Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի հոկտեմբերին․ և՛ նշանակումից առաջ, և՛ հետո գնել է 2 բնակարան մեկ տարում։
Մինչ այս՝ Հովհաննիսյանը եղել է Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամ: Քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո, ինչպես իշխանության շատ անդամներ։
Համաձայն 2024 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի հայտարարագրի՝ 2023 թվականի տարեսկզբին փոխքաղաքապետը հայտարարագրել էր մեկ բնակարան՝ ձեռք բերված 2017 թվականին Արաբկիր վարչական շրջանում։
Լևոն Հովհաննիսյանը 2023 թվականի ընթացքում ձեռք է բերել ևս 2 բնակարան Երևանում։ Բնակարաններից մեկը գնվել է 2023 թվականի օգոստոսին 54 մլն դրամով, իսկ սեպտեմբերին ձեռք բերված բնակարանն արժեցել է 31 մլն 700 հազար դրամ։
Փոխքաղաքապետը տրանսպորտային միջոցների չի հայտարարագրել։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել է 2,5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 2,5 մլն դրամ։
Լևոն Հովհաննիսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 96 հազար դրամ, որից 21 մլն 800 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային կառավարչական հիմնարկից։ Փոխքաղաքապետի եկամուտներից 22 մլն 234 հազա դրամը վարկ է «Կոնվերս բանկ ՓԲԸ»-ից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 674 հազար դրամ, որից 22 մլն 189 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը վարկի մարմանն ուղղել է 3 մլն 187 հազար դրամ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Հետաքրքիր է, արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուշադրություն դարձրել է, թե ինչպես է տարեկան 21 մլն դրամ աշխատանքի վարձատրություն ստացած փոխքաղաքապետը մեկ տարում ձեռք է բերել 85 մլն դրամ ընդհանուր արժեքով 2 բնակարան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան