Ի՞ՆՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը եւ ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը: ԱԺ՝ սեպտեմբերի 9-ի նիստում հարցը ներկայացնելով՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

 

Նախատեսվում է, որ նախագծի ընդունմամբ առավել կկանոնակարգվի մշակույթի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը եւ կբարձրանա ֆինանսական, գույքային եւ կադրային կառավարման արդյունավետությունը:

Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժեւորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման եւ զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը:

Ըստ նախագծի՝ աշխարհում եւ Հայաստանում, մասնավորապես մշակույթի ոլորտում ընթացող վերջին տարիների զարգացումներով պայմանավորված՝ առանցքային է օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, որը միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված «self-employed artist» եզրույթն է: «Ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» ասելով՝ նկատի է առնվում որեւէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, ով գրանցված է հարկային դաշտում եւ ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը:

Առաջարկվում է սահմանել նաեւ «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է մշակույթի որեւէ ոլորտում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, ով զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ:

Առաջարկվում է նաեւ օրենքի 26-րդ հոդվածի որոշ մասերում առկա «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է համարվում, որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Պատգամավորի խոսքով՝ քննարկվող նախագծում առկա են որոշակի անհստակություններ, առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնք, ըստ պատգամավորի, կեղծ են եւ մտացածին: Կեղծ եւ մտացածին ասելով՝ պատգամավորն ի նկատի ուներ օրենքում «ազգային» բառի փոխարինումը «պետական» բառով:

Պատգամավորն առաջարկել է հետաձգել նախագծի ընդունումը եւ այն քննարկել շահառու կազմակերպությունների, ինքնազբաղների, «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունների, մշակութային դաշտի այլ շահառուների հետ:

Առաջարկը չի ընդունվել:

 

 

 

Coca-Cola 2024-Ի ՄԱՍՆԱԿԻՑ ԱՍՏՂԵՐԸ

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Music Fest with Coca-Cola 2024-ը։

Միջոցառմանը մասնակցում էին մի շարք հայտնի հայ արտիստներ, ինչպես նաեւ աշխարհահռչակ այլազգի արտիստներ։ Հայ աստղերից մասնակցություն են ունեցել Իվետա Մուկուչյանը, Սիրուշոն, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ին, Ներսես Ավետիսյանը, Ռոզեն Թալը, Լյոկան, Menq Project-ը, Լավ էլի-ն, Project 12 խումբը։

Խմբի անդամներից Brunette-ը հանդես է եկել նաեւ անհատական երգով

Արտասահմանյան արտիստներից հայ հանդիսատեսին է ներկայացել Gradusy-ը, John Newman-ը եւ այլք։ Հանդիսատեսը շատ մեծ ջերմությամբ եւ ոգեւորությամբ է ընդունել արտիստներին։

 

 

 

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեւանի քաղաքապետարանի կողմից «Թատերական Երեւան» ծրագրի շրջանակում դեռեւս անցյալ տարի հայտարարվել էր թարգմանական մրցույթ, որը նպատակ ուներ խթանելու ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների բնագրային թարգմանությունը:

Մասնավորապես, առաջին անգամ հայերեն են թարգմանվում Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի եւ Ուաժդի Մուաուադի պիեսները:

Գրքի երեւանյան յոթերորդ փառատոնի շրջանակում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի ունեցավ օրերս տպագրված գրքերի շնորհանդեսը:

Առաջիկայում կհայտարարվի «Թատերական Երեւան 2024» մրցույթը, որին դիմելով՝ ՀՀ-ում գործող թատրոններն ու թատերական նախաձեռնությունները, բեմադրելով վերոնշյալ դրամատուրգների ստեղծագործությունները, հնարավորություն կունենան դրամական աջակցության արժանանալու:

Նշենք նաեւ, որ գրքի երեւանյան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ հայտնի դարձան «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերի կարճ ցանկերում հայտնված գրողները եւ հաղթողները:

Փառատոնի հաղթողներն են.

«Դրամատուրգիա» անվանակարգ՝ Վահագն Դաբաղյան

«Պոեզիա» անվանակարգ՝ Ռազմիկ Գրիգորյան

«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ Մարիամ Հերգնյան

«Արձակ» անվանակարգ՝ Հրաչյա Մանուկյան

Հատուկ մրցանակ՝ Արամ Ավետիս:

 

 

 

ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ մրցափուլի՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի գերմանական մրցավարական անձնակազմը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Հարմ Օսմերսը, մրցավարի օգնականներ՝ Դոմինիկ Շալը եւ Ստեֆան Լուպը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Ֆլորիան Էքսները: VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը, VAR-ի մրցավարի օգնական՝ Յոհան Պֆայֆերը:

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 22։45-ին (Երեւանի ժամանակով) Սկոպյեի «Տոդոր Պրոյեսկի Արենայում»:

 

 

ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ավարտվել են 2024 թվականի Պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանի 3 ներկայացուցիչ է մասնակցել:

Առաջինը պայքարի է դուրս եկել աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը՝ հանդես գալով F55 սպորտային դասակարգմամբ: Պարաաթլետիկա մարզաձեւի գնդի հրում վարժությունում Ստեփանյանը 10,41 մետր արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սմբատ Կարապետյանը Փարիզի Պարալիպիկ խաղերի սայլակավազք մարզաձեւի T54 դասակարգման խմբում 14 մասնակիցների պայքարում 16:98 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Կարապետյանը Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում հանդես է եկել սայլակավազք մարզաձեւի 100մ մրցավազքում:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ, պարածանրորդ Գրետա Վարդանյանն էլ գրավել է 6-րդ հորիզոնականը՝ անձնական երեք ռեկորդ սահմանելով: Նախ նա բարձրացրել է 104 կգ, 108 կգ կշռոող ծանրաձողերը, ապա ուժերի գերլարումով հաջող է կատարել 114 կգ քաշով մոտեցումն ու զբաղեցրել 6-րդ տեղը:

Մրցելույթներից հետո Հայաստանի պարալիմպիկ հավաքականի անդամները Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների ու երկրպագուների հետ: Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀԲՄԸ Ֆրանսիայի մասնաճյուղի նախագահ Նադյա Գործունյանը, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյանը, հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսիահայեր եւ ֆրանսիացիներ։ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մրցումների ողջ ընթացքում մեր մարզիկները զգացել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ հայ համայնքի աջակցությունը, ինչը քաջալերել է նրանց գերազանցել երբեւէ գրանցած արդյունքները եւ նոր հաջողություններ արձանագրել։




Լրահոս