Ձեռքսեղմում, փոխադարձ մեղադրանքներ. կայացել է Թրամփ-Հարիս բանավեճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատական թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը բավական բուռն բանավեճ են անցկացրել ընտրություններից ութ շաբաթ առաջ:

1 ժամ 45 րոպե տևած բանավեճը սկսվել է անակնկալ ձեռքսեղմումով, երբ ԱՄՆ փոխնախագահը մոտեցել է նախկին նախագահին, որի հետ երբեք չէր հանդիպել, և ձեռքը պարզելով՝ ներկայացել. «Քամալա Հարիս»։

Բանավեճն անցել է բավական բուռն մթնոլորտում, Թրամփը և Հարիսը տարբեր մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին։

Հարիսը պնդել է, որ Թրամփի քարոզարշավների ընթացքում  մարդիկ սկսում են հեռանալ, քանի որ «հոգնում են» և «ձանձրանում»։ Թրամփը հակադարձել է՝ նշելով, որ իր քարոզաշավները «ամենաբազմամարդն են և ամենաանհավանականը» քաղաքականության պատմության մեջ։

Բանավեճի ընթացքում 78-ամյա Թրամփը և 59-ամյա Հարիսը տարբեր տեսակետներ են հայտնել տնտեսության, հղիության վաղաժամ ընդհատման, ներգաղթի, առողջապահության և արտաքին քաղաքականության շուրջ։ Ռուս-ուկրաինական հակամարատության մասին խոսելիս Թրամփը, չնայած ABC News-ի մոդերատորի հարցին, հրաժարվել է նշել, որ ցանկանում է տեսնել Ուկրաինայի հաղթանակը։ Նա ասել է, որ ցանկանում է, որ այդ հակամարտությունն ավարտվի հնարավորինս շուտ։ Հարիսն արձագանքել է՝ նշելով, որ Թրամփը ցանկանում է Ուկրաինայի արագ կապիտուլյացիան։

«Եթե Դոնալդ Թրամփը լիներ նախագահ, (ՌԴ նախագահ) Պուտինն այժմ Կիևում նստած կլիներ», – ասել է Հարիսը։

2021 թ. հունվարի 6-ի Կապիտոլիումի գրավման մասին հարցին Թրամփը պատասխանել է, որ դրա հետ «ոչ մի առնչություն չունի, իրեն միայն խնդրել են ելույթ ունենալ»։ Թրամփը նորից կրկնել է, որ ինքն է հաղթել 2020 թ. նախագահական ընտրություններում, ինչին Քամալա Հարիսն արձագանքել է՝ նշելով, որ «Դոնալդ Թրամփին աշխատանքից ազատել է 81 միլիոն մարդ…. բայց նա, անկնհայտորեն, շատ դժվարությամբ է դա մարսում»։

Թրամփը շատ մռայլ գույներով է ներկայացրել ԱՄՆ-ի ներկայիս վիճակը՝ նշելով, որ միգրանտներն «ուտում են ընտանի կենդանիներին», և ԱՄՆ-ն բնութագրելով որպես ձախողվող պետություն։ Իսկ Հարիսն իր փակման խոսքում ասել է, որ կենտրոնացած է ապագայի վրա։

Քարոզարշավից հետո երկու թեկնածուներն էլ գոհ են եղել իրենց ելույթից։ Թրամփը հայտնել է, որ սա երբևէ իր անցկացրած լավագույն բանավեճն էր, իսկ Հարիսի թիմն ասել է, որ ցանկանում է երկրորդ բանավեճ անցկացնել։




Լրահոս