«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ գործարկվել է բարեգործական նոր հարթակ՝ Barerar.am կայքը և հավելվածը, որի նպատակն է հնարավորություն ստեղծել առանց միջնորդի օգնելու կարիքավոր ընտանիքներին:
Հարթակում ներկայացվում են երեխա ունեցող նպաստառու (սոցիալապես անապահով), ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող ընտանիքներ: Բարերարից օգնությունը ընտանիքներին հասնում է անմիջականորեն՝ առանց որևէ ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջնորդության:
Ընտանիքներին օգնելու համար յուրաքանչյուր անձ կարող է կատարել գումարի փոխանցում ընտանիքի ծնողի հաշվեհամարին կամ IDram, TelCell վճարային համակարգերի միջոցով: Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան ընտանիքի հետ ծանոթանալ, կարող են զանգահարել հարթակում ներկայացված հեռախոսահամարով, կատարել տեսազանգ, կամ անմիջապես այցելել ընտանիքին՝ հարթակում նշված հասցեով:
«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը առաջինն է օգնություն ցուցաբերում՝ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելով 500 000 դրամ:
Այս հարթակը, բացի կարիքավոր ընտանիքներին օգնելուց, հնարավորություն է տալիս բացահայտելու մեզանից յուրաքանչյուրին: Սա փորձություն է բոլորիս համար՝ հասկանալու, թե որքան ենք մենք գթասիրտ, հոգատար, կարեկից և ուշադիր մեր կողքն ապրող և մեր օգնության կարիքն ունեցող ընտանիքների հանդեպ: Այսպես, շաբաթը 1 անգամ յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի փոխանցելով առնվազն 1000-ական դրամ՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել բարեգործության և օգնել ընտանիքներին դուրս գալ ծայրահեղ ծանր պայմաններից և նոր կյանք սկսելու հնարավորություն տալ այն երեխաներին, ովքեր, անկախ իրենց կամքից, դարձել են այդ դառը ճակատագրի կրողը:
Barerar.am կայքը և հավելվածը չեն հետապնդում որևէ ֆինանսական շահ և չեն գանձում միջնորդավճար: Փոխանցած գումարն ամբողջությամբ հասնում է կարիքավոր ընտանիքին: