ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ նախկին տնօրենի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի գաղտնալսումից 6 տարի անց․ ովքեր էին պատվիրատուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6 տարի առաջ այս օրը գաղտնալսվեցին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, իսկ ավելի ուշ հրապարակվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնալսումը: Աղմկահարույց բացահայտումից 6 տարի անց այդպես էլ հանրությանն անհայտ մնաց, թե ով կամ ովքեր ձայնագրեցին ու հրապարակեցին աղմկահարույց հեռախոսազրույցը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ձայնագրությունը կատարել էր օտարերկրյա հատուկ ծառայությունը, թե որ երկրի՝ վերջինս չէր մանրամասնել, «Մարտի 1»-ի գործը քննող կառուցների ղեկավարները խոսում էին այդ ժամանակ առանցքային մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու անհրաժեշտության մասին։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում վերսկսվել է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը: Բանն այն է, որ նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է:

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որեւէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում եւ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլեւս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու գցում տարիներով իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն:

Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում էր հայտնվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, որը հետագայում կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու եւ համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր: Այժմ գործի քննությունը շարունակվում է, ու 6 տարի անց մի շարք հարցեր չեն ստացել կոնկրետ պատասխաններ։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս