցման նախագիծը, որի շինարարությունը մայիսին դեռ չէր էլ մեկնարկել։ Ստացվում է, որ լուծարված ԱՆԻՖ-ը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, ՀՀ պետական բյուջեից ծախսել է մոտ 10 միլիարդ դրամ, որոնք հօդս են ցնդել ֆոնդի լուծարումից հետո։
Այսինքն՝ 7-ից ավելի նախագիծ մնաց թղթի վրա կամ կառավարության խղճի առաջ։ Հարկ է նշել, որ ԱՆԻՖ-ն անցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ղեկավարմանը, այսինքն՝ ֆոնդին պատկանող ծրագրերում առկա բաժնեմասը տնօրինում է ՏԿԵՆ-ը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։