Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր հանձնակատար Միգել Անխել Մորատինոսին։

Հանդիպմանը Նորին Սրբությունը ՄԱԿ-ի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի կողմից զավթված սահմանամերձ տարածքների, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության, Բաքվում տակավին պահվող գերիների և Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրներին։

Վերջիններիս պատշաճ և արդարացի հանգուցալուծման հարցում Հայոց Հայրապետը կարևորել է միջազգային հանրության, բարեկամ երկրների գործուն աջակցությունը։ Նորին Սրբությունն իր գոհունակությունն է արտահայտել ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի կողմից մարդու իրավունքների պաշտպանության և հոգևոր-մշակութային արժեքների պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի առիթով։

Իր հերթին տիար Միգել Մորատինոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ոլորտները՝ պատրաստակամություն հայտնելով իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակներում շարունակել նպաստել բարձրաձայնված հիմնախնդիրների կարգավորմանը։

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեխնամ առաքելությանը, առկա ծանր իրավիճակում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև արցախցիների ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով գործակցությանը Քույր Եկեղեցիների և միջազգային ու միջեկեղեցական պատկան կառույցների հետ։

Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդրում կարևորվել է նաև իրավիճակի գնահատման նպատակով անկախ փորձագետների առաքելության կազմակերպումը, ինչպես և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը։




Լրահոս