Ինչպես ավելի վաղ պարզ էր դարձել՝ ըստ նոր օրենքի համաձայն տաքսի ծառայություն մատուցող անհատներն ու ընկերությունները սույն թվականի սեպտեմբերի 1-ից իրենց ծառայություններից օգտվողներին պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեն, այդպիսով հարկ վճարելով պետությանը։
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի տվյալների՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ էլեկտրոնային տարբերակով տաքսի ծառայություն մատուցող 20.000 քաղաքացի գրանցվել է հարկային մարմնում։ 10.000 վարորդ արդեն գեներացրել է շուրջ 150.000 ՀԴՄ կտրոն՝ մոտ 192 մլն դրամի չափով։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի հետ զրույցում տաքսի ծառայություն իրականացնող շատ անհատ վարորդներ բազմիցս նշել են, որ դեմ են այս ամենին և չեն պատրաստվում ՀԴՄ կտրոններ տրամադրել, քանի որ այդ ամենը լուրջ չէ և ամեն բան կարող է հասնել անգամ նրան, որ բողոքի ակցիաներ կիրականացնեն։
ArmLur.am-ը կապ է հաստատել «Վարորդի ընկեր» ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանի հետ։ Փորձել ենք պարզել՝ արդյո՞ք ՀԿ-ն ինչ-որ քայլեր ձեռնարկում է այս առթիվ։
Armlur.am-ի հետ զրույցում Տիգրան Քեյանը ասաց․
«Մենք միտված ենք երթևեկության խնդիրներ բարձրաձայնելով, «ԱՊՊԱ»-յի հետ կապված խնդիրներով, մենք զբաղվում ենք անհատ մարդկանց շահերի որոշակի պաշտպանությամբ։ Տաքսիների մասով՝ մենք չենք գտնում, որ դա մեր խնդիրն է, մեր առջև դրված խնդիրն է»։
Տիգրան Քեյանը նշեց, որ տաքսի ծառայության մատուցման հետ կապված իրենք այլ հարցեր են բարձրաձայնում, ինչպիսին է օրինակ՝ քաղաքացիներին որակյալ ծառայություն մատուցելը։
«Առհասարակ մենք տաքսիների հարցով այլ հարցեր ենք բարձրաձայնում, մասնավորապես այն հարցը, որ մենք պետք է քաղաքացիներին որակյալ ծառայություն մատուցենք։ Պետք է այդ մեքենաները, որոնք որ ծառայության շահագործման չափանիշներին չեն բավարարում, չշահագործվեն որպես տաքսի ծառայություն, այսինքն՝ պետք է լիցենզավորվեն, նորմեր պետք է սահմանվեն։ Մեզ մոտ այդ ոլորտը բարձիթողի վիճակում է, այսինքն՝ այս իրավիճակում չպետք է լինի, որ ով ինչ մեքենա, ով ինչ ցանկությամբ մեքենա ուզենա վարի, որ չունենանք խնդիրներ այդ մարդկանց հետ, որ այդ մարդիկ ծառայություններ մատուցելուց բարեհամբույր ձևով մատուցեն, լինեն որակյալ մեքենաներով, երթևեկությունը չվտանգեն և այլ խնդիրներ չառաջացնեն»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի տնօրենը։
Քեյանի խոսքով՝ առաջնային հարցով, որով պետք է պետությունը զբաղվեր, պետք է լիներ այն, որ տաքսի ծառայություն մատուցող մեքենաները չունենան վերը նշված խնդիրները, իսկ հետո նոր զբաղվեր հարկային քաղաքականությամբ։
«Այս հարկային քաղաքականությունը, որը ներդնում է պետությունը, դա պետք է լիներ, այսինքն՝ դա պետք է այնպես լիներ, որ ցանկացած այլ հարկատեսակների հաշվարկներ կատարելուց հարկային մուտքերի անալիզի միջոցով է կատարվում։ Այսինքն՝ եթե մեզ մոտ ուզում է ներդրվել օրինակի համար պարտադիր առողջության ապահովագրություն, որի շուրջ բանակցություններ են գնում, այդ ապահովագրությունը վերցնելու համար, այդ առաջին պայմանն է, թե ինչ միջոցների հաշվին պետք է անեն և այնտեղ դրված քաղաքացիների վրա ինչ հարկեր պետք է դրվի իրենց աշխատավարձին ինչ-որ իքս չափով, ինչ-որ իքս չափով էլ գործատուն պետք է վճարի։ Այդ հաշվարկները կատարելու համար իրենք հիմնվել են այսօր առկա աշխատող անձանց քանակից և իրենց կողմից հավաքագրման վարկերի չափից։ Հիմա առաջին քայլը, որը արվել է, հարկվելու քաղաքականությունը ներդնելն է եղել, այլ ոչ թե տաքսի ծառայություն մատուցողների ոլորտը համակարգելը։ Ոլորտի կանոնակարգումը ավելի առաջնային է։ Եթե չեմ սխալվում կան չափանիշներ, որոնք սահմանված են, բայց չեն կիրառվում, օրինակ կան չէ՞ սահմանված, թե ինչ մեքենաներ պետք է լինեն, ինչ տարեթվի, ինչ վիճակի, պետք է լիցենզիա ունենան, թույլտվություններ ունենան»,- ասաց Քեյանը՝ ավարտելով զրույցը։
Աննա Սրապիոնյան