ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 18 մլն տարեկան եկամուտ, 34 հազար դոլար կանխիկ դրամ․ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի հունվարի 9-ին։

Արփինե Սարգսյանը մինչ ՆԳՆ գալը, 2015 թվականից սկսած աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում սկզբում որպես ՀՀ ԱՆ աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ, իսկ վերջին տարիներին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

Համաձայն Սարգսյանի՝ 2024 թվականին ներկայացված 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի՝ այս տարիների ընթացքում փոխնախարար որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2014 թվականին ձեռք բերված 2007 թվականի Toyota մակնիշի մեքենա։

Փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 16 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 2,6 մլն դրամ և 1 հազար 200 դոլար։

Արփինե Սարգսյանը հայտարարագրել է 500 եվրո, 1,5 մլն դրամ և 34 հազար դոլար կանխիկ դրամական միջոց։

Փոխնախարարի հաշվետու տարվա եկամուտները 2023 թվականին կազմել են 18 մլն 651 հազար դրամ։

Սարգսյանի պաշտոնը ստանձնելուց օրեր անց «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ ՆԳՆ նախարարի տեղակալի հայրը 455 հազար դոլար հափշտակելու մեղադրանքով կալանավորված է եղել։

Դեռ 2014 թվականին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՊՆ նախկին մատակարար Աշոտ Սարգսյանը, որը հայտնի է նաեւ որպես վեդեցի Տոզդոյի Աշոտ, ՊՆ-ին ապահովել է վիդեոկոնֆերանս սրահների տեխնիկայով: Մատակարարելուց հետո պարզվել էր, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից շատ բարձր գնով:

Նրա գլխավորած «ԱՍ-Թեչ անվտանգության համակարգեր» ընկերությունը գործում էր 2005 թվականից եւ հիմնականում ծառայություններ էր մատուցել պետական եւ հանրային կառույցներին` նրանց շենքերը կահավորելով համապատասխան սարքավորումներով: Այս ընկերությունը տեխնիկայով է ապահովել մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության, դատարանների շենքերը: Ըստ այդ ժամանակ առկա տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը վիդեոկոնֆերանսների սրահի սպասարկման համար հափշտակել էր շուրջ 455 հազար ԱՄՆ դոլար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս