Երեք տարի առաջ կնքած պայմանագիրը 2024 թվականին արժեցել է 200 միլիոն դրամ։
Վարչապետի որոշման համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանը հանձն է առել մասնակցելու Ճապոնիայի Օսակա քաղաքում կայանալիք «Ապագա հասարակության ստեղծումը մեր կյանքի համար» խորագրով «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին։
Համաձայն որոշման՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով հանձնակատար է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը։ Որոշման պահին Էկոնոմիկայի նախարարը Վահան Քերոբյանն էր, սակայն հստակ անուն չի նշվել պայմանագրում, ինչը ենթադրում է, որ հավանական է՝ կմասնակցի ներկայիս նախարարը։
Էքսպոյին Հայաստանի մասնակցությանը նվիրված ասուլիսում 2023 թվականին Վահան Քերոբյանն ասել է. «Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացված կլինի ամենաբարձր «Ա» դասի տաղավարով եւ հիմնականում 4 ուղղություններով՝ ժամանակակից կրթություն, բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, հայկական ուտեստներ եւ գինի։ Փորձելու ենք նաեւ մեր տաղավարը հագեցնել արհեստական բանականությամբ, թվային տեխնոլոգիաներով, գուցե եւ ռոբոտներով»։
Այսպիսով՝ 2024 թ. օգոստոսին Էկոնոմիկայի նախարարությունը դրամաշնորհային մրցույթ ընթացակարգով 200 մլն դրամ է փոխանցել ոչ հայկական MASH Corporation ընկերությանը։
Պայմանագրում առկա ֆինանսական միջոցներով կազմել է 200 մլն դրամ, պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 85 մլն դրամ։
Այս ընկերությունը խոշորագույն կորպորացիա է, որը տրամադրում է համալիր ծառայություններ լայնածավալ մշակութային, սպորտային եւ վիրտուալ միջազգային ցուցահանդեսների կազմակերպման հարցում, աջակցում է Ճապոնիայի ղեկավար մարմիններին խոշորագույն միջոցառումների կազմակերպման եւ մասնակցության հարցում։
Հարկ է նշել, որ Հնդկաստանի Հանրապետության Նյու Դելի քաղաքում կայանալիք World food India 2024 միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել էր 8 մլն դրամ, իսկ Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք Foodex Saudi-2024 սննդի եւ ոչ ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար՝ 21 մլն դրամ։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԳԼՈՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանում նոր օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթեւեկության կանոնները:
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը:
Օրենսդրական նախաձեռնությամբ տրվել է սահմանումը, թե ինչ է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցը, ինչպիսին պետք է լինեն դրա հիմնական բնութագրերը, ինչպիսին պետք է լինի այդ միջոցների կահավորումը:
Այսպիսով` սահմանվել է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց՝ մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ եւ այլ նմանատիպ միջոցներ):
«Առանձնացվել է մինչեւ 18 տարեկանների եւ 18 տարեկանից բարձր խմբերը, որոնց համար սահմանվել են համապատասխան վայրեր՝ տվյալ միջոցից օգտվելու համար: Մինչեւ 18 տարեկանների համար սահմանվելու են վայրեր՝ բացառապես ՏԻՄ-ի կողմից, որոնք անվտանգության տեսանկյունից ապահով են: Այսինքն՝ մինչեւ 18 տարեկան անձինք դա կարող են վարել միայն ավագանու կողմից հաստատված հատուկ տարածքներում: Իսկ 18-ից բարձր տարիքային խմբի համար սահմանվել են այն երթեւեկելի մասերը, տարածքները՝ սկսած հեծանվային ուղիներից, վերջացրած ճանապարհների աջ եզրագծերով, որոնցից կարող են օգտվել»,-ասաց փոխնախարարը:
Սահմանվել են նաեւ այն առանձնահատուկ պայմանները, որոնք պետք է պահպանվեն դրանց վարման ժամանակ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով նախատեսվել են նաեւ վարչական իրավախախտումներ ինչպես անհատների համար, այնպես էլ տվյալ տրանսպորտային միջոցը վարձակալությամբ տրամադրող կազմակերպությունների համար:
Ըստ նրա՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա ամբողջությամբ կանոնակարգել ոլորտը: