Ինչ է հայտնի Հրազդան ՋԷԿ-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի պատճառների վերաբերյալ․ ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում պայթուն է տեղի ունեցել և կան տուժածներ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում նախնական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 16:45-ի սահմաններում, «Հրազդան ՋԷԿ»-ի հարակից տարածքի մետաղաձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով 6 անձ, ովքեր տվյալ օբյեկտը շահագործող ընկերության աշխատակիցներ են, տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հիշյալ անձանցից մեկը՝ Հրազդան քաղաքի 46–ամյա բնակիչը, գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է: Այս ամսին հաղորդում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։

Վերոնշյալ 6 անձինք ճանաչվել են տուժող։ Տուժողներից երկուսը հարցաքննվել են, իսկ մյուս երեք անձանց հետ անհրաժեշտ քննչական գործողություն հնարավոր չի եղել կատարել՝ առողջական վիճակի պատճառով։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ, դատապայթունատեխնոլոգիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պայթյունի պատճառները, տվյալ օբյեկտում անվտանգության ապահովման սահմանված պահանջների պահպանվածության վիճակը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16։49-ին Կոտայքի մարզում «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի էր ունեցել պայթյուն:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ պայթել էր օդի մեծ տարան, որը վերանորոգումից հետո ցանկացել են փորձարկել։ Դրա հետևանքով վիրավորում է ստացել 1 տասնյակից ավելի մարդ։

Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ նախնական տվյալներով վեց տուժած հոսպիտալացվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ.-ն (ծնված 1978թ. ) մահացել է:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Հրազդան բժշկական կենտրոնից դեռ դուրս գրվածներ չկան։

ArmLur.am-ին ՀՀ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Հրազդան» ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։




Լրահոս