Քաղաքացին երկու տարի շարունակ ծանուցում չի ստացել. ԴԱՀԿ-ն անակնկալ կալանք է դրել աշխատավարձի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թոշակառու 65-ամյա Աշոտ Դարբինյանն ArmLur.am-ի խմբագրություն ահազանգում է, որ 2022 թվականին Վաղարշյան փողոցում վթար է տեղի ունեցել՝ Opel մակնիշի և իր վարած՝ Երևանի Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ին պատկանող բեռնատարերից մեկի միջև:

««ԱՊՊԱ»-ն եկել է, գրանցել է, դակումենտները տվել են, ես ստորագրեցի, որ մեղավոր չեմ ու գնացինք»,- պատմում է նա:

Նրա խոսքով՝ երբ գնացել է աշխատավարձ ստանալու, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արդեն կալանք է դրել գումարի վրա: Նրանից պահանջել են 200.000 դրամ:

Երբ Աշոտ Դարբինյանը դիմել է «Նաիրի Ինշուրնս» ԱՍՊ-ին, հասկանալու՝ թե ի՞նչն է կալանքի պատճառը, աշխատակիցը ասել է, որ նա պետք է հատուցի գումարը:

Պարզվում է, որ այդ ընթացքում եղել է դատավարություն և մեղավոր են ճանաչվել երկու կողմերն էլ, որի մասին չի տեղեկացվել Աշոտ Դարբինյանը:

«2022 թվականից մեղավոր չեմ, նոր դարձա՞ մեղավոր: Թղթերում գրել են, որ պետական մեքենան ապահովագրված չի, ես վարորդական իրավունք չունեմ՝ դրանք սաղ սուտ ա: Ես քաղաքապետարանից աշխատավարձ եմ ստանում, ո՞նց կլինի վկայական չունենամ»:

«Նաիրի Ինշուրնս» ԱՍՊ ընկերությունը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Աշոտ Դարբինյանի, գումար բռնագանձելու պահանջի մասին:

ArmLur.am-ը կապ հաստատեց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանի հետ՝ գործի մասին մանրամասներ իմանալու նպատակով, վերջինս ասաց, որ իրենց մոտ վարույթը նոր է հարուցվել՝ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին և պահանջատերը «Նաիրի Ինշուրնս»-ն է:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս