Երեկ Nokia-ն հայտարարեց, որ Team Telecom Armenia-ն կիրառել է իր 25G PON օպտիկամանրաթելային լուծումը՝ դառնալով այն առաջին օպերատորներից մեկը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, որն ապահովում է շուկայում առկա ամենաարագ ինտերնետ արագությունը: 25G PON-ի կիրառումը նախատեսված է B2B բաժանորդների համար եւ իրական սիմետրիկ 20 Գբիթ/վրկ լայնաշերտ արագություններ է առաջարկում, որոնք կարեւոր են թվային տնտեսությունն առաջ մղող նոր հավելվածների եւ բիզնես ծառայությունների համար:
Nokia-ի օպտիկամանրաթելային լայնաշերտ լուծումներն օպերատորներին իրենց ցանցերն օպտիմալացնելու ընտրություն եւ ճկունություն են տալիս՝ իրենց հատուկ բիզնես նպատակներն ու կարիքները բավարարելու համար, քանի որ նախագծված են այնպես, որ սպասարկեն PON տեխնոլոգիաների ողջ տեսականին՝ GPON-ից մինչեւ 25G PON ու ավելին։ Nokia 25G PON լուծումը հիմնված է Quillion chipset-ի վրա, ինչը Team Telecom Armenia-ին թույլ է տալիս վերօգտագործել գործող օպտիկամանրաթելային լայնաշերտ սարքավորումները՝ բավարարելու ավելի մեծ հզորությունների եւ բարելավված լայնաշերտ ծառայությունների պահանջարկը: Նոր 25G PON առաջարկը կօգնի Team Telecom Armenia-ին ավելի արագ կապ ապահովել իր բաժանորդներին եւ հիմք կդառնա նոր՝ ընդլայնված ծառայություններ մշակելու եւ առաջարկելու համար, ինչպիսիք են խոշոր ընկերությունների համար նախատեսված լուծումները, 5G շարժական տրանսպորտը եւ ցանցային մեծածախ առեւտուրը:
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Մենք Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջնագծում ենք, որը մեր հաճախորդների համար ինտերնետի արագության եւ հուսալիության նոր չափանիշներ կսահմանի: Լինելով ազգային օպերատոր՝ Team-ում այս նախագիծը ընդունում ենք որպես լայնաշերտ ծառայությունները ոչ միայն Երեւանում, այլ նաեւ նոր թվային հնարավորությունները ողջ երկրում խթանելու մեր առաքելության մի մաս։ Nokia-ի նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նշանակում է, որ մենք հզորացնում ենք մեր ցանցը եւ երաշխավորում մեր հաճախորդների լավագույն առցանց փորձառությունն այժմ եւ ապագայում»:
Nokia-ի ցանցային ենթակառուցվածքի բիզնեսի գծով ավագ փոխնախագահ եւ Եվրոպայի ղեկավար Մաթյո Բուրգինյոնը մեկնաբանել է. «Մեր համագործակցությունը նշանակալի իրադարձություն է Կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններին՝ Nokia-ի առաջադեմ PON տեխնոլոգիաների կիրառմամբ, գերարագ լայնաշերտ կապի ապահովման դիտանկյունից: Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանում կապը բարելավվելու է ոչ միայն անհատների եւ բիզնեսների համար, այլեւ վճռորոշ դեր է խաղալու երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման հարցում»:
Այսօր Team Telecom Armenia-ի ցանցը, որը հիմնված է Nokia-ի 25G PON տեխնոլոգիայի վրա, ընդգրկում է շուրջ 300,000 տնային տնտեսություն ողջ Հայաստանի Հանրապետությունում, ցանցի կառուցման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում է։
l Nokia-ն օգնում է Team Telecom Armenia-ին՝ դառնալու 25G PON տեխնոլոգիայով ծառայություններ ներդնող առաջին օպերատորը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։
l Nokia-ի օպտիկամանրաթելային լուծումը օպերատորներին հնարավորություն է տալիս 2,5, 10 եւ 25 Գբիթ/վրկ թողունակությամբ արագություն ապահովել իր գործող օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:
l Nokia-ն միակ մատակարարն է, որն առաջարկում է հաջորդ սերնդի PON տեխնոլոգիայի բոլոր տարբերակները՝ թույլ տալով օպերատորներին ճիշտ ռազմավարություն ընտրել իրենց կարիքների եւ բիզնեսի համար:
ՄԱՔՍԱՆԵՆԳ ԴԵՊՔԵՐ
Մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման դեպքերի վերաբերյալ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը.
l մաքսային ծառայողները կանխել են 2500 կգ չհայտարարգրված ալյուրի տեղափոխման փորձը,
l չհայտարարագրված ավտոմեքենայի յուղի ներկրման փորձ է կանխվել,
l օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստանի Հանրապետություն ներմուծել առանց հայտարարագրման հուշադրամներ,
l բեռնատարի մաքսային զննության արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված տնտեսական ապրանքներ,
l փորձ է արվել ներկրել չհայտարարագրված մոտ 500 կգ քաշով մետաղոպլաստե խողողակներ։
ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախարար Գեւորգ Պապոյանը այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձեւ կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների եւ տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։
Նախարարին ուղեկցել է նաեւ նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ՝ տարեկան 10 մլն խմ եւ օրգանական պարարտանյութեր։
Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին եւ ներուժին։
Գեւորգ Պապոյանը ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձեւ գյուղատնտեսության անհրաժեշտությունը եւ կարեւորությունը։
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբեր ամսին ընկերության ներկայացուցիչների այց կազմակերպել Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու եւ իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում ներդնելու նպատակով։
ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 եւ ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2307-Ն որոշումներով ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձեւակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 հատ տրանսպորտային միջոցի մասով:
«Սա նշանակում է, որ 7400-ը գերազանցող յուրաքանչյուր հաջորդ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցի ձեւակերպման համար ԵՏՄ ընդհանուր կանոններով սահմանված կարգով 2024 թվականին կկիրառվի 15% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ։
2024թ. հունվար-օգոստոս ամիսներին եւ սեպտեմբեր ամսվա 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, արդեն իսկ, ձեւակերպվել է թվով 6285 էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց, այսինքն` 2024թ. սեպտեմբերի 9-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձեւակերպվել դեռեւս 1115 հատ:
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն` տվյալ սակագնային քվոտայից հնարավոր չի լինի օգտվել դեռեւս ՀՀ չներմուծված տրասնպորտային միջոցի համար նախնական մաքսային հայտարարագրի ներկայացման դեպքում, քանի որ արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում, ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվելու oրենսդրությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների գրանցումը: Ճշգրտման գրանցումը հնարավոր կլինի իրականացնել միայն տվյալ տրանսպորտային միջոցի՝ Հայաստանի Հանրապետություն փաստացի ներմուծման դեպքում եւ արդյունքում սակագնային արտոնության կիրառումը կախված կլինի տվյալ օրվա դրությամբ 0 տոկոս մաքսատուրքի արտոնության կիրառման համար սահմանված 7400 հատ տրանսպորտային միջոցների քանակի լրացված չլինելու հանգամանքից։
ՊԵԿ-ը նաեւ հիշեցնում է, որ 2025 թվականի համար ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար եւս սահմանված է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 տրանսպորտային միջոցների համար: 2025 թվականի քվոտայից օգտվելու համար անհրաժեշտ կլինի ՀՀ ներմուծված տրասնպորտային միջոցի համար մաքսային հայտարարագիրը կամ մաքսային մուտքի օրդերը ներկայացնել եւ գրանցել 01.01.2025 թվականից սկսած:
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ մինչեւ 01.01.2026 թ. շարունակելու է գործել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման ԱԱՀ-ից ազատման արտոնությունը, որի գծով քանակային սահմանափակում առկա չէ»,-ասված է հաղորդագրության մեջ: